Հիմնադիր դառնալու ուղին. Ռեմ Դարբինյանը՝ իր անցած ճանապարհի, նպատակների, մոտեցումների և Viral Mango-ի մասին

Հայկական երկու ընկերությունների՝ SmartClick և Viral Mango ստարտափների համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, դեռևս ուսանողական տարիներից նպատակ է ունեցել լուծել այնպիսի բիզնես և սոցիալական խնդիրներ, որոնցով կկարողանա օգնել Հայաստանին և հայերին։ Հայաստանից դուրս, թե երկրի ներսում, նա փնտրում էր ազատություն, իր գաղափարներն իրականացնելու և այդպիսով նաև իր հայրենակիցներին օգտակար լինելու համար։ 

Կրթություն և քայլեր, որոնք տարան ստարտափների աշխարհ

Ռեմը բարձրագույն կրթություն ստացել է արտերկրում, տնտեսագիտության ոլորտում։ Նա մասնագիտացել է հակաճգնաժամային կառավարման մեջ, ինչի շնորհիվ ձևավորել է բիզնես մտածողության հիմքեր։ Իր կրթության մեջ նա հատկապես կարևորում է կրիտիկական մտածելակերպ զարգացնելը, ինչն անհրաժեշտ է համարում գործարարի համար։ «Չկա օր, որ խնդիր չլինի բիզնեսում։ Հետևաբար, շատ կարևոր է արագ կողմնորոշվելն ու որոշում կայացնելը, հատկապես վաղ փուլի ստարտափներում», – ասում է Ռեմը։

- Advertisement -

Ստարտափային աշխարհում իր գործունեության սկիզբը Ռեմը կապում է ոլորտում ներդրումներ անելու իր որոշման հետ։ Դեռևս արտերկրում աշխատելու տարիներից, իր աշխատավարձից մի փոքր մաս մի կողմ էր դնում՝ տարատեսակ ներդրումներ իրականացնելու նպատակով։ «Որքան երիտասարդ տարիքից սկսեք ներդրումներ անել, այնքան ավելի լավ կլինի հետագայում»,- խորհուրդ է տալիս Ռեմը։ 

Ներդրումներ անելով, Ռեմը սկսել է ծանոթանալ տասնյակ ստարտափների հիմնադիրների հետ և մեծացնել ոլորտի մասին իր գիտելիքները։ «Ես ծանոթանում էի հիմնադիրների հետ, ովքեր կիսվում էին իրենց աշխատանքային խնդիրներով, աշխատող և չաշխատող մեթոդներով։ Երկար տարիներ հետևում էի ստարտափների աշխատանքին և փորձ էի ձեռք բերում։ Ստարտափի հիմնադիր դառնալը, այդ մտքին գալն ու պատրաստ լինելը եկել է ստարտափերների հետ շատ շփվելուց»,- պատմում է նա։ 

«Մոտ տասը տարի առաջ որոշեցի առօրյայում նկատել 3 խնդիր և մտածել լուծումներ։ Տարվա վերջում հազարավոր խնդիրներից կարողանում էի ֆիլտրել և առանձնացնել մի քանիսը, որոնց լուծումը կարող էր ստարտափի գաղափար դառնալ»։

Ռեմ Դարբինյան

Առաջին գաղափարներն ու փորձերը

Որպես ստարտափի հիմնադիր, իր առաջին փորձը Ռեմն ունեցել է համալսարանն ավարտելուց մի քանի տարի հետո, դեռևս 2000-ականների սկզբներին։ Նա ընկերների հետ փորձել էր ստեղծել հայկական սոցիալական համայնք՝ հայերին համախմբելու նպատակով։ Հարթակը անվանել էին HayLife: Այդ ժամանակ, երբ չկային այսօր հայտնի դարձած առցանց հարթակները, ինչպիսինն է, օրինակ, Facebook-ը, Ռեմն ու իր ընկերները ստեղծեցին մի կայք, որով հնարավորություն տվեցին բոլոր հայերին, ովքեր կարող էին օգտվել համացանցից, գրանցվել հարթակում և կապ հաստատել միմյանց հետ։ Ստացվեց լրատվական և սոցիալական հարթակի համադրություն, որտեղ գրանցվեցին հայեր Հայաստանից, Ռուսաստանից և Ամերիկայից։ Չնայած նրան, որ այդ ժամանակ դեռ չէին հասկանում՝ ինչ է ստարտափը և ինչպես է այն հնարավոր զարգացնել, պրոյեկտը ինչ-որ չափով Ռեմը համարում է հաջողված։ «Հաջողություն էր, որովհետև հասանք առավելագույնին, ինչին կարող էինք հասնել, իսկ ձախողեցինք փոքր շուկա վերցնելու պատճառով»,- բացատրում է Ռեմը։ Նրա խոսքով, եթե դիտարկեին ավելի մեծ շուկա, գուցե կարողանային Вконтакте կամ Одноклассники-ին համարժեք հարթակ ստանալ։

Հիշելով, թե ինչպես կարողացավ ձևավորել ստարտափային մտածելակերպ, Ռեմը պատմում է․ «Մոտ տասը տարի առաջ որոշեցի առօրյայում նկատել 3 խնդիր և մտածել լուծումներ։ Այդպես ամեն օր գրում էի խնդիրներն ու լուծումները, և որոշ ժամանակ անց վերանայում ստեղծածս ցուցակը։ Տարվա վերջում հազարավոր խնդիրներից կարողանում էի ֆիլտրել և առանձնացնել մի քանիսը, որոնց լուծումը կարող էր ստարտափի գաղափար դառնալ։ Այս սովորությունը հանգեցրեց նրան, որ այսօր շատ խնդիրների լուծումներ կարողանում եմ տեսնել միլիվայրկյանների ընթացքում։ Ինչքան էլ տարբեր լինեն խնդիրները, լուծումների ձևերը հիմնականում նույնանման են։ Արդյունքում, հիմա, երբ ստարտափերների հետ հանդիպումներ ենք ունենում, ես անմիջապես կարողանում եմ հասկանալ խնդիրը և լուծումներ առաջարկել»։

Հիմնադիր դառնալու ուղին. Ռեմ Դարբինյանը՝ իր անցած ճանապարհի, նպատակների, մոտեցումների և Viral Mango-ի մասին

Մինչ իր առաջին ընկերությունը հիմնադրելը Ռեմը պարբերաբար տասնյակ ստարտափ գաղափարներ էր ունենում և փորձում այդ գաղափարները ռեալիզացնել։ Այդպիսի գաղափարներից մեկը, «Uber»-ից ոգեշնչված, հայկական շուկայում ուղևորափոխադրումների ծառայություն ունենալն էր, ինչպիսին հիմա Հայաստանում gg-ն է։ Ռեմը ձեռք էր բերել taxi.am դոմեյնը և աշխատում էր ստեղծել համակարգչային ծրագիր, որի միջոցով հնարավոր կլիներ տաքսի պատվիրել։ Պրոյեկտը, սակայն, չիրականացվեց։ Պատճառներից մեկը նրա Ամերիկայում գտնվելն էր, որը դժվարացնում էր Հայաստան մուտք ու ելք անելը։ Երկրորդ պատճառը այդ ժամանակ Հայաստանում սմարթ հեռախոսների տարածված չլինելն էր։ Չնայած նրան, որ շուկայում կար նման ծառայության ազատ տեղ, առանց երկրում սմարթ հեռախոսների լայն կիրառման գաղափարը զարգացում չէր կարող ունենալ։ 

«Այն, ինչ ես տեսնում եմ իմ առաջ որպես ռիսկ և խնդիր, կարող եմ տարբեր հանգամանքներով փոխել և ի օգուտ ինձ օգտագործել»։

Ռեմ Դարբինյան

Մտավախություններ և մտածելակերպի փոփոխություն

Լինելով ռիսկերի կառավարման մասնագետ, Ռեմը հաճախ որևէ նոր գաղափարի համար աշխատանքներ սկելուց առաջ հաշվարկում էր ռիսկերը և այդպես որոշում՝ իմաստ ունի այդ գաղափարը զարգացնել, թե ոչ։ Շախմատի նման մի քանի քայլ առաջ նայելը և հետագայում ռիսկերը և խնդիրները տեսնելը շատ հաճախ հետ էր պահում իրեն ունեցած գաղափարները զարգացնելուց։ «Շատ գաղափարներ ունեի, որ կարող էի սկսել, բայց ռիսկերի մենեջմենթ իրականացնելու արդյունքում չարեցի»,- պատմում է Ռեմը։ 

Այս մոտեցումը փոխվեց չինացի տարեց մարդու հետ մի պատահական հանդիպման արդյունքում։ «Նրա հետ բավականին երկար խոսեցինք, ու նա կարողացավ իմ մտածելակերպը փոխել։ Այն, ինչ ես տեսնում եմ իմ առաջ որպես ռիսկ և խնդիր, կարող եմ տարբեր հանգամանքներով փոխել և ի օգուտ ինձ օգտագործել։ Այդ վերջին կետը, որն ինձ խանգարում է, ես կարող եմ մասնատել և ստանալ փոքր խնդիրներ ու մաս-մաս այն լուծել»,- բացատրում է Ռեմը։ 

Viral Mango-ի մասին

Viral Mango ստարտափի համար աշխատանքները սկսվել են 2022-ից։ SmartClick-ից հետո տարիների ընթացքում 10-ից ավել ստարտափներ են ծնվել, մեծացել և անցել որոշակի փուլերով։ Viral Mango-ն հերթական միտքն էր: Համահիմնադիրներից մեկի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ կա խնդիր, որը կարելի է լուծել։ 

Viral Mango-ն հարթակ ու գործիք է բիզնեսների և ինֆլուենսերների (սոցիալական ցանցերում որոշակի լսարան ուենցող անհատների) համար, որը փորձում է համապատասխանաբար երկուսի խնդիրներին լուծում տալ։ Անհրաժեշտ ինֆլուենսերներ գտնելը, նրանց հետ աշխատանքի համակարգումը և պայմանավորվածության գալը դժվար է ու շատ ժամանակատար։ Viral Mango-ն այդ հարցում գալիս է բիզնեսներին օգնության՝ տալով հնարավորություն գտնել իրենց անհրաժեշտ փոքր և միջին լսարան ունեցող ինֆլուենսերներին։ Մյուս կողմից, այն նաև հարթակ է ինֆլուենսերների համար, որի միջոցով նրանք կարող են ստեղծել իրենց թվային CV-ն, օգտագործելով իրական ժամանակի տվյալներ և գտնել բիզնեսներ համագործակցության համար: 

Հիմնադիր դառնալու ուղին. Ռեմ Դարբինյանը՝ իր անցած ճանապարհի, նպատակների, մոտեցումների և Viral Mango-ի մասին

«Ետ նայելով, թե ինչ էինք պլանավորել անել ու թե ինչ ենք հիմա անում, ընդհանրապես մոտ գաղափարներ չեն»- ասում է Ռեմը։ Սկզբում Viral Mango-ն երկար ժամանակ հետազոտական նախագիծ էր, այնուհետև դարձավ ինֆլուենսերների մասին բլոգ։ Որոշ ժամանակ անց այն փորձեցին վերածել մարքեթփլեյսի (թվային հարթակի, որտեղ սարտափը կկապի երկու կողմերին՝ ինֆլուենսերներին և բիզնեսներին)։ Այդ տարբերակը սակայն դժվար էր զարգացնելը, քանի որ ինչպես նշեց Ռեմը,- «Բախվեցինք ստանդարտ «առաջարկ և պահանջարկ» խնդրին, որը հաճախ նկատվում է նմանօրինակ բիզնես մոդելներում»։ Այժմ մարքեթփլեյսը բաժանել են երկու կտորի՝ ստեղծելով հարթակ առանձին ինֆլունեսերների և առանձին բիզնեսների համար։

Ստարտափը շուկայում եղած նմանատիպ լուծումներից տարբերվում է նրանով, որ ունի ծրագրի հիմքում արհեստական բանականություն, որի միջոցով ավելի ճշգրիտ տվյալներ են հավաքագրվում և ավելի լավ արդյունքներ ցուցադրվում։ Այսօր Viral Mango-ն մրցակիցների մեջ աշխարհում թոփ 30%-ի մեջ է մտնում: 

Ստարտափի թիրախը ամերիկյան շուկան է, սակայն ունեն նաև օգտատերեր Անգլիայից, Գերմանիայից, Իսպանիայից և Ավստրալիայից։ Հարթակում գրանցված 4000-ից ավել բիզնեսների շարքում կան նաև հայկական բիզնեսներ, չնայած նրան որ հայկական շուկան չի թիրախավորվում։ 

Վերջին ամիսներին ստարտափը հաճախորդների բազայում գրանցում է ամսեկան 15% աճ։ Ռեմը նշում է․ «Քանի որ Viral Mango-ն նոր պրոդուկտ է, նպատակ ենք դրել արագ աճել ոչ թե եկամտով, այլ ունեցած ազդեցությումբ։ Փորձում ենք բերել մաքսիմում շատ, բայց նաև որակյալ գրանցումներ»։ 

Կա նպատակ Viral Mango-ն դարձնել «Z» սերնդի համար Linkedin-ին համարժեք հարթակ։ Ինչպես այսօր մասնագետները գրանցվում են Linkedin-ում աշխատանք փնտրելու և իրենց մասնագիտական գիտելիքները ցույց տալու համար, այնպես էլ որոշ ժամանակ անց ինֆլուենսերները կարիք կունենան գրանցվելու Viral Mango-ում աշխատանք փնտրելու և իրենց գործերը ցուցադրելու համար։  

«Խնդիրներից մեկը, որ իմ առաջ դնում եմ, այն է, թե ինչքան բան կարող եմ չանել այդ ցուցակից՝ հանձնարարելով թիմակիցներին կամ ավտոմատացնելով այդ պրոցեսները»

Ռեմ Դարբինյան

Առօրյան, շաբաթական 10 ստարտափների հետ հանդիպումները և Հայաստանը

Աշխատանքի կազմակերպման համար Ռեմը ունի անելիքների ցուցակ, որում անելիքները թարմացվում են շաբաթը երկու անգամ, իսկ առաջնահերթությունները վերանայվում ամեն օր։ «Խնդիրներից մեկը, որ իմ առաջ դնում եմ, այն է, թե ինչքան բան կարող եմ չանել այդ ցուցակից՝ հանձնարարելով թիմակիցներին կամ ավտոմատացնելով այդ պրոցեսները»,- նշում է Ռեմը։ Օրվա առաջին, իր համար ավելի արդյունավետ, մասը նա ծախսում է աշխատելով և ցուցակից անելիքները քչացնելով, իսկ երեկոյան` շուկան, մրցակիցներին և ոլորտը ուսումնասիրելով։

Տարիների ընթացքում հավաքած փորձը իր ընկերություններում կիրառելուց բացի, նա այն նաև կիսում է ոլորտով հետաքրքրվողների հետ։ Այժմ նա ակտիվ խորհրդատվություններ է տալիս ստարտափերներին։ Յուրաքանչյուր շաբաթ ունենում է հանդիպում 5-10 ստարտափների ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ անցած տարի մոտ 360 ստարտափի հետ խորհրդատվական հանդիպում է ունեցել։ Այդ հանդիպումների ֆորմատը ոլորտում իր ներդրումն ունենալու դրսևորումներից մեկն է։ Ինչպես նա նշում է՝ տեղափոխվել է Հայաստան այն մտքով, որ ներդրում ունենա և օգնի։ 

Ռեմի անցած ուղին այն անհրաժեշտ փորձառությունն էր, որի շնորհիվ նա կարողացավ հիմնել և միջազգային մրցակցության մեջ ճանաչելի դարձնել երկու ընկերություն։ Աշխատելով նոր գաղափարների շուրջ և կիսվելով իր փորձառությամբ, նա շարունակում է իր ներդրումն ունենալ հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման մեջ և ձգտել նոր նպատակների իրականացման։

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Հիմնադիր դառնալու ուղին. Ռեմ Դարբինյանը՝ իր անցած ճանապարհի, նպատակների, մոտեցումների և Viral Mango-ի մասին
Մերի Դոխոյան
Հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք ունի ասելիք, որով կարող է կրթել և ոգեշնչել դիմացինին: Զրուցում եմ հայ ստարտափերների և գործարարների հետ և գրում նրանց անցած ճանապարհի, մտածելակերպի և հիմնադրած ընկերությունների մասին: