Պասիվ եկամուտ ունենալու ամենատարածված եղանակներից մեկը հանդիսանում է օնլայն դասավանդման բիզնեսը։ Վերջին ժամանակներում առցանց դասընթացների և քոուչինգ ծառայությունների տարածված լինելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, և պատահական չէ, որ մարդիկ նախընտրում են գումար վաստակելու հենց այս տարբերակը։ Վերջին շրջանում օնլայն դասընթացների վաճառքը տարածված պրակտիկա է դարձել նաև Հայաստանում։

Էլեկտրոնային ուսուցման զարգացման դինամիկան
Ավանդական ուսուցումն աստիճանաբար իր տեղն է զիջում առցանց կամ էլեկտրոնային ուսուցմանը։ Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհի սովորողների առնվազն 49%-ն անցել է որևէ առցանց դասընթաց։ Հաշվի առնելով այս փաստը՝ 2027 թվականին էլեկտրոնային ուսուցում անցած սովորողների թիվը կկազմի ավելի քան 57 մլն։
Էլեկտրոնային ուսուցման այսքան տարածված լինելը պայմանավորված է մի շարք նախադրյալներով, այդ թվում՝
- կազմակերպությունների կողմից աշխատողների հմտությունների բարելավման համար անցկացվող առցանց դասընթացներին առաջնահերթություն տալը,
- միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատությունների կողմից առցանց ուսուցման հարթակների իմպլիմենտացումը,
- ուսուցման ավելի ճկուն համակարգի ապահովումը, և այլն։
Էլեկտրոնային ուսուցումը հատկապես ավելի տարածված դարձավ Covid-19 համաճարակի պայմաններում, երբ անցում կատարվեց դասավանդումը և ուսուցումը կազմակերպելու նոր եղանակի։ Համաճարակից հետո կրթական այս թրենդի զարգացման տեմպերը չդադարեցին, քանզի առավելություներն ակնհայտ ու գերակշռող էին։ Թե՛ ուսանողներին, և թե՛ դասավանդողներին ուսուցումը կազմակերպելու այս եղանակն ազատում էր տարածքային և ժամանակային սահմանափակումներից։

