2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել մի շարք հարկային փոփոխություններ, որոնք ուղղված են բիզնեսների գործունեության կարգավորմանը և հարկային համակարգի բարելավմանը: Այս փոփոխությունները անդրադառնում են հատկապես միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի վճարողների վրա: Ստորև կներկայացնենք այս փոփոխությունների հիմնական մանրամասները, որպեսզի բիզնեսները կարողանան նախապատրաստվել և համապատասխանեցնել իրենց գործունեությունը:
Միկրոձեռնարկատիրության դաշտից դուրս եկող ոլորտները
Նոր հարկային կարգավորումներով, որոշ բիզնես ոլորտներ այլևս չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Նման ոլորտներն են՝
- Վարսավիրական և մաշկի խնամքի ծառայություններ;
- Առևտրական (առք ու վաճառք) գործունեություն, անկախ գտնվելու վայրից;
- Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններ;
- Միջնորդական ծառայություններ (այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառք և վարձակալություն);
- Սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն;
- Ծրագրային ապահովման մշակում և տեղեկատվության հավաքում ու մշակման ծառայություններ;
- Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում;
- Շինարարական աշխատանքներ;
- Անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն:
Այս ոլորտներում գործող բիզնեսները պետք է անցնեն շրջանառության հարկի կամ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգի ու սկսեն վճարել հարկեր, մինչդեռ նախկինում այս ոլորտներում միկրոձեռնարկատիրության կարգավիճակով գործողները գրեթե հարկ չէին վճարում:
Բացի այդ, այն ԱՁ-ները, որոնք դուրս կգան միկրոձեռնարկատիրության դաշտից, պետք է սկսեն վճարել նաև ամսական 5000-ական դրամ շահութահարկ և սոցիալական վճար, ընդհանուր՝ 10,000 դրամ:
Շրջանառության հարկի փոփոխությունները
Շրջանառության հարկի դաշտում նույնպես կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք անդրադառնում են հարկման կարգերին և դրույքաչափերին, ինչպես նաև գործունեության փաստաթղթավորմանը:
Ներկայացնում ենք շրջանառության հարկի դրույքաչափերը՝ նախկինում, և 2025թ. հունվարի 1-ից:
Նախկինում | 2025թ. Հունվարի 1-ից | ||||||
Եկամտի աղբյուր | Դրույքաչափ | Նվազեցման դրույքաչափ | Նվազագույն դրույքաչափ | Դրույքաչափ | Նվազեցման դրույքաչափ | Նվազագույն դրույքաչափ | |
Առևտրային գործունեություն | 5% | 4% | 1,5% | 10% | 9.5% | 1% | |
Արտադրական գործունեություն | 3,5% | — | — | 7% | 5% | 3% | |
Հանրային սնունդ | 6% | 3% | 4% | 12% | 9% | 3,5% | |
Այլ գործունեություն, ծառայություններ | 5% | — | — | 10% | 6% | 4,5% | |
Վարձակալություն, տոկոս, ռոյալթի | 10% | — | — | 10% | — | — | |
Այլ ակտիվների, այդ թվում անշարժ գույքի օտարում | 10% | — | — | 10% | — | — | |
Խմբագրություններ | x | — | — | 1,5% | — | — | |
Հանրային սննդի ընկերության կողմից այլ գործունեություն | 20% | — | — | 20% | — | — | |
ՏՏ | 5% | — | — | 1% | — | — | |
Երկրորդային հումքի առք ու վաճառք | 1,5% | — | — | 5% | — | — |
Այս աղյուսակը ավելի ճիշտ կարդալու համար պետք է ծանոթանալ շրջանառության հարկի հաշվարկման եղանակներին, որոնք երկուսն են:
Շրջանառության հարկի հաշվարկի եղանակները
Ընդհանրապես, շրջանառության հարկի հաշվարկը կատարվում է երկու եղանակով՝ պարզ դրույքաչափով և նվազեցումով: Կախված ընկերության գործունեության ոլորտից, իսկ ավելի հստակ՝ եկամտի աղբյուրից, սահմանված է հարկման կարգը և դրույքաչափերը:
- Առաջին եղանակ
- Հաշվարկվում է հարկը շրջանառության վրա կիրառվող համապատասխան դրույքաչափով՝
- Այնուհետև կատարվում է փաստաթղթավորված ծախսերի նվազեցում` կիրառվող համապատասխան դրույքաչափով, և հարկը վճարվում է այս երկուսի տարբերության չափով,
Ինչպես կարող եք նկատել աղյուսակից՝ նման կերպ հաշվարկվում են հարկերը առևտրային, արտադրական գործունեության, հանրային սննդի և այլ ծառայությունների համար:
Օրինակ
- Շրջանառությունը՝ 1,000,000 դրամ
- Դրույքաչափը՝ 7%
- Փաստաթղթավորված ծախսերը՝ 600,000 դրամ
- Նվազեցման դրույքաչափը՝ 5%
- Նվազագույն դրույքաչափը՝ 3%
Հաշվարկը կլինի՝
Շրջանառության հարկը = 1,000,000 x 7% - 600,000 x 5% = 40,000 դրամ Քանի որ ստացված գումարը կազմում է 40,000 դրամ, որը բարձր է նվազագույն դրույքաչափից (1,000,000 x 3% = 30,000), ապա վճարվող հարկը կլինի հենց 40,000 դրամ:
2. Երկրորդ եղանակ
- Հարկը հաշվարկվում է շրջանառության վրա կիրառվող դրույքաչափով՝ առանց նվազեցումների:
Այս եղանակով հաշվարկվում է շրջանառության հարկը ՏՏ, վարձակալության և մի քանի այլ գործունեությունից ստացած եկամտից:
Օրինակ
- Շրջանառությունը՝ 1,000,000 դրամ
- Դրույքաչափը՝ 1%
Հաշվարկը կլինի՝
Շրջանառության հարկը = 1,000,000 x 1% = 10,000 դրամ
Ինչպե՞ս կատարել նվազեցումներ շրջանառության հարկից
Շատ հաճախ հնչում է այսպիսի հարց՝ ինչպե՞ս ավելի քիչ հարկ վճարել: Միակ օրինական տարբերակը անհրաժեշտ նվազեցումներ կատարելն է: Վերջին փոփոխություններից հետո այս նվազեցումների կարևորությունը ավելի է մեծացել, որովհետև սահմանվել են ավելի բարձր դրույքաչափեր՝ թե՛ հարկման, թե՛ նվազեցումների համար:
Վատ նորությունն այն է, որ այդ նվազեցումները կատարելը հիմա լինելու է ավելի բարդ և խրթին. թղթաբանությունը շատացել է: Հարկային օրենսգիրքը այժմ պահանջում է շրջանառության հարկ վճարողներին ամբողջությամբ հաշվառել իրենց ապրանքային շարժը: Ահա մի քանի կանոն, որոնք առանցքային են.
- Եթե ապրանք եք ձեռք բերում, որի վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթ չկա, ապա առաջանում է 20% եկամտային հարկ (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և երկրորդային հումքի): Մինչև 2025թ. շրջանառության հարկ վճարողները ունեին արտոնություն, և այս հարկը չէր առաջանում, բայց 2025թ.-ից նրանք պետք է ունենան մանրամասն ապրանքային հաշվառում ու ավելի խիստ հետևեն փաստաթղթերին:
- Եթե ֆիզիկական անձից ապրանքներ կամ ծառայություններ եք ձեռք բերում և ցանկանում եք դրանք փաստաթղթավորել, ապա անհրաժեշտ է ֆիզիկական անձի հետ կնքել պայմանագիր, լուսապատճենել անձնագիրը և սոցիալական քարտը, իսկ ապրանքի վաճառքի օրը կազմակերպել էլեկտրոնային հաշվի դուրս գրման գործընթացը: Այս դեպքում հարկը կլինի 10%, ոչ թե 20%, և այդ ձեռքբերումը կհամարվի որպես հիմնավոր ծախս կազմակերպության համար:
- Նույն կերպ, եթե գյուղատնտեսական արտադրանք է ձեռք բերվում անմիջապես արտադրող ֆիզիկական անձից, ապա անհրաժեշտ կլինի նաև համայնքապետարանից համապատասխան տեղեկանք այն մասին, որ տվյալ ֆիզիկական անձը մշակել է տվյալ գյուղատնտեսական արտադրանքը:
- Շրջանառության հարկ վճարողների համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջների խախտումը (բացառությամբ հումքի, նյութերի, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և որոշ երկրորդային հումքերի) հարկային ստուգման ընթացքում կպատժվի 20% տուգանքով, որը հաշվարկվում է ձեռքբերման գնի վրա: Եթե խախտումը կրկին տեղի ունենա նույն տարվա ընթացքում, տուգանքը կկազմի 50%՝ ձեռքբերման գնի վրա:
- Շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսերն են հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման հետ անմիջապես կապված ծախսերը, այդ թվում՝ հումքի, նյութերի ծախսերը, աշխատավարձի ծախսերը՝ աշխատողների ներգրավվածության համար, առևտրական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև իրացման ծախսերը՝ փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը:
- Այս առումով նվազեցվող ծախսեր չեն համարվում արտադրական նշանակության հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության ծախսերը, ինչպես նաև այդ ակտիվների վրա կատարվող ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների հետ կապված ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն ներկայացրած անձի կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:
- Շրջանառության հարկի գումարից չնվազեցված ծախսերի մասը (այսինքն, եթե ծախսերը այնքան մեծ են եղել, որ հարկվել է նվազագույն դրույքաչափով) տեղափոխվում է հաջորդ եռամսյակ և նվազեցվում հաջորդ եռամսյակի հարկերից:
Դե ինչ, տարին կարելի էր սկսել ավելի լավ նորություններով, բայց բիզնեսի կյանքը հենց խնդիրների հաջորդական շարքն է, որոնք պետք է լուծել: Եթե դեռ հարցեր մնացին հարկերի վերաբերյալ, Team2B-ում կարող եք ստանալ անվճար մասնագիտական խորհրդատվություն, հաշվել Ձեր հարկի չափը և օգտվել ուղեցույցից, ինչպես նաև դիտել «Ֆինանսական բանականության» այս էպիզոդը, որտեղ մանրամասն պատմում ենք ամեն ինչ.
Կարդացե՛ք նաև՝