Բիզնեսի համար գործունեության կայուն միջավայրը կենսական նշանակության պահանջ է, բայց մեր տարածաշրջանում, իհարկե, դժվար է դրանից խոսել: Բայց մեր Կառավարությունը, փոխանակ անկայունության մեղմման, ինքն էլ իր բաժին ցնցումներն է տալիս բիզնեսին:
Եվ ահա, e-draft.am կայքում տեղադրվել է Հարկային օրենսգրքի հերթական փոփոխության նախագիծը: Նախագիծը բաղկացած է երկու հոդվածից, որից առաջինը բուն փոփոխություն է, մյուսը սահմանում է ժամկետ, թե երբ է այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելու: Ամբողջ նախագիծը ունի հետևյալ տեսքը.
- Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Ի՞նչ է տեղի ունենում իրականում
Հարկային օրենսգրքով հիմա գործում է մի