Digital Silk Road` Գյումրիում գործող ստարտափ, որը չինական շուկան հասանելի է դարձնում WeChat-ի միջոցով

Digital Silk Road-ը հայկական ստարտափ է, որի նպատակն է կապել Արևմուտքը Չինաստանի հետ՝ Հայաստանում ստեղծված տեխնոլոգիայի միջոցով, ինչպես որ հին Մետաքսի ճանապարհը կապեց տարբեր մշակույթների՝ Հայաստանը դիտարկելով որպես կարևոր խաչմերուկ: Digital Silk Road-ը ներդրվում է չինական ծրագրերում և չինացի տուրիստներին առաջարկում հետաքրքիր ճամփորդություն՝ Հայաստանով մեկ և ոչ միայն:

How2b.am-ը զրուցել է Digital Silk Road-ի համահիմնադիր Նարե Արղուշյանի հետ:

- Advertisement -

Մտածեցինք, որ հետաքրքիր կլինի կապել մեր ընկերության գործունեությունը մետաքսե ճանապարհի կոնցեպտի հետ:

Digital Silk Road-ում ստեղծված տեխնոլոգիան ներառում է WeChat և Alibaba & Alipay հարթակներում ներդրվող մինի հավելվածները, որոնց միջոցով արևմտյան ընկերությունները հնարավորություն են ստանում չինացի հաճախորդներին առաջարկել իրենց պրոդուկտները: Վերոնշյալ հարթակները նաև տալիս են հավելյալ առավելություններ գործընթացը կազմակերպելու համար՝ էլեկտրոնային առևտրի, թվային կտրոնների, քարտային վաուչերների, WeChat խանութի և այլնի միջոցով:

Digital Silk Road` Գյումրիում գործող ստարտափ, որը չինական շուկան հասանելի է դարձնում WeChat-ի միջոցով
Digital Silk Road-ի համահիմնադիր Նարե Արղուշյան

«Գաղափարն առաջացել է, քանի որ Հայաստանը մետաքսե ճանապարհին եղել է կարևոր անցակետ, միջնադարյան քաղաքները հատկապես, օրինակ` Անին, որն այդ ժամանակ ծառայել է, որպես քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ: Մենք մտածեցինք, որ հետաքրքիր կլինի կապենք մեր ընկերության գործունեությունը մետաքսե ճանապարհի կոնցեպտի հետ: Թվային եղանակով վերականգնենք այն դերը, որ Հայաստանը կատարել է մետաքսե ճանապարհի վրա: Շատ կարևոր է Գյումրիի և Անիի նմանությունը, որպես պատմական քույր քաղաքներ: Մեր ընկերությունը հիմնադրվել է Գյումրիում և մեծ նախապատմություն կա մետաքսե ճանապարհի հետ կապված, քան Հայաստանի որևէ այլ քաղաքի»,- պատմեց Նարե Արղուշյանը:

Ստարտափի համահիմնադիրներ՝ Նարե Արղուշյանն ու Աշոտ Ալեքսանյանը տևական ժամանակ ապրել ու աշխատել են Չինաստանում և զրույցներից մեկի ժամանակ, որը վերաբերում էր այդ երկրին, գաղափար ծնվեց ստեղծել ստարտափը, քանի որ ըստ Նարեի, այն շուկան ու հնարավորությունները, որն ունի հիմա Չինաստանը, բավարար կերպով ներկայացված չեն Հայաստանում:

Digital Silk Road` Գյումրիում գործող ստարտափ, որը չինական շուկան հասանելի է դարձնում WeChat-ի միջոցով

«Չկան կազմակերպություններ կամ ընկերություններ, որոնք զբաղում են դրանով:Քանի որ մենք ավելի շատ ՏՏ ընկերություն ենք, մտածեցինք այդ կապը ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Նարե Արշուղյանը:

Չինական որոնողական համակարգերով Հայաստան գրելիս հիմնական ինֆորմացիայի բնույթն աշխարհաքաղաքական էր կամ վերջին պատերազմի մասին:

Նարե Արղուշյանի խոսքով, չինական սոցիալական մեդիայում և որոնողական համակարգերում Հայաստանի մասին ինֆորմացիան շատ ցրված է: Ստարտափերների հետազոտությունները ցույց են տվել, որ չինական որոնողական համակարգերով Հայաստան գրելիս հիմնական ինֆորմացիայի բնույթն աշխարհաքաղաքական էր կամ վերջին պատերազմի մասին:

«Որոշեցինք ընտրել մի տեխնոլոգիա, որը շատ հայտնի է Չինաստանում և դրա միջոցով ներկայացնել Հայաստանը, որպես տուրիստական նպատակակետ: Հասկացանք, որ ամենահարմար տարբերակն այս փուլում WeChat-ն է, քանի որ, այն Չինաստանում ունի ավելի քան մեկ միլիարդ ակտիվ օգտագործող:

Այն տուրիստական ինֆորմացիան, որը ստեղծվում և տեղադրվում է գուգլում կամ նման այլ որոնողական համակարգերում, Չինաստանում հասանելի չեն: Գիտենք, որ գործարար կապերը հենց այնպես օդից չեն հայտնվում, իսկ տուրիզմը կարող է նպաստել, որ մարդիկ սկսեն իրար ավելի լավ ճանաչել: Բացի այդ, այն այցելուն, որ Հայաստանում կգտնվի մի շաբաթ կամ մի քանի օր, կարող է շատ արժեքավոր ինֆորմացիա տանել իր հետ: Տուրիստը կարող է դառնալ Հայկական բրենդի դեսպան, այն ապրանքների և այն ամենի համար, որ Հայաստանը կարող է առաջարկել»,- ասաց Նարե Արղուշյանը:

Չհեռանալով չաթից. Հայկական Text’n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները

Digital Silk Road` Գյումրիում գործող ստարտափ, որը չինական շուկան հասանելի է դարձնում WeChat-ի միջոցով

Հեղինակները ստեղծել են visitarmenia-ի չինական տարբերակը, որը գործում է հենց WeChat-ում: Ընթացքում կապ են հաստատել մի շարք չինական ընկերությունների հետ, հասկացել նրանց գործունեությունը, օտար բրենդների գովազդելու և չինական շուկա բերելու համար:

2021 թվականի մայիսին Digital Silk Road կենտրոնի չինական գրասենյակները սկսեցին գործել Սիան քաղաքում՝ քույր քաղաք Գյումրիում, նաև Տյանցզինում: Այս ամենը խթանում է Digital Pomegranate-ի աճի նոր ուղղությանը՝ չինական շուկայում:

Digital Silk Road` Գյումրիում գործող ստարտափ, որը չինական շուկան հասանելի է դարձնում WeChat-ի միջոցով
Չինարեն visitarmenia-ի մինի հավելվածի լոգոն՝ WeChat-ում»

«Երբ արտասահմանյան ընկերությունները ցանկանում են մտնել չինական շուկա, ներկայություն ունենալ, ինչ-որ բան վաճառել, արտահանում իրականացնել, թվային ներկայությունն ապահովելու համար նրանք բավականին լուրջ խոչընդոտների են հանդիպում: Տեխնոլոգիաները տարբեր են, մոտեցումներն՝ այլ, տեղում չինական ընկերություն վարձելը բավական խնդրահարույց է և թանկ: Այդ դեպքում նրանք կարող են դիմել մեզ: Մենք կկարողանանք մեր տեղական թիմն ունենալ, մեր ծառայություններն առաջարկել, գործակցել մեր գործընկերների հետ, պրոդուկտներ ստեղծել, ավելի շատ մոբայլ հավելվածներ ստեղծել ընկերությունների համար, որոնք Չինաստանում կաշխատեն»,- ասաց Նարե Արշուղյանը:

Չինաստանում ասացվածք կա, ասում են եթե WeChat չունես, ուրեմն մարդ չես

Oգտագործողի տեսանկյունից ամենակարևորն այն է, որ մեր ստեղծած ծրագիրը չեն ներբեռնում հեռախոս և այն ավելորդ տեղ չի զբաղեցնում:Այն instant app է, որը գործում է WeChat-ի էկոհամակարգում: Իսկ միջին վիճակագրական չինացին WeChat-ում չորս ժամ անցկացնում է:

«WeChat-ը ոչ միայն սոցիալական հարթակ է, այն իրենց ամեն ինչն է: Չինաստանում ասացվածք կա, ասում են եթե WeChat չունես, ուրեմն մարդ չես: Այն ունի վճարման համակարգ՝ WeChat pay, որ իրենք ամեն քայլին օգտագործում են»,- ասաց Նարե Արղուշյանը:

Այս պահին, մեր ստարտափ թիմում աշխատում են չորս հոգի:

«Չինացի աշխատող այս պահին չունենք, բայց Չինաստանում ունենք ֆրանսիական ընկերություն, որը լեզվի և հասանելության առումով մեզ համար ավելի հեշտ է գործակցել: Ուսումնասիրելով նաև չինացի զբոսաշրջիկների մարկետինգային օրացույցը, հասկանում ենք, որ ամենամեծ տոնն ու արձակուրդը իրենց համար հոկտեմբերին է լինելու: Նախատեսում ենք մինչև դա որոշ առաջխաղացումներ անել: Ենթադրում ենք, որ հոկտեմբերից իրենց ազգային տոներով պայմանավորված որոշ ամրագրումներ և հարցումներ կունենանք: Չինացիներին կապում ենք մեր տուր գիդերի հետ: Մենք առցանց ճամփորդական գործակալներ չենք, պարզապես մի հարթակ ենք, որտեղ չինացիներին կապում ենք ճամփորդական գործակալների հետ և այդպես կարողանում են իրենց տուրը կազմակերպել»,- ասաց Նարե Արղուշյանը:

Ըստ նախանշած բիզնես պլանի, ստարտափի համահիմնադիրները նախատեսում են, որ իրենց հարթակում ներկայացված լինելու և ծառայություններ առաջարկելու համար ընկերությունները պետք է եկամտի կիսման սկզբունքով աշխատեն: Օրինակ`հարթակում ներկայացնում են տուր կամ պրոդուկտ, լինի դա ռեստորան կամ զվարճանքների տեսքով, կամ հյուրանոցային ծառայություն: Այդ ծառայությունը ներկայացնելու համար համահիմնադիրները փոքր վարձավճարներ են նախատեսում, իսկ արդեն վճարումների ժամանակ, երբ անմիջական ամրագրումներ լինեն, կկարողանան եկամտի կիսման եղանակով աշխատել:

Digital Silk Road` Գյումրիում գործող ստարտափ, որը չինական շուկան հասանելի է դարձնում WeChat-ի միջոցով
Նկարում Digital Silk Road ստարտափի համահիմնադիր Նարե Արղուշյանը և Distrikt վենչուրայի ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերը, ումից ստանում են ֆինանսավորում եւ մասնագիտական աջակցություն։

«Այս պահին սթարափը աշխատում է EIF Regional Matching Grants-ի մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հետ և Distrikt Studio-ի ֆինանսավորմամբ: Այսինքն, երկու տեղից ֆինանսավորում ունենք և մոտ վեց ամիս աշխատել ենք տվյալ ֆինանսավորման շրջանակներում: Distrikt ստուդիոն Գյումրիում մարզային ստարտափներ է ֆինանսավորում այս պահին: Մենք ստուդիոյի առաջին ստարտափներից մեկն ենք: Երբ district-ը պատրաստ լինի Գյումրիում, նախատեսում ենք թիմով տեղափոխվել»,- ասաց Նարե Արղուշյանը:

«Չինացի հաճախորդներին տուրիստական ծառայություն առաջարկելուց զատ, «Թվային մետաքսի ճանապարհ» կենտրոնում մենք սովորեցնում ենք չինարեն և բիզնես մշակույթը Գյումրիում՝ տեղացիների համար աշխատատեղեր ստեղծելու համար և Չինաստանում ու ամբողջ աշխարհում մեր տեխնոլոգիաների արտահանման միջոցով»,- ասաց Նարե Արղուշյանը:

Կարդացեք նաև՝ Տեխնոլոգիական Distrikt-ը Գյումրիում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում: