ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 313,353 դրամ, ինչը 2025 թվականի ապրիլի համեմատ աճել է 9.9 տոկոսով: Ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 337,553 դրամ, իսկ պետական համակարգում՝ 249,189 դրամ:
Ըստ ոլորտների՝ ամենաբարձր վարձատրվողը ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է, որտեղ միջին աշխատավարձը մարտ ամսին հասել է 1,299,227 դրամի: Տեղեկատվության և կապի ոլորտում գրանցվել է 922,873 դրամ միջին աշխատավարձ, ընդ որում՝ տղամարդկանց աշխատավարձն այս ոլորտում կազմել է 1,125,253 դրամ, իսկ կանանցը՝ 661,394 դրամ:
Աշխատաշուկայում նկատվում է աշխատողների ընդհանուր թվաքանակի աճ: 2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում վարձու աշխատողների ընդհանուր թվաքանակը հասել է 818,402-ի: Մարտ ամսվա տվյալներով՝ գրանցված 812,459 աշխատողներից 224,892-ը աշխատում են պետական, իսկ 587,567-ը՝ ոչ պետական հատվածում:
Աճել է նաև աշխատուժի պահանջարկը՝ ապրիլին կազմելով 3,941 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 25.5 տոկոսով: Պահանջարկի մեծ մասը՝ 47.6 տոկոսը, կենտրոնացած է Երևանում:
Միաժամանակ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը 2025 թվականի ապրիլի համեմատ նվազել է և կազմել նախորդ տարվա ցուցանիշի 72 տոկոսը: Ապրիլի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 984 անձ, որից 543-ը կին և 441-ը տղամարդ, իսկ մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը նվազելով կազմել է 9 մարդ:












