Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ

2012-ին Ցուկերբերգը ձեռք բերեց Ինստագրամը 1 միլիարդ դոլարով: Այսօր՝ 2023-ին, Ինստագրամի արժեքը գերազանցում է 100 միլիարդ դոլարը: Հեռատես քա՞յլ, թե՞ ուղղակի բախտի քմահաճույք:

«Հարցն այն չէ, թե մարդկանց մասին ինչ տվյալներ ենք հավաքում մենք: Հարցն այն է, թե ինչ են մարդիկ պատմում իրենց մասին»: Ասում է Ցուկերբերգն ու նոր պրոդուկտով՝ Threads-ով, ապահովում տվյալների պաշտպանության 0-ական մակարդակ:

Վստահե՞լ, թե՞ չվստահել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին: Արդյո՞ք նրա՝ այլ բիզնեսները կրկնօրինակելու, կամ էլ, ձեռք բերելու մոլուցքը արդարացված է: Հարցերը չափազանց շատ են, Ցուկերբերգն էլ օրեցօր է՛լ ավելի հետաքրքիր ու անհասկանալի:

Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ, եկե՛ք պարզենք այս հոդվածում:

Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ

Ցուկերբերգի մասին

Սկսենք ամենահեշտից. ի վերջո ո՞վ է Ցուկերբերգը: 3 փաստ նրա մասին:

  1. Մարկ Ցուկերբերգը Facebook-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որ միլիարդատեր է դարձել ընդամենը 23 տարեկանում:
  2. Facebook-ի ստեղծումը սկսել է որպես Հարվարդի համալսարանական նախագիծ: Սկզբում մշակվել է որպես սոցիալական ցանց բացառապես Հարվարդի ուսանողների համար, ապա ընդլայնվել Ivy լիգայի այլ համալսարաններով և հետո հասանելի դարձել ողջ աշխարհի համար:
  3. Մարկն ու իր կինը՝ Պրիսցիլլա Չանը, տարիներ շարունակ զբաղվում են բարեգործությամբ և ունեն իրենց The Chan Zuckerberg Initiative բարեգործական կազմակերպությունը:
- Advertisement -

Փաստերը շատ են, բայց Վիքիպեդիան Ձեզ այդ հարցում, իհարկե, կօգնի, այնպես որ անցնենք առաջ:

«Գնումների անդորրագիր»

Ցուկերբերգի սուպերուժը պրոդուկտների ստեղծումն ու …, երբեմն էլ, նույնիսկ շատ հաճախ դրանց ձեռքբերումն է: Վերևում նշված Ինստագրամի օրինակն էլ վկա:

Ֆեյսբուքի աշխատողների համար ժամանակին ստեղծված «Փոքրիկ կարմիր գրքում» Մարկը շատ հետաքրքիր տողեր ունի. «Եթե մենք չսպանենք Ֆեյսբուքին, դա մեր փոխարեն կանեն ուրիշները: Համացանցը բացարձակապես ընկերական վայր չէ: Իրերը, որոնք արդիական չեն լինում, նույնիսկ ավերակներ թողնելու շքեղություն իրենց չեն կարող թույլ տալ: Նրանք պարզապես անհետանում են»:

Ստեղծել կամ էլ գնել անընդհատ թարմացվող պրոդուկտներ, փոփոխել ու փոփոխվել, զարգանալ ու ոչ մի րոպե նույն տեղում չմնալ: Այսպիսին է Ցուկերբերգի տեսլականը: Եվ այո, եթե անհրաժեշտ լինի, երբեմն էլ «սպանել», նույնիսկ եթե կոդ գրելու կամ նոր գործառույթներ գողանալու տեսքով:

Թե որ կազմակերպություններին է «սպանել» Ցուկերբերգը՝ դրանք ձեռք բերելով կամ, ինչպես մասնագիտական սլենգում են նշում, «կուլ տվել», կարող եք ծանոթանալ այս հղումով՝ սկսած սիրելի Ինստագրամից մինչև WhatsApp ու OculusVR: Այո, 100 ընկերություն:

Իհարկե, միշտ չէ, որ նրա փորձերը հաջողությամբ են պսակվել: Ամենահետաքրքիր ձախողումներից մեկը Snapchat-ը ձեռք բերելու փորձն էր: 2013-ին Ցուկերբերգը 3 միլիարդ դոլար էր առաջարկում հավելվածը ձեռք բերելու համար: Սակայն այդ ժամանակ նա մերժում էր ստացել: Եվս 3 տարի անց նոր փորձը կրկին բացասական արդյունք էր ունեցել, չնայած խաղադրույքները հասել էին 30 միլիարդի: Արդյո՞ք Էվան Շփիգելը՝ Snapchat-ի հիմնադիրն էր բավարար չափով հեռատես, որ հավատում էր իր հարթակի հետագա զարգացմանը, թե՞ Ցուկերբերգը բավականաչափ համառ չեղավ, դժվար է ասել: Բայց Մարկի մեկնաբանություններից մեկն այս առումով բավականին հետաքրքիր է. «Եթե մարդիկ ցանկանում են միանալ Ձեզ, օգնե՛ք նրանց զգալ ողջ ցավը, որի միջով նրանք անցնելու են: Դա շատ գնահատելի մարտավարություն է»: Snapchat-ը ձեռք բերելու փորձերի ընթացքում նա անընդհատ փորձում էր ցույց տալ այն ցավը, որին կհանդիպեին Շփիգելն ու իր թիմը Ֆեյսբուքի դեմ պայքարելիս, սակայն, ստացվում է, ապարդյուն:

Ցուկերբերգի «գնումների անդորրագիրը», թվում է, անվերջ է: Բայց դա էլ նրան բավարար չէ:

«Լավ նկարիչները պատճենում են, մեծ նկարիչները՝ գողանում» կամ «Կրկնությունը գիտության մայրն է»

Վերջերս 2 իրար հակասող կարծիք կարդացի Ցուկերբերգի կրկնօրինակելու տաղանդի մասին: Ոմանք ասում են, որ պետք է հանճարեղ լինես ճիշտ տեղում ու ճիշտ պահին կրկնօրինակում կատարելու կամ որ նույնն է՝ մրցակիցների ինչ-որ գործառույթներ գողանալու համար, մյուսներն էլ, ընդհակառակը, պարսավում են դա: Որոշները դա կոչում են հաջողություն, մյուսներն էլ՝ ձախողում:

Ինքը՝ Ցուկերբերգը, դա շատ պարզ է բնորոշում. «Մենք, անկասկած, ադապտացրել ենք այն գործառույթները, որոնք ստեղծել են ուրիշները…»:

Ի՞նչ է կրկնօրինակել Ցուկերբերգը, սկսեցինք.

  1. Սկսենք Snapchat-ի դրամայից. չստացվեց ձեռք բերել հարթակը, ստացվեց կրկնօրինակել գլխավոր երկու գործառույթները՝ սթորիները, որոնք 2016-ին ներդրվեցին սկզբում Ինստագրամում, ապա և Ֆեյսբուքում ու WhatsApp-ում, հետո էլ ֆիլտրերն ու AR էֆեկտները:
  2. Periscope-ի ազդեցության Ֆեյսբուքում ներկայացվեց «Ուղիղ եթերների» գործառույթը:
  3. TikTok-ի բումից անմասն չէր մնա նաև Ցուկերբերգը. Ինստագրամում ու Ֆեյսբուքում կարճ հոլովակների՝ Reel-երի ձևաչափն էլ դրա ապացույցն է:
Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ

Թվում է՝ այս օրինակները հաջողված էին, սակայն հակառակ կողմին ևս անցնենք:

  1. Նախորդ տարի Ֆեյսբուքը փակեց Bulletin-ը՝ Substack-ի նմանակը, որը ստեղծված էր բաժանորդագրության նամակներ ուղարկելու համար:
  2. Երբ Clubhouse-ը ցնցել էր համացանցն ու թվում էր՝ դառնալու է բոլորիս կյանքի անբաժան մասը, Ցուկերբերգը, պարզվում է, ևս աչք էր դրել աուդիոկոնտենտի կիրառմանը: Բայց թողարկումից գրեթե մեկ տարի անց թիմի փոդքասթ հարթակը՝ Soundbites-ը, և Audio hub-ը դադարեցին գոյություն ունենալ:
  3. Եվ վերջապես Shops-ը: Ցուկերբերգի ցանկություններից մեկ ուրիշն էլ Ջեֆ Բեզոսի հետ «պայքարի մեջ» մտնելն էր: Եվ Amazon-ի հետ մրցակցելու լավագույն տարբերակներից մեկն էլ, ըստ Մարկի, ստացվեց Facebook-ի ու Ինստագրամի Shops բաժինը: Սակայն նախորդ տարվա սեպտեմբերին Ցուկերբերգի ճանապարհորդությունը էլեկտրոնային առևտրում ձախողվեց:

Ցուկերբերգի «copy-paste»-ի ուղուն անդրադառնալիս ակամա հիշեցի Մաքիավելիի «Նպատակը արդարացնում է միջոցները» արտահայտությունը: Եվ եթե միջոցները պարզ են, ապա ո՞րն է գլխավոր նպատակը:

Նպատակը արդարացնու՞մ է միջոցները. Ցուկերբերգի առաջնորդության ոճը

Գնալ և հասնել Մաքիավելիին՝ իր իշխանության վերաբերյալ աշխատություններով, նշանակում է վերհիշել նաև այն, թե ինչպիսին են լինում ղեկավարները:

Իսկ Մարկ Ցուկերբերգի աշխատելաոճն ու հատկապես առաջնորդության ոճը թե՛ սեփական ընկերությունում, թե՛ այլ ընկերությունների հետ գործառնություններում, թույլ են տալիս ուսումնասիրությունը տեղափոխել այլ հարթություն:

Սկսենք նրանից, որ բոլոր հոդվածները, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են Ցուկերբերգի առաջնորդության ոճին, խոսում են նրա բազմակողմանի լինելու մասին. նա ժողովրդավար է, փոփոխվում է ըստ իրավիճակների ու ժամանակի թելադրանքի, հեռատես է և օգնում է իր թիմակիցներին:

Բայց եկեք առանձնացնենք մի քանի հիմնական կետ, որոնք լավագույնս կբնորոշեն Ցուկերբերգին՝ որպես ղեկավարի:

  1. Ունենալ տեսլական կազմակերպության ապագայի մասին

Եթե վերադառնանք 2004 թվական, երբ Ցուկերբերգը պարզապես ուսանող էր, որ կոդ էր գրում, հստակ կտեսնենք իր տեսլականը, որը գնալով է՛լ ավելի մեծ թափ էր հավաքում՝ պրոդուկտի զարգացման հետ միասին: Լինել ընկերներ ոչ միայն իրական կյանքում, այլ նաև օնլայն տիրույթում, կիսվել հետաքրքրություններով և այլն: Ընդհանրապես իր գաղափարի շուրջ համայնք ստեղծելը տեսլականի մի ամբողջ հիմք է, որն ուներ Ցուկերբերգը դեռ շա՜տ տարիներ առաջ: Իսկ իր ունակությունների համադրումը այդ տեսլականի հետ կարողացան ստեղծել իսկապես հեղափոխող պրոդուկտ:

Այսօր էլ նրա տեսլականը հասնում է համացանցի ակունքներ. օգտագործել համացանցը և այս դեպքում իր պրոդուկտը՝ Ֆեյսբուքը, ավելի բաց ու փոխկապակացված աշխարհ ունենալու համար:

Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ
Շերիլ Սանդբերգը և Մարկ Ցուկերբերգը

2. Շրջապատել քեզ ճիշտ մարդկանցով

Երբ Ցուկերբերգը խոսում է տարբեր կազմակերպություններ ու պրոդուկտներ ձեռք բերելու մասին, անընդհատ շեշտում է, որ բոլոր այդ ձեռքբերումների հիմքում որակյալ մասնագետների հետ աշխատանքն է: Չէ՞ որ հենց տաղանդներն են ստեղծում պրոդուկտներ, որոնք փոխում են աշխարհը:

2008-ին, օրինակ, Ցուկերբերգը ընկերացավ Շերիլ Սանդբերգի հետ, ով այդ օրվանից մինչև նախորդ տարի ստանձնում էր Ֆեյսբուքի գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնը: Իհարկե, նման մարդկանց թիվը կարող է դեռ երկար շարունակվել: Իսկ Մարկն էլ, ինչպես բոլոր խելամիտ գործարարները, հասկանում է, որ կազմակերպության զարգացման հիմքը հենց մարդիկ են:

3. Ընտրել ճիշտ կազմակերպական մշակույթ

Կորպորատիվ մշակույթն այն է, ինչը կարող է պահել կազմակերպությունում բոլոր տաղանդավոր ու որակյալ մասնագետներին: Եվ կազմակերպության հիմնադրումից սկսած՝ Ցուկերբերգը անում էր հնարավորը Ֆեյսբուքի տեսլականին ու թիմի նախընտրություններին համապատասխան կորպորատիվ մշակույթ ձևավորելու համար՝ սկզբում շաբաթական «հարցուպատասխան» ձևաչափ ունենալով աշխատակիցների հետ, ապա և դա փորձելով պահել համապատասխան մասնագետների օգնությամբ:

Տվյալների պաշտպանությունը՝ որպես Ցուկերբերգի թույլ տեղ

Մի քանի օր առաջ Ցուկերբերգը ներկայացրեց իր նոր նախագիծը՝ «Թվիթերասպան» Threads-ը, որը հասցրեց 5 օրում ունենալ ավելի քան 100 միլիոն օգտատեր: Թողարկման առաջին իսկ օրվանից հավելվածը հասանելի էր ավելի քան 100 երկրներում, բայց ոչ Եվրամիության երկրներում, որտեղ Meta-ն տվյալների պաշտպանության հետ կապված իրական խնդիրների էր հանդիպել:

Մայիսին ԵՄ-ն Meta-ն $1,3 մլրդի տուգանք էր վճարել օգտատերերի տվյալները ԱՄՆ-ին փոխանցելու համար: Տուգանքը խոշորագույնն էր, որ կազմակերպությունը երբևէ վճարել էր GDPR-ը խախտելու համար (General Data Protection Regulation):

Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ
The Wall Street Journal, “When Mark Zuckerberg Said Privacy, He Didn’t Mean Privacy From Facebook

Մասնագետները մի քանի խնդիր են առանձնացնում՝ Threads-ի հետ կապված.

  1. Տվյալներ, որոնք կապված են Ձեր անձի հետ՝ սեռական կողմնորոշում, ռասա, քաղաքական և կրոնական հայացքներ ևն:
  2. Տվյալներ, որոնք կապված են Ձեր մարմնի հետ՝ տվյալներ առողջության, ֆիթնեսի և այլնի մասին:
  3. Տվյալներ, որոնք կապված են Ձեր համացանցային ակտիվության հետ՝ աղբյուրներ, որտեղից այցելել եք Threads, վեբ-կայքեր, ուր գնացել եք Threads-ից և, իհարկե, գովազդները: Այս տեղեկատվությունը կարող է հանձնվել երրորդ անձանց:
  4. Տվյալներ Ձեր գտնվելու վայրի վերաբերյալ և այն մասին, թե որ սարքավորումից եք այցելել:

Այս մասին հիմնականում խոսում են «եթե»-ներով, բայց, անկեղծ լինենք, մենք բոլոր այդ տվյալները ոչ միայն Threads-ին ենք տալիս, այլ նաև Մարկի ու ոչ միայն շատուշատ այլ պրոդուկտների ևս:

Տարիներ շարունակ միլիարդատիրոջ թիմը տվյալների պաշտպանության և անվտանգության հետ կապված զանազան խնդիրների է հանդիպում: 2018-ին պարզվեց, որ Ֆեյսբուքի միլիոնավոր օգտատերերի տվյալներ առանց իրենց համաձայնության հավաքվել և փոխանցվել են Cambridge Analytica քաղաքական խորհրդատվական ընկերությանը: Իրադարձությանը հաջորդել էր Ցուկերբերգի հրապարային ներողությունը: Բայց ներողություններն ու նման դեպքերը կրկնվում են տարիներ շարունակ: Իսկ Ցուկերբերգի «Մենք պատասխանատվություն ունենք՝ պաշտպանելու Ձեր տվյալները, և եթե չկարողանանք, ուրեմն մենք արժանի չենք ծառայելու Ձեզ» տողերը քիչ-քիչ կորցնում են իրենց թվացյալ արժեքը:

Meta-տիեզերքը և արհեստական բանականությունը՝ որպես զարգացման արդի ուղղություն

Ցուկերբերգի երբեք չդադարող հետաքրքրասիրությունն ու նոր ոլորտները փորձելու ունակությունը 2021-ին հասցրին Ֆեյսբուքի ռեբրենդինգին՝ Meta-ին: Ֆեյսբուքի տեսլականն էլ փոխեց իր ուղղությունը դեպի մետատիեզերք, Ցուկերբերգն էլ հավատացած էր, որ մետատիեզերքը ավելին է, քան համացանցը: AR և VR տեխնոլոգիաներում ներդրումներն էլ դրա ապացույցն էին:

Գուգլի չաթբոտին՝ Bard-ին, հարցրի «Արդյո՞ք Ցուկերբերգը դադարել է կառուցել մետատիեզերք»: Ըստ Bard-ի՝ Ցուկերբերգն այնքան է տարված դրանով, որ հազիվ թե առաջիկայում հրաժարվի «կառուցապատման» աշխատանքներից:

Բայց երկու տարի է անցել և մինչ AR-VR տեխնոլոգիաների ալիքը մի փոքր հանգստացավ, առաջ եկավ «generative AI»-ի՝ համացանցը ցնցելու ժամանակը: Եվ քանի որ Meta-ն էլ այս տարի ֆինանսական մեծ խնդիրների առաջ էր և անընդհատ կրճատումներ էին տեղի ունենում թիմում, թվում է՝ AI-ի վրա կենտրոնանալը վատ լուծում չէր: Ներդրողները մեղադրում էին Meta-ին բավարար չափով արհեստական բանականության կիրառման վրա ուշադրություն չդարձնելու համար, մինչդեռ նույն Google-ն ու Microsoft-ը, «բռնելով AI-ի պոչից», կարողացել են բավականին մեծ թվով ներդրումներ ներգրավել:

Ցուկերբերգի «Meta-ի բոլոր պրոդուկտները պետք է AI ունենան» արտահայտությունն էլ դրա ապացույցն է: Ինչպիսին կլինեն զարգացումները և արդյո՞ք չի դադարի Ցուկերբերգի անվերջ հետաքրքրասիրությունը թրենդների նկատմամբ ու ոչ միայն, կպարզենք ապագայում:

Մարկ Ցուկերբեգի ելույթը Հարվարդի համալսարանում

Փորձելու, սխալվելու ու Մարկ Ցուկերբերգ լինելու մասին

Սովորաբար «Ինչպե՞ս «լեզու գտնել» …» շարքը ես գրում եմ սոցիալական մեդիայի զանազան հարթակների մասին՝ Տելեգրամի, Լինքդինի և այլն: Եվ այս անգամ էլ անդրադարձը ավելի շատ պետք է լիներ Threads-ի մասին: Բայց Ցուկերբերգի կերպարը չափազանց հետաքրքիր է նրա միայն մեկ պրոդուկտին անդրադառնալու համար: Ու, իհարկե, կարելի էր շատ ավելի երկար խոսել նրա մասին, բայց եկեք ավարտենք հակասական, բայց աշխարհի վրա չափազանց մեծ ներգործություն ունեցած ու ունեցող մարդու մասին հոդվածը իր՝ Հարվարդի համալսարանում հնչեցրած ճառի տողերով: Եվ այո, այդ տողերը Ձեզ հաստատ հանդիպել են ՏիկՏոկում կամ Ինստագրամում 😀

«Ձեռնարկատիրական մշակույթը զարգանում է այն ժամանակ, երբ կարելի է շատ նոր գաղափարներ փորձել: Facebook-ն առաջին բանը չէ, որ ես ստեղծել եմ: Ես ստեղծել եմ խաղեր, չաթեր, երաժշտության ուսուցման ծրագրեր: Ես միակը չեմ այդպիսին: Ջոան Ռոուլինգին մերժել են հրապարակել «Հարրի Փոթերը» 12 անգամ: Նույնիսկ Բեյոնսեն ստիպված է եղել տասնյակ երգեր գրել մինչ «Halo»-ն: Մեծագույն հաջողությունները գալիս են անհաջողության մատնվելու ազատության հետ միասին»:

Հետևե՛ք ամենաթարմ բիզ-թեք նորություններին՝ միանալով How2B-ի Ֆեյսբուքյան էջին և Threads-ին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։