Ինչպե՞ս ստեղծել օրական 200000 օգտատեր ունեցող հավելված Հայաստանից. Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանի պատմությունը

Դեռ դպրոցում ուսանելու տարիներից Դավիթը մտածում էր որևէ նոր բան ստեղծելու և դրանով մարդկանց օգնելու մասին։ Դռոն, լուսավորվող ստեղներով դաշնամուր, ավելի ուշ, իր ծրագրավորման գիտելիքները կիրառելով, նաև համակարգչային խաղեր, թվային ժամացույց, և այլ գաղափարներ էր կյանքի կոչում նա։ Փորձերը շատ էին, ձախողումները նույնպես, բայց առանց այդ ճանապարհի այսօր չէր լինի Zoomerang ստարտափը։

Zoomerang-ը արհեստական բանականության հիմքով աշխատող տեսահոլովակների ստեղծման հարթակ է։ Այն օգնում է փոքր ու միջին բիզնեսներին ստեղծել տեսահոլովակներ իրենց բիզնեսների սոցիալական էջերի և գովազդների համար, առանց մարքեթինգային, վիդեո նկարահանման և մոնտաժի գիտելիքներ ունենալու։ 

- Advertisement -

Հարթակի միջոցով բիզնեսները կարողանում են իրենց սոցիալական էջերի համար ստեղծել վիզուալ կոնտենտ առանց մարդկային ռեսուրս ներգրավելու և հավելյալ մեծ ծախսեր իրականացնելու։ Այսպիսով՝ այն օգնում է խնայել գումար և ժամանակ, ինչպես նաև ավտոմատացնում և արագացնում է կոնտենտի ստեղծման գործընթացը։ 

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

Zoomerang-ի գաղափարի հիմքում Դավիթի երաժշտության հանդեպ ունեցած սերն է, ինպես նաև իր և իր ընկերների տաղանդը արտասահմանյան լսարանին ցույց տալու ցանկությունը։ Երբ ընկերներով որոշեցին տեսանկարահանել իրենց և կիսվել հոլովակով սոցիալական կայքերում, հասկացան, որ նրանցից հատուկ հմտություններ և շատ ժամանակ է պահանջվում։ Յուրաքանչյուր հասարակ տեսահոլովակի նկարահանման և մոնտաժի համար նրանց պետք էր գալիս նվազագույնը մեկ շաբաթ։ Այդպես պարզ դարձավ, որ իրենք, կա՛մ որևէ գործիքի, կա՛մ հավելյալ մարդկային ռեսուրսի կարիք ունեն, որպեսզի կարողանան այդ խնդիրը լուծել։ 

Այս ամենին զուգահեռ Դավիթը ուսումնասիրում էր ծրագրավորում Երևանի Պետական Համալսարանում և շարունակում իր փորձերը որևէ գաղափար կյանքի կոչելու համար, արդեն թվային ոլորտում։ Մի օր էլ, երբ ընկերներով աշխատում էին հերթական գաղափարի համար, տեսնում են Musical.ly հավելվածում (ներկայիս TikTok-ում) շատ գրավիչ և լայն տարածում ստացած մի տեսահոլովակ։ Շատ չանցած, սկսում են կարդալ տեսահոլովակի մեկնաբանությունները, և իմանում, որ հազարավոր մարդիկ խնդրում էին տեսահոլովակի հեղինակին, որպեսզի նա կիսվեր իրենց հետ այդպիսի հոլովակներ նկարահանելու և մոնտաժելու գաղտնիքներով։ Մենաբանությունները ապացույց էին, որ խնդիրը միայն Դավիթի և իր ընկերների մոտ չէր, իսկ այդ ապացույցները նոր գաղափարի սկիզբ էին։ 

Ինչպե՞ս ստեղծել օրական 200000 օգտատեր ունեցող հավելված Հայաստանից. Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանի պատմությունը

Կիրառելով իրենց նախկին գաղափարներից ու փորձերից ունեցած գիտելիքներն ու ստեղծածը, Դավիթն ու իր ընկերները 3 օրում մտածում, պատրաստում և App Store են վերբեռնում Zoomerang-ի ամենաառաջին տարբերակը։ Ամեն ինչ այսքան արագ չէր լինի, եթե չլիներ նախկին երկու տարիների ընթացքում նմանատիպ գաղափարի համար իրենց կատարած աշխատանքը։ Այդպես, մոտ երկու տարվա աշխատանք խնայելով, Zoomerang-ի առաջին տարբերակը արդեն երրորդ օրը հասանելի էր օգտատերերի համար։

Հաջողության գաղտնիքները 

«Միշտ վստահ եմ եղել, որ ստացվելու է»,- այսպիսինն էր Դավիթի տրամադրվածությունը առաջին օրերից։ Չնայած վստահությանը, նա ասաց, որ առանց կասկածների ու վախերի չի լինում։ Համաձայն Դավիթի, կասկածներն ու վախերը նպաստում են նրան, որ ավելի լավ ուսումնասիրես գործդ անելուց առաջ, չփորձես անել ամեն ինչ, այլ անես այն, ինչին ամենաշատն ես հավատում ու վստահում։ Կարևոր է հետևել գործողությունների հաջորդականությանը, այն է՝ սարքել-գործարկել-սովորել-կրկնել։ Վերջնական նպատակ ունենալու և այդ գործողություններին հետևելու դեպքում արդյունքն անխուսափելի է։ Դավիթը վստահեցրեց․ «Հարցը ժամանակի ու քո անձնական ձգտման մեջ է»։ 

Zoomerang-ի գրանցած արդյունքներում մեծ դեր է խաղացել նաև ահռելի աշխատանքը։ Մինչև «Դենովո»-ի հետ Ձեռներեցության Աշխարհի Գավաթի Հայաստանի ներկայացուցիչ ընտրվելը, մինչև ներդրումներ ստանալն ու հաջողություններ գրանցելը, 3 համահիմնադիրները անդադար աշխատում էին։ Ինչպես Դավիթը նկարագրեց․ «Գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի, անընդհատ աշխատանք է ստարտափի հիմադիր լինելը»։ Նրանց համար կարևոր էր այն, որ զբաղվում էին այնպիսի գործով, որից հաճույք էին ստանում։ Բացի դա, հիմնադիրները մեծ ցանկություն ունեին ստեղծել մի պրոդուկտ, որը համաշխարհային շուկայում ճանաչելի կդարձնի Հայաստանը և դրանով նաև կոգեշնչի շատերին իրենց գաղափարներին հավատալ և պայքարել։ Այս ամենին գումարած մեծ մոտիվացիայի աղբյուր էին Zoomerang-ի օգտատերերը, որոնց թիվը օր-օրի ավելանում էր։ 

Ինչպե՞ս ստեղծել օրական 200000 օգտատեր ունեցող հավելված Հայաստանից. Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանի պատմությունը
Դավիթը տոնում է Zoomerang-ի հաղթանակը EWC 2021-ում

Առաջին օգտատերերը, ներկայիս արդյունքներն ու նպատակները 

Zoomerang-ի առաջին օգտատերերին հիմնադիրները գտան հաջող մարքեթինգային համագործակցության շնորհիվ։ Երբ դեռ Influencer marketing գաղափարը Հայաստանում տարածված չէր, հիմնադիրները կարողացան գտնել իրենց թիրախային լսարանի համար կոնտենտ ստեղծող մասնագետի և պայմանավորվել, որ նա իր էջում պատմի Zoomerang-ի մասին։ Այսպիսով $25 արժողությամբ մի հրապարակումը մեկ օրում բերեց Zoomerang-ի առաջին 1000 օգտատերերին։ 

Հիմա Zoomerang-ը ունի 35,000,000-ից ավել ներբեռնում ամբողջ աշխարհում և օրական 200,000 ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր կետերից։ Օգտատերերի 20%-ը Ամերիկայից է, 50%-ը Եվրոպայից, իսկ մնացած 30%-ը հիմնականում Իսրայելի, Ռուսաստանի, 

Ղազախստանի և Ինդոնեզիայի շուկաներն են։ Հայաստանից նույնպես կան ներբեռնումներ, թվով 50,000, չնայած նրան, որ Հայկական շուկան հիմնադիրները չեն թիրախավորում։ 

Առաջիկա 5 տարիների ընթացքում Zoomerang-ի հիմնադիրները նպատակ ունեն ավտոմատացնելու տեսահոլովակ ստեղծելու ընթացքը, ներդնելու արհեստական բանականության զարգացման մեջ և ստեղծելու այնպիսի բռենդ, որը բիզնեսների համար կդառնա առաջին ընտրությունը կոնտենտ ստեղծելու և սոցիալական կայքերում վաճառք իրականացնելու համար։ 

Ինչպե՞ս ստեղծել օրական 200000 օգտատեր ունեցող հավելված Հայաստանից. Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանի պատմությունը
Zoomerang-ի թիմը

Հիմնադրի առօրյան 

Նպատակներին հասնելու համար կարևոր դեր ունի օրվա պլանավորումն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Zoomerang-ում օրը սկսվում է ամենօրյա կարճ հանդիպումներով բոլոր թիմերի հետ, որպեսզի քննարկվեն օրվա անելիքները։ Հանդիպումներին մասնակցելուց բացի Դավիթը ամեն օր կազմում է իր անելիքների ցուցակը և աշխատանքային օրվա ավարտին համեմատում է այն մեկ այլ ցուցակի հետ, որտեղ գրում է, թե ինչ է իրականում արել օրվա ընթացքում։ Այդպես ավելի պարզ է դառնում՝ որքանով արդյունավետ էր իր աշխատանքային օրը։ 

Համաձայն նրա, ստարտափի հիմնադրի կյանքը անընդհատ ստիպում է արթնանալ աշխատանքի մասին մտքերով և անդադար մտածել պարբերաբար առաջացող խնդիրների մասին՝ փորձելով լուծումներ գտնել։ «Պատկերացրեք Դուք տիեզերագնաց եք, իսկ Ձեր ստարտափը տիեզերանավն է։ Դուք տիեզերքում եք և հանկարծ տիեզերանավը սկսվում է վառվել։ Պետք է հասկանաք՝ ինչպե՞ս այն վերանորոգեք, անեք աշխատանքի ճիշտ բաշխում թիմում և չմոռանաք, որ այն վերանորոգելու և տիեզերքում թռիչքը շարունակելու համար ունեք շատ սահմանափակ ժամանակ։ Ի՞նչ կզգաք։ Հենց այդպիսի զգացում է ստարտափեռի մոտ»,- ասաց Դավիթը և հավելեց, որ կարևոր է նաև այդ ընթացքից հաճույք ստանալ և չմոռանալ աշխատանքից դուրս մնացած գործերի՝ անձնական կյանքի, հոբիների և այլ հարցերի մասին։ 

Անդադար բիզնեսային խնդիրների մասին չմտածելու համար օգնության են գալիս հոբիները, որոնցից է օրինակ սպորտը։ Մարզասրահ այցելելը, ձմեռային սպորտաձևերով զբաղվելը, Խուստուփի և այլ լեռների գագաթներ գրավելը Դավիթին օգնում են ժամանակավորապես մոռանալ աշխատանքի վերաբերյալ մտածմունքները։ Չսահմանափակվելով սպորտային հոբիներով նա նաև փորձում է ժամանակ գտնել երաժշտության և մեդիտացիաների համար։ 

Ետ նայելով Դավիթը տեսնում է, որ իր անձնային աճն ակնհայտ է։ Եթե հիմնադիրը չհետևեր իր հետաքրքրություններին, և եթե չլինեին վերը թվարկված կարևոր գործոնները, չէր լինի Zoomerang-ը։ Նրա և մյուս համահիմնադիրների անցած ճանապարհի արդյունքում է, որ հնարավոր է դարձել ստեղծել մի ստարտափ, որը առաջին օրերից աշխարհի տարբեր կետերում գտնվող մարդկանց օգնել է տեսահոլովակներ ստեղծել և, զարգանալով, դեռ ավելին է պատմելու աշխարհին հայ ձեռներեցների և հայկական պրոդուկտների մասին։ 

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ինչպե՞ս ստեղծել օրական 200000 օգտատեր ունեցող հավելված Հայաստանից. Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանի պատմությունը
Մերի Դոխոյան
Հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք ունի ասելիք, որով կարող է կրթել և ոգեշնչել դիմացինին: Զրուցում եմ հայ ստարտափերների և գործարարների հետ և գրում նրանց անցած ճանապարհի, մտածելակերպի և հիմնադրած ընկերությունների մասին: