Կառավարությունը հաստատել է առք ու վաճառք իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների աջակցության ծրագիրը, որը նախատեսում է շրջանառության հարկի հաշվարկման մասով 6 ամիս անցումային շրջան՝ մինչև 2025թ. հուլիսի 1-ը:
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ 2025թ. հունվարի 1-ից առևտրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից դարձել է 10%, միաժամանակ այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայից ծախսերի նվազեցման սահմանաչափը 4%-ից փոփոխվել է 9.5%-ի: Այնուամենայնիվ, տնտեսվարողները բախվել են խնդրի՝ կապված նախկինում ձեռք բերված չփաստաթղթավորված ապրանքային մնացորդների հետ, որը տվյալ դեպքում ստիպված կլինեն նվազեցնել միայն 4%-ի չափով՝ կրելով կորուստներ: Ընդունված անցումային շրջանում տնտեսվարողների մոտ առաջացող տարբերությունը կփոխհատուցվի, և փաստացի, մինչև 2025թ. հուլիսի 1-ը արտոնություն ստացող տնտեսվարողները հարկերը կվճարեն նախկին դրույքաչափերով:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ընդառաջելով բազմաթիվ տնտեսվարողների դժգոհություններին` կառավարությունը որոշել է իրականացնել աջակցության ծրագիր։ Անցումային շրջանում տնտեսվարողները պետք է հասցնեն վերանայել իրենց ձեռնարկատիրական մոդելը և անցում կատարեն ծախսերի առավելագույն փաստաթղթավորման: «Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները»,– նշել է Հովհաննիսյանը։
Ովքեր կարող են օգտվել արտոնությունից
Տնտեսվարող սուբյեկտին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետեւյալ պայմանները՝
- 2024 թվականին իրականացրել է առեւտրական գործունեություն,
- 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող,
- դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել են վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները:
Արտոնությունը ստանալու համար տնտեսվարողները 2025-ի առաջին երկու եռամսյակներից յուրաքանչյուրի համար պետք է ներկայացնեն սահմանվող ձևին համապատասխանող դիմում հարկային մարմնին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումը 2025 թվականի առաջին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչեւ 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ:
Կարդացե՛ք նաև.