Օրերս Երևանում տեղի ունեցավ «Մեծացնելով միաեղջյուր. իրավական եւ բիզնես գործիքներ հաջողակ ձեռներեցների համար» (Raising a Unicorn: Legal and Business Tools for Successful Entrepreneurs) թեմայով սեմինարը, որը վարում էին Latham & Watkins իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին յունիքորն ընկերության ստեղծման բիզնես եւ իրավական առանձնահատկությունները՝ ձեւավորումից մինչեւ գործարկում։
Ներկայացնում ենք ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորյանի հարցազրույցը.
Հայաստանը ձեռնարկատիրական տեսանկյունից մեծ պոտենցիալ ունի.
Կարծում եմ, որ Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ կան: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ շատ խելացի են և ստեղծագործական հետաքրքիր գաղափարներ ունեն: Երբ իմ կարիերան Միացյալ նահանգներում աճեց ու ես սկսեցի մեծ հաջողությունների հասնել իմ ոլորտում, դրան զուգահեռ հասկացա, որ Հայաստանում ՏՏ ոլորտի հանրույթը բավականին լուրջ զարգացում է ապրել: Հենց դա առիթ հանդիսացավ, որպեսզի ամեն տարի գանք Հայաստան ու փորձենք օգտակար նյութերով և խորհուրդներով կիսվենք տեղի ձեռներեցների հետ:
Էդուարդ Գրիգորյան
Էդուարդ Գրիգորյանը ծնվել է Հայաստանում, մեծացել Ռուսաստանում: Մոսկվայում սովորել է միջազգային իրավունք: 2009-ին տեղափոխվել է ԱՄՆ և ընդունվել Կոլումբիայի համալսարան։ Իսկ Հարվարդի իրավագիտության դպրոցում ձեռք է բերել իրավագիտության դոկտորի կոչում: Այժմ աշխատում է Latham & Watkins իրավաբանական ընկերության Նյու Յորքի գրասենյակում։
Հայաստանում գեներացվում է բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար աջակցություն է անհրաժեշտ:
Հետաքրքիր գաղափարներին պետք է օժանդակություն՝ թե՛ բիզնեսի, թե՛ իրավական տեսանկյունից: Դրական դինամիկա եմ նկատում այն առումով, երբ տեսնում եմ, որ բազմաթիվ վենչուրային կապիտալի ընկերություններ ծանոթանում են հայկական ընկերությունների հետ, թե ինչ տեսակ փորձառություններ ունեն, ինչ գործունեություն են ծավալում: Իհարկե, նաև թիմին են ուշադրություն դարձնում, քանի որ նրանք շատ հաճախ ներդրումներ են կատարում թիմում:
Վենչուրային կազմակերպությունների կողմից ներդրումներ կատարելը, իր կողմից ենթադրում ու ներառում է նաև իրավական խորհրդատվություն: Հենց այս մասով էլ մենք փորձում ենք օգտակար լինել հայկական ընկերություններին:
«Ռելոկացիայի» 3 փուլերը, պրակտիկ խնդիրներն ու տնտեսական հետևանքները
Ճիշտ է, Հայաստանում կան բազմաթիվ հաջող ձեռնարկություններ, բայց ըստ իս չկա բարձր որակի իրավական ծառայություն: Դրա համար կապվեցի հրեշտակ ներդնող Ալ Եսայանի հետ, քննարկում ունեցանք, ինչից հետո, հասկացա, որ հոյակապ կլիներ գալ Հայաստան, որպեսզի սկզբնական շրջանում հասկանանք թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել հայկական ստարտափներին: Դրանից հետո համոզեցի ավագ գործընկերոջս՝ Ալեքս Վոքսմանին միասին գալ Հայաստան ու հանդիպում ունենանք ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ:
Lավ գաղափարը սխալ մարդու ձեռքում իրականություն չի դառնա:
Ձեռնարկությունների հիմնադիրները թիմի շարժիչ ուժն են, նրանք են տալիս գաղափարները, բայց լավ գաղափարները ճիշտ մարդկանց ձեռքում պետք է հայտնվեն և իրականություն դառնան: Թիմում պետք է հավաքել ճիշտ մարդկանց ու տալ լավ գաղափարներ, իսկ լավ թիմ ունենալու դեպքում վենչուրային կազմակերպությունները կհետաքրքրվեն քեզնով:
Աշխարհում ավելի քան 200 պետություն կա: Միգուցե մենք աշխարհի ամենահարուստ երկիրը չենք, բայց երբ խոսքը վերաբերում է հայերի շրջանում խելացի, հաջողության հասած մարդկանց թվին, այդ ցանկում մենք չենք զիջում բազմաթիվ հարուստ երկրների: Մենք ունենք ճիշտ հարստություն, դա խելացիությունն է, ցանկությունն է, մարդկային կապիտալն է, պարզապես անհրաժեշտ է դա մի քիչ զարգացնել և դրանից հետո ամեն ինչ կգա: Մեր խելքը մեր ավանդական հարստությունն է:
Այնպիսի վենչուրային ֆոնդեր, որոնք աշխատում են Միացյալ Նահանգներում, երբևիցէ չեն լսել Հայաստանի մասին, հետևաբար չեն էլ գալիս Հայաստան ու չգիտեն, թե ինչու կարելի է հասնել այստեղ: Մենք փորձում ենք պատմել Հայաստանի մասին, բարձրացնել մեր երկրի մասին իրազեկությունը: Հուսով եմ, որ եթե Հայաստանը ճանաչելի դառնա ներդրողների համար, ապա բազմաթիվ մեծ ֆինանսական խաղացողներ կհասկանան, որ այստեղ հնարավորություններ կան ներդրումների համար, ինչը և կանեն:
Հայաստանի մասին իրազեկության պակասն է այն հիմնական գործոնը, որը դանդաղեցնում է բիզնես միջավայրի ձեւավորումը Հայաստանում
Պետք է կապեր ստեղծել, օգտագործել հնարավորությունները: Դիմե՛ք դրսի ընկերություններին, գրե՛ք նրանց: Չեմ ասում, որ այն ամենը ինչ կուղարկեք, կկարդան կամ լուրջ կընդունեն, բայց որոշները կկարդան: Մասնակցեք տարբեր միջոցառումների: Այս ոլորտում շատ անհրաժեշտ է կապեր ստեղծել, հանդիպել ճիշտ մարդկանց հետ:
Չնայած մենք հեռու ենք կապիտալի հիմնական կենտրոններից՝ Նյու Յորքից, Լոնդոնից, նայց կարծում եմ, որ տեխնոլոգիական նոր աշխարհում հնարավոր է օգտվել գործընկերության շուկաներից, եթե անգամ այդ շուկաները աշխարհի մյուս ծայրում են:
Սեմինարի ավարտին, Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը մասնակիցների հետ փոխանակվեցին կոնտակտներով: Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ բոլոր հնարավոր դեպքերում իրենց աջակցությունը կցուցաբերեն ՏՏ ոլորտի հայ մասնագետներին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։