Պրակտիկանտից մինչև ստարտափի համահիմնադիր․ Հովակիմ Զաքարյանը՝ Denovo Sciences-ի և իր անցած ճանապարհի մասին

Հետևելով իր նախասիրություններին, բաց լինելով կյանքի ընձեռած հնարավորություններին, անընդհատ աշխատելով և գիտելիքները կատարելագործելով՝ Հովակիմը կերտեց իր մասնագիտական զարգացման ուղին։ Այսօր նա հանդիսանում է կենսատեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ստարտափներից մեկի՝ Denovo Sciences-ի համահիմնադիր-ղեկավարը, ինչպես նաև գլխավորում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիան։ Ամենի հիմքում մասնագիտության հանդեպ սերը, ընտանիքի կողմից աջակցությունը և տարիների համբերատար աշխատանքն է։ 

Ինչպես Հովակիմը «վարակվեց» վիրուսներով, որոնք էլ ծնեցին ստարտափի գաղափարը

Դպրոցի ավարտական դասարաններում Հովակիմը պետք է կողմնորոշվեր՝ ինչ մասնագիտական ուղի ընտրել։ Պատմության, հնէաբանության և մի քանի այլ տարբերակներից հաղթեց կենսաբանությունը, մասնավորապես՝ գենետիկան ուսումնասիրելու մեծ հետաքրքրությունը։ «Ծնողներս ինձ միշտ ասել են` ընտրիր այն, ինչը քեզ հետաքրքիր կլինի։ Այդպես էլ եղավ»,- ասում է Հովակիմը։ Նա պատմեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում որպես պրակտիկանտ իր վաստակած գումարը այնքան քիչ էր, որ նույնիսկ չէր բավականացնում ամսվա տրանսպորտի ծախսը հոգալու համար։ «Բարեբախտաբար ընտանիքս կարողացավ ֆինանսապես աջակցել ինձ և ժամանակ տալ, որպեսզի կայանամ որպես մասնագետ։ Մտածում եմ, որ ցանկացած մասնագիտության մեջ, եթե կայանում ես ու դառնում լավ մասնագետ, երբեք խնդիր չես ունենա գումար վաստակելու, ուղղակի պետք է ժամանակ ունենաս»,- ասում է Հովակիմը։ Նա նաև նշեց, որ գիտությունը, ի տարբերություն այլ բնագավառների, այնպիսի ոլորտ է, որը արագ ետ չի բերում կրթության մեջ կատարած ներդրումը, այլ պահանջում է երկար և համբերատար աշխատանք։  

- Advertisement -

Հովակիմը մասնագիտությամբ գենետիկ է, ով մասնագիտական ուղու սկզբում շատ հետաքրքրված էր ցողունային բջիջներով։ Չնայած իր ունեցած մեծ հետաքրքրությանը, այդ ժամանակ Հայաստանում չկար ցողունային բջջիների ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիա։ Դա պատճառ հանդիսացավ, որ Հովակիմը փորձի զարգացնել իր գիտելիքները ոչ թե ցողունային բջիջներ, այլ վիրուսներ ուսումնասիրող լաբորատորիայում: «Ուսանողական տարիքում երբեք չեմ երազել հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերմամբ զբաղվել, սակայն այնպես ստացվեց, որ սկսեցի վիրուսներով զբաղվել, վիրուսներն էլ հետո դարձան հակավիրուսային միացություններ»,- ասում է Հովակիմը։ Այդպես սկսվեց նրա աշխատանքային ճանապարհը վիրուսների աշխարհում։ 

Մագիստրատուրան և ասպիրանտուրան հաջողությամբ ավարտելուց և արտերկրում՝ Գերմանիայում և Իսպանիայում, կարճատև աշխատանքներ ունենալուց հետո, Հովակիմը վերադարձավ նոր նպատակով։ 2016-ին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում նա հիմնեց գիտական խումբ, որը հետագայում դարձավ հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման գիտական լաբորատորիա։ «Այդ ժամանակ դա չէր պահանջում, ո՛չ շատ մեծ ներդրումներ, ո՛չ էլ ֆունդամենտալ մեծ լաբորատոր տեխնիկաներ, բայց կարող էր պրոդուկտիվ ու բավական օգտակար լինել, այդ պատճառով էլ հենց հակավիրուսային դեղամիջոցների հայտնբերման վրա կենտրոնացա»,- հիշում է Հովակիմը։  

Լաբորատորիայում աշխատելու տարիներին զուգահեռ, մոտ 4 տարի, Հովակիմը դասավանդեց Երևանի պետական բժշկական համալսարանում։ Մի օր էլ իմացավ, որ Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամում (անգլ.՝ Foundation for Armenian Science and Technology, FAST) աշխատանքի են հրավիրում կենսաբանության ոլորտում մասնագետի և որոշեց դիմել։ Նա դադարեցրեց, որպես դասախոս, իր աշխատանքը և, միանալով FAST-ին, մեկ տարի աշխատեց որպես կենսատեխնոլոգիաների գծով էքսպերտ, ով ապահովում էր կենսաբանության հետ կապված տարատեսակ ծրագրերի իրականացումը։ 2019-ին FAST-ի իրականացրած ծրագրերից մեկի ժամանակ Հովակիմը ծանոթացավ Denovo Sciences-ի մյուս համահիմնադիրների՝ Վարդան Հարությունյանի և Մհեր Մաթևոսյանի հետ։ Միասին տարբեր քննարկումների արդյունքում համահիմնադիրները ոլորտում մի քանի գաղափարներ առանձնացրին։ Հաշվի առնելով տարբեր գործոններ, ինչպիսին են, օրինակ, սահմանափակ ֆինանսական և մարդկային ռեսուրսները և Հայաստանում առկա հնարավորությունները, նրանք ընտրեցին Denovo Sciences-ի գաղափարը։ 

Denovo Sciences-ի մասին

Denovo Sciences հայկական ստարտափը ստեղծում է քիմիական նոր մոլեկուլներ, որոնք ունեն դեղամիջոց դառնալու պոտենցիալ: Պատկերացրեք գործարան, որը արտադրում է մետաղյա մասեր, որոնք կարող են հետագայում օգտագործվել որևէ արտադրության մեջ։ Նույն կերպ Denovo Sciences ստարտափը «արտադրում» է մոլեկուլներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել դեղամիջոցների ստեղծման համար։ 

Մոլեկուլների ստեծման համար թիմը օգտագործում է արհեստական բանականության վրա հիմնված ամրապնդման ուսուցման (անգլ.՝ reinforcement learning) մեթոդը: «Ամրապնդման ուսուցումը տարբերվում է մյուս մեթոդներից, որովհետև չի պահանջում նախնական ուսուցման դատասեթեր (տվյալներ)։ Դեղագործական ինդուստրիայում հիվանդությունների մեծ մասի համար չկան քիմիական նյութերի մինիմալ քանակի տվյալներ, որի հիման վրա կարող ես սովորացնել ծրագրին։ Երբ սկսեցինք ուսումնասիրությունները, մեզ համար ակնհայտ էր, որ պետք է այնպիսի մոտեցում և լուծում, որը կփորձի շրջանցել տվյալների բացակայությունը»,- նշում է Հովակիմը։ Այսպիսով, թիմը ստեղծեց ծրագրային միջավայր, որտեղ վիրտուալ սիմուլյացիաներ են տեղի ունենում պոտենցիալ դեղի և թիրախի՝ հիվանդության միջև։

Ծրագրի առջև կա դրված խնդիր, որն է՝ անընդհատ բարելավել քիմիական միացությունների կառուցվացքը՝ նպատակով, որ ստացվեն ավելի լավ արդյունքներ։ Յուրաքանչյուր նոր սիմուլյացիայի արդյունքում ծրագիրը սովորում է այնպես փոփոխել քիմիական միացության կառուցվածքը, որ հետագա ֆիզիկական սիմուլյացիաները էլ ավելի լավ արդյունք ցուցաբերեն։ Եթե արդյունքը լավն է, ծրագիրը անձնակազմի համապատասխան մասնագետի կողմից ստանում է խրախուսանք, եթե վատը՝ տուգանք։  

Պրակտիկանտից մինչև ստարտափի համահիմնադիր․ Հովակիմ Զաքարյանը՝ Denovo Sciences-ի և իր անցած ճանապարհի մասին
Denovo Sciences-ը՝ Seaside Startup Summit-ում

Թիրախի ընտրությունը և համագործակցությունները

Ընկերությունը ընտրում է յուրաքանչյուր նոր թիրախը (հիվանդությունը, որի համար պետք է պոտենցիալ դեղամիջոցի քիմիական նոր մոլեկուլ ստեղծվի) հիմնվելով տարբեր գործոնների վրա։ Հովակիմը բացատրեց․ «Ամենաառաջին տեղում բիզնես կոմպոնենտն է»։ Նրա խոսքով կարևոր է հաշվի առնել շուկայի մեծությունը, մրցակիցների և հիվանդների քանակը, թիրախի բարդությունը և շատ այլ տարբեր գործոններ։ Այնուհետև վերլուծել տարբեր հնարավոր բարդություններ ու հնարավորություններ և հասկանալ, թե ինչքանով իրատեսական է գիտական տեսանկյունից այդ թիրախով զբավելը։ «Թիրախի ընտրությունը բավականին լուրջ հաշվարկներ և հետազոտություն է պահանջում»,- նշում է Հովակիմը։ 

Քանի որ Denovo Sciences-ում շատ կարևորում են նոր գործընկերներ ձեռք բերելը, լինում են նաև դեպքեր, երբ թիրախի ընտրությունը կախված է լինում գործընկերների և իրենց համատեղ ծրագրերի իրականացման հետ։ «Գործընկեր ունենալը իր դրական և բացասական կողմերն ունի։ Բացասական կողմերից մեկը այն է, որ դու կիսում ես քո մտավոր սեփականությունը և հետագայում ստացած եկամուտը գործընկերոջդ հետ։ Դրական մասը առաջին հերթին իրենց բերած փորձն է։ Մեր թիմը փոքր է և ամեն ինչի մեջ չէ, որ ունենք էքսպերտային գիտելիքներ, դրա համար գործընկերների գիտելիքը բերելը շատ օգտակար է մեզ համար։ Երկրորդ դրական կողմը՝ բերած հեղինակությունն է։»,- բացատրեց Հովակիմը։ Denovo Sciences-ը այսօր համագործակցում է ոլորտում հեղինակավոր կառույցների հետ, որոնց թվում են Oxford-ի համալսարանը և Սինգապուրի A*STAR պետական գործակալությունը։ Ինչպես նշեց Հովակիմը, այդպիսի գործընկերներ ունենալը ընկերության հեղինակության վրա մեծ ազդեցություն է ունենում։ «Չպետք է իլյուզիաներով տարվել, և կարևոր է հասկանալ, որ գտնվում ենք Հայաստանում, իսկ Հայաստանին, ցավոք սրտի, կենսատեխնոլոգիաների և դեղագործության ոլորտում աշխարհը չի ճանաչում։ Նման ընկերությունների հետ աշխատելը աշխարհին ցույց է տալիս, որ մեր տեխնոլոգիան իրենից որոշակի արժեք է ներկայացնում»,- ամփոփում է Հովակիմը։ 

Մրցակիցների կարևորությունը, բիզնես մոդելը և թիմը

Denovo Sciences-ը Հայաստանում ոլորտի առաջին ստարտափն է։ Այնուհետև դեղերի հայտնաբերման ինդուստրիա սկսեցին մտնել նոր ստարտափներ, սակայն արդեն տարբեր մեթոդներով և մոտեցումներով։ Կարևորելով մրցակիցների դերը Հովակիմը նշում է․ «Եթե չկան մրցակիցներ, նշանակում է չկան մարդկային ռեսուրսներ և էքսպերտներ, և ամեն ինչ լճացած է»։ 

Ստարտափի հիմնադիրները նպատակ ունեն 3 տարի հետո դառնալ ինքնաբավ ընկերություն, որն այլևս կախված չի լինի ներդրումներից։ Նպատակին հասնելու համար թիմը ձևավորել է մոնետիզացիայի երկու տարբերակ՝ երկարատև և կարճատև։ Առաջին տարբերակում ընկերությունը կգեներացնի շահույթ, երբ իրենց տեխնոլոգիայի շնորհիվ ստեղծված նոր քիմիական մոլեկուլներից որևէ մեկը, անցնելով և հաղթահարելով բոլոր թեստավորումների փուլերը, մի օր կդառնա դեղամիջոց և կվաճառվի։ Այս ամենին հասնելու համար ընկերությունը նախ պետք է կարողանա ստեղծել դեղամիջոցների թեկնածու մոլեկուլներ, ինչին անհրաժեշտ է առնվազն երկու-երեք տարի։ Այնուհետև ստեղծված թեկնածուները վաճառել ավելի խոշոր դեղագործական ընկերությունների կամ նրանց տրամադրել մոլեկուլի լիցենզիան։ Դրանից հետո, սպասել մի քանի տարի, որպեսզի թեկնածուն հաղթահարի բոլոր կլինիկական հետազոտությունների փուլերը, դառնա դեղամիջոց և վաճառվի։ 

Տվյալ պահին ստարտափում, կան թեկնածուներ, որոնք իրենց զարգացման տարբեր փուլերում են գտնվում։ Թիմը ակնկալում է, որ 2026-ի ավարտին կունենան դեղամիջոցների թեկնածուներ, որոնք պատրաստ կլինեն կլինիկական հետազոտությունների փուլ մտնել։ «Եթե մեր մի մոլեկուլ ինչ-որ դեղագործական ընկերություն վերցնի ու հաջողի, և սրանից 5 կամ 7 տարի հետո դա դուրս գա շուկա, ես կհամարեմ որ մենք այդ ամբողջ ճանապարհը հաջող անցանք»,- ասում է Հովակիմը։ 

Մոնետիզացիայի երկրորդ՝ կարճաժամկետ և հիմա արդեն գործող տարբերակը՝ ծառայություն մատուցելն է։ Այս կերպ ստարտափը ստեղծում է մոլեկուլներ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Denovo Sciences-ի մեթոդով մոլեկուլներ ունենալ և հետո դրանք փորձարկել իրենց հետազոտությունների մեջ։ Դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերությունները, ինչպես նաև տարբեր հետազոտական խմբեր, կարող են վճարել ստարտափին և ձեռք բերել մոլեկուլների տեսքով բացառիկ տվյալներ, որի հեղինակային իրավունքները կպատկանեն միայն իրենց։ Ներկայումս ստարտափը ունի զարգացման տարբեր փուլերում գտնվող 5 ընթացիկ ծրագրեր։

Այս պահին Denovo Sciences-ի թիմում աշխատում են 12 մասնագետ տվյալագիտության, կենսաբանության և այլ ոլորտներից։ «Փոքր թիմերում լինում է այնպես, որ աշխատանքները շատ խիստ բաժանված չեն, չնայած մենք համահիմնադիրներով ունենք որոշ գործառույթների բաժանում»,- նշում է Հովակիմը։ Ստարտափում, որպես գործադիր տնօրեն, Հովակիմի հիմնական պատասխանատվության տակ է աշխատանքի ճիշտ կազմակերպումը և նաև կենսաբանության վերաբերյալ հարցերի ղեկավարումը։ Մհերը պատասխանատու է տեխնոլոգիական մասի, իսկ Վարդանը՝ ալգորիթմի և մեքենայական ուսուցման լավացման համար։ 

Ետ հայացք և անձնական նպատակներ

Ետ նայելով Հովակիմը հպարտ նշում է, որ թիմը միշտ փորձել է և շարունակում է անել այն առավելագույնը, որը տվյալ իրավիճակում հնարավոր է։ Մտածելով, թե ինչ կփոխեր ամենասկզբից, եթե հնարավորություն ունենար, Հովակիմը պատասխանեց․ «Մինչև սկսելը ես շատ ավելի քիչ կոմունիկացվող էի։ Աստիճանաբար հասկացա, որ կոմունիկացիան պոտենցիալ գործընկերների, ներդրողների և մեդիայի հետ շատ կարևոր է։ Երևի հենց ամենասկզբից շեշտը կդնեի անձնական շփումները կառուցելու վրա։ Կապերը և ձեռք բերած վստահությունը ամենամեծ դերն են կատարում»։ 

Աշխատանքից հետո հիմնական ամբողջ ժամանակը Հովակիմը անցկացնում է ընտանիքի հետ։ Փորձում է նաև հասցնել կարդալ, սակայն զբաղվածության պատճառով չի կարողանում այնքան ժամանակ տրամադրել, որքան առաջ ստացվում էր։ «Ամենաթանկ բանը, որ երբեք չես կարողանա ետ բերել, ժամանակն է՝ ընտանիքիդ, երեխաներիդ, ծնողներիդ հետ անցկացրած ժամանակը»,- ասում է Հովակիմը։ Իր համար հաջողության անձնական չափանիշ կլինի այն, որ հասնի ինչ-որ վիճակի, երբ կկարողանա շատ քիչ աշխատել և փոխարենը շատ ժամանակ ընտանիքի հետ անցկացնել։ Նրա խոսքով, եթե հինգ տարի հետո կարողանա այդ վիճակին հասնել, շատ երջանիկ կլինի։ Հովակիմը ժպիտով հավելեց․ «Հուսամ դա չի լինի այն ժամանակ, երբ թոշակի կանցնեմ»։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Պրակտիկանտից մինչև ստարտափի համահիմնադիր․ Հովակիմ Զաքարյանը՝ Denovo Sciences-ի և իր անցած ճանապարհի մասին
Մերի Դոխոյան
Հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք ունի ասելիք, որով կարող է կրթել և ոգեշնչել դիմացինին: Զրուցում եմ հայ ստարտափերների և գործարարների հետ և գրում նրանց անցած ճանապարհի, մտածելակերպի և հիմնադրած ընկերությունների մասին: