«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։
Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։
Սա նախադեպ է հայաստանյան կուտակային կենսաթոշակային ֆոնդերի շուրջ տասնամյա գործունեության մեջ, երբ ֆոնդերի միջոցներից ուղղակի ներդրում է կատարվում տնտեսության իրական հատվածում՝ ձեռք բերելով հայկական ընկերության բաժնետոմսեր։
Մեկնարկել է Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը
«Ամունդի-Ակբայի կողմից իրականացրած ներդրումը ոչ միայն մեծացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դիվերսիֆիկացիան, այլև հնարավորություն է ընձեռում Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի շահառուներին դառնալ Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության անուղղակի բաժնետեր՝ օգտվելով վերջինիս զարգացման հեռանկարներից։ Այս քայլով Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը և կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար»,- նշել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Բարձր գնահատելով Ամունդի-Ակբայի ներդրումը հայկական ընկերությունում՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է․ «Ամունդի-Ակբայի այս քայլով ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դառնում է մեր ընկերության բաժնետեր։ Նման խոշոր միջազգային ֆինանսական կառույցի ներդրումը ցուցիչ է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղեգծով և մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը մշակված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը համապատասխան։ Շնորհակալ եմ մեր թիմի հանդեպ ունեցած վստահության համար»։
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացվելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։