Ինչպե՞ս են պասիվ եկամուտ ստանում էլեկտրոնային ուսուցման ոլորտում
Ավելի քան 200.000 օնլայն դասընթացներ ստեղծողներ և 109․000 հավաստագրում ստացած քոուչեր ամբողջ աշխարհից այսօր ընտրել են պասիվ և կայուն եկամուտ ապահովելու ամենատարածված ձևերից մեկը՝ սեփական գիտելիքն ու փորձը «վաճառելը»։ Նրանցից մեկը Քելլի Բելն է, ով տասնութ տարի դպրոցում դասավանդելուց հետո թողեց ուսուցչի աշխատանքը և կարողացավ վաստակել ավելի քան հինգ հարյուր հազար դոլլար իր դասընթացներից մեկի շնորհիվ։ Բացի անհատ դասընթաց ստեղծողներից և քոուչերից կրթություն ապահովելու այս ֆորմատին անցում են կատարել նաև դասավադնման կենտրոնները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն ապահովող հաստատությունները։
Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։ Որպես անհատ ձեռնարկատեր-դասընթացավար գործունեություն ծավալելու մոդելը ըստ ընդունվածի իրենից ենթադրում է կազմել դասընթացի ծրագիրը, լրացուցիչ նյութերը, ցանկության դեպքում ներառել ինտերակտիվ նյութեր, ինչպես օրինակ թեստերն ու առաջադրանքներն են, ընտրել համապատասխան ֆորմատը (օրինակ՝ նախապես ձայնագրված տեսադասեր, առցանց հանդիպումներ, և այլն)։ Այնուհետև դասակարգել, ճիշտ ներկայացնել և վաճառել դրանք կամ սեփական կայքի շնորհիվ, կամ դասավանդման հարթակի տրամադրած բազմաբնույթ գործիքների միջոցով։
Այսպես, ցանկացած ոք, ով ունի որևէ ոլորտում որոշակի փորձառություն, հնարավորություն է ստանում այն մոնետիզացնել առանց բիզնես հիմնելու համար լուրջ ներդրումների և ծախսերի։ Էլեկտրոնային ուսուցման և քոուչինգի ոլորտում գիտելիքը հնարավոր է մոնետիզացնել հետևյալ հիմնական միջոցներով՝
- Առաջարկել տեսադասընթացներ: Դասընթացների ներկա գտնվելու փոխարեն մարդկանց 63%-ը նախընտրում է նոր հմտություններ ձեռք բերել և գիտելիք ստանալ հենց տեսադասընթացների միջոցով։ Այս տարբերակի շնորհիվ հաջողվում է խնայել ժամանակ և համատեղել ուսումը աշխատանքային այլ գործունեության հետ։ Դասընթացներ վաճառելու մյուս տարածված ֆորմատը առցանց դասեր անցկացնելն է, որի դեպքում դասը նախապես ձայնագրել անհրաժեշտ չէ։
- Վաճառել ներբեռնվող պրոդուկտներ: Ուսումնական պրոդուկտները, այդ թվում էլեկտրոնային գրքերը, ուղեցույցները, ձեռնարկները, հետազոտությունները, ձևաթղթերը և այլն, տեսադասընթացներից հետո երկրորդ ամենաշատ վաճառվող պրոդուկտներ են։ Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են էլեկտրոնային ուսուցման ոլորտի ներկայացուցիչները բազմապատկել եկամուտը և հասցրել մինչև 800․000 դոլլարի՝ վաճառելով միայն ուսումնական պրոդուկտներ։
- Վարել կրթական բլոգ և պարբերաբար տեղադրել նյութեր։ Այս ոլորտում խորհուրդներով և նորություններով կիսվելու լավագույն աղբյուրը հանդիսանում է կրթական բլոգը։ Բացի այդ, բլոգն օգնում է հավաքել անհրաժեշտ լսարան, շահել վերջիններիս վստահությունն ու նպաստել վաճառքին։
- Վարել վեբինարներ։ Վեբինարները ևս մեկ միջոց են դասընթացի հեղինակների համար ներկայացնել իրենց դասընթացները, հաղորդկակցվել սովորողների հետ։ Դրանք մեծամասամբ կազմում եմ դասընթացների մարքեթինգային արշավների հիմնական բաղադրիչներից մեկը։ Բացի դասընթացի մասը կազմելուց, վճարովի վեբինարները հանդիսանում են պասիվ եկամուտ ստեղծելու ևս մեկ միջոց։
- Առաջարկել փաթեթներ՝ վաճառելով միանգամից մի քանի ուսումնական նյութ։ Ինչպես բիզնեսի այլ ոլորտներում, էլեկտրոնային ուսուցման ոլորտում փաթեթները նույնպես կիրառելի են և կարող են ներառել վերը նշված բոլոր բաղադրիչները մեկ առաջարկի մեջ։

Ի՞նչն է դասընթացների վաճառքը դարձնում հրաշալի բիզնես գաղափար
Բացի պասիվ եկամտի աղբյուր հանդիսանալուց, առցանց դասընթացներ, խորհրդատվական և քոուչինգ ծառայություններ վաճառելը իր հետ բերում է այլ առավելություններ ևս։
- Ստեղծելով դասընթաց, խորհրդատվական կամ քոուչինգ ծրագիր մեկ անգամ՝ հնարավոր կլինի դրանք վաճառել տարիներ շարունակ։ Ի տարբերություն որևէ պրոդուկտ վաճառելու վրա հիմնված բիզնեսների, որտեղ պրոդուկտը քանակապես հաշվելի է և սահմանափակ, դասընթացի և խորհրդատվական ծառայությունների փաթեթը երբեք չի կարող սպառվել։ Անհրաժեշտ է միայն ստեղծել դասընթացը, տեղադրել կայքում և վաճառել օնլայն դասավանդման հարթակի միջոցով։
- Ընդհանուր առմամբ, այլ բիզնեսների և օնլայն բիզնեսների հետ համեմատելիս նկատելի է, որ դասընթացների և քոուչինգ ծառայությունների վաճառքը պահանջում է նվազագույն ներդրումներ՝ նվազեցնելով բիզնեսի ռիսկայնությունը։
- Եթե այս ոլորտը համեմատենք էլեկտրոնային առևտրի ոլորտի հետ, ապա շահութաբերությունը կրկնակի բարձր է։ Շուկայական մրցակցությունը բոլորովին չի ազդում կոնկրետ դասընթացի գնի փոփոխման վրա, դասընթացը կամ քոուչինգ ծառայությունը երբեք չի կարող լինել թանկ, քանի որ դասընթացը գնահատողն ու գին սահմանողը հենց դասընթացի հեղինակն է։
Հոդվածը հրապարակվել է How2B-ի և Uteach-ի համագործակցության արդյունքում։
Կարդացե՛ք նաև․
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: