Տեխնոլոգիական փառատոն՝ այս հանգստյան օրերին: Եթե անգամ չեք պլանավորել մեկնել Գյումրի՝ ամեն դեպքում հարկ ենք համարում տեղեկացնել, որ հուլիսի 2-4-ը մշակութային մայրաքաղաքում տեղի կունենա Gyumri Tech week-ը, որը կներառի տեխնոլոգիական 4 ուղղություն` բիզնես, տեխնոլոգիաներ, մարկետինգ և դիզայն: Ներկայացված են լինելու ինչպես մարքեթոլոգները, այնպես էլ ինժեներներ, վաճառքի մասնագետներ, որակի թեստավորողներ, PR ու HR մասնագետներ, ծրագրավորողներ:
Ի՞նչ է դա 🤔
Tech Week-ը եռօրյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվելու է հուլիսի 2-4-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։
Փառատոնի մեջ միավորված են մի քանի միջոցառումներ, բայց հիմնականը կոնֆերանսն է, որը զուգահեռ տեղի կունենա երկու դահլիճում և կներառի ելույթներ ու պանելային քննարկումներ: Մասնակցելու են ընկերությունների հիմնադիրներ, տնօրեններ, ավագ մասնագետներ, մարդիկ, ովքեր կարող են մոտիվացնել լսարանին, կիսվել սեփական փորձով ու բազմապատկել այդ փորձը:
Մասնագիտական քննարկումները տեղի կունենան փոքր սրահում, որտեղ կխոսեն ամենատարբեր տեխնոլոգիական թեմաներից. բիզնես, դիզայն, մարքեթինգ: Ելույթները կլինեն կրեատիվ ծրագրավորումից, 3D մոդելավորումից մինչև այն, թե ինչպես ներկայանալ, ինչպես շփվել ներդնողների հետ և այլն:
How2b.am-ի հետ զրույցում Gyumri Tech week-ի կազմակերպիչ, TCF Armenia-ի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանն ասաց, որ սա տեխնոլոգիական համայնքի կողմից կազմակերպվող միջոցառում է:
«Համայնքը միավորվում և ուղևորվում է որևէ մարզ, տվյալ մարզի համաչափ զարգացմանը նպաստելու համար: Իրենց հետ տանում են մոտիվացիա, գիտելիք ու փորձ: Հիմնական խոսնակները համայնքում ներառված ընկերությունների աշխատակիցներն են: Միասին քննարկում ենք ներկայացվող թեմայի արդիականությունը և նպատակահարմարությունն ու ըստ այդմ այնպես դասավորում օրակարգը, որ բոլոր շահառուները ներառված լինեն: Ընդհանուր, մեծ թեմաները կքննարկվեն մեծ սրահում, իսկ ավելի մասնագիտական թեմաները կտանենք փոքր դահլիճ, որտեղ կլինի ավելի թիրախային լսարան»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:
Օրինակ ստարտափների համար նախատեսել են հետաքրքիր թեմա՝ առաջին հարյուր հաճախորդները, որտեղ և ինչպես գտնել, իսկ ավելի փորձառուները կկիսվեն հմտություններով:
«Մեզ համար ամենակարևոր արդյունքն այն է, որ մարդիկ մոտիվացված լիենեն ու ներգրավվեն տեխնոլոգիական ոլորտ: Ի դեպ, այդ տեսակ պանելային քննարկում էլ ենք ունենալու, որպեսզի մարդիկ տեսնեն, որ կա հեռանկար ու հնարավորություն, ծանոթանան ու նեթվորք անեն այն մարդկանց հետ, ում միջոցով դա կարող են իրականացնել, և ի վերջո միանան այդ համայնքին ու օգնեն իրենց մարզը ոտքի կանգնեցնելուն»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:
Նախորդ և առաջին տեխնոլոգիական շաբաթն անցկացվել է Արցախում, որին մասնակցել է 1500 հոգի: Այս Tech week-ի գրանցումները դեռ բաց են: Այս պահի դրությամբ հետաքրքրվողները 1700-ն են, բայց կազմակերպիչները պատրաստվում են փակել գրանցումը՝ սահմանափակ տարածքի պատճառով:
Անցկացման վայրը 🙂
Միջոցառումը տեղի է ունենալու միաժամանակ 4 վայրերում՝ Գյումրու Դրամատիկական թատրոն, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն և Թումո Գյումրի։
Tech week-ը յուրաքանչյուր տարի կանցկացվի մեկ մարզում: Հետագայում գուցե հնարավոր լինի տարվա ընթացքում մի քանի տեխնոլոգիական շաբաթ անցկացնել, բայց այս պահի դրությամբ այն կլինի տարին մեկ՝ Հայաստանի տարբեր մարզերում:
«Տեխնոլոգիական երրորդ շաբաթի անցկացման մասին հետաքրքիր ձևով կհայտնենք փակման արարողության ժամանակ: Վայրի ընտրությունն անելու են մասնակիցները»,- ասաց կազմակերպիչը:
Նրա խոսքով, կոնֆերանսին զուգահեռ տեղի կունենա վեց միջոցառում: Կոնֆերանսը միայն դրա մեծ կտորն է: Մյուս միջոցառումը Armenian Testing Cup-ի կողմից կազմակերպված թեստավորման մրցույթն է լինելու, և 15-20 ընկերության որակի ապահովողների թիմի կողմից մեկ այլ ընկերության պրոդուկտ է թեստավորվելու: Առաջին երեք հաղթողները ամեն տեղի համար մրցանակ են ստանալու:
«Տեղի կունենա նաև Cyber Security Hackathon՝ կիբեռանվտանգության հեքըթոն, որտեղ անհատների տվյալների հոսքը կանխարգելող web գործիք է կառուցվելու և որի միջոցով հնարավոր կլինի ստուգել, արդյո՞ք քո տվյալները համացանցում են հայտնվել, թե ոչ, և ինչպես կանխարգելել կամ լուծել այդ խնդիրները:
Մեկ այլ միջոցառում ունենք՝ «Կորիզ» գաղափարների մրցույթը, որն սովորաբար ուղղվում է այն մարզի խնդիրները լուծելուն, որ մարզում տեղի է ունենում Tech week-ը: «Կորիզին» կարող են մասնակցել երկու և ավելի մասնակիցներով թիմեր, իսկ ծրագրերն անպայման պետք է ուղված լինեն Շիրակի մարզի զարգացմանը, ու կարող է ներառել ոչ միայն tech ոլորտն, այլև տուրիստական, սոցիալական, վերապատրաստումներին ուղված, համայնքը ներայացնող ծրագրեր»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:
Միջոցառման ամբողջ ընթացքում տեղի կունենա gg Race: Ընկերությունների աշխատակիցները կարող են որպես վարորդ գրանցվել ու տեղափոխել ուղևորներ, իսկ ստացված հասույթը կհանգանակվի բարեգործությանը:
Ավելի շատ ՏՏ միջոցառումներ՝ How2B-ում
«Միջոցառումը հնարավոր է դառնում, եթե շատ մարդ է հետաքրքրված լինում, շատ մարդ է գալիս տեսնելու, ծանոթանալու, իրենց փորձով կիսվելու և բաց են լինում նորը վերցնելու: Այն բացարձակապես անվճար է: Տպավորություն է ստեղծում թե սա շատ խիստ տեխնոլոգիական միջոցառում է, բայց ոչ , ցանկացած մարդու համար այնտեղ հասանելի ինֆորմացիա լինելու է, մոտվացնող, հետաքրքիր և կապեր ստեղծելու հնարավորություն»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:
Նրա խոսքով, իրենք չեն ապահովում ներդրումներ և չեն կնքում պայմանագրեր, բայց իրենք այն հարթակն ու հնարավորությունն են ստեղծում, որով շղթայական ռեակցիայով տեղի են ունենում այդ գործընթացները: Դրա վառ ապացույցն անցյալ տարի Արցախում անցկացրած Artsakh tech week-ից հետո իրականացված. բազմաթիվ ծրագրերն են:
Ինչպե՞ս առաջացավ գաղափարը 👀
2019 թվականին, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյանը Երևան-Ստեփանակերտ ճանապարհին ու հետադարձին տարբեր քաղաքներ այցելության ժամանակ, տեսնելով բիզնեսի ու տեխնոլոգիաների անհավասար բաշխումը, մտածեց որևէ միջոցառում անցկացնել: Զարգացնելով գաղափարը, արդեն պարզ էր, որ 2020 թվականին կանցկացվի Goris tech week-ը, բայց համավարակը, հետագայում պատերազմը խանգարեցին դրա իրականացմանը:
«Առաջին Tech week-ն արեցինք 2021 թվականի հուլիսին՝ Արցախում, Ստեփանակերտում: Դա առաջինն էր, ու այնքան լավ անցավ, որ որոշեցինք շարունակական դարձնել ու նույն տրամաբանությամբ առաջ շարժվել՝ հիմքը դնելով Արցախում: Քանի դեռ շատ քաղաքներ ու գյուղեր կան, որ Tech week չի անցկացվել՝ Երևանը կսպասի»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը:
Tech week-ի ժամանակ կլինեն աշխատանքի տոնավաճառ, որտեղ ավելի քանի քսան ընկերություն կներկայացնեն իրենց հաստիքները:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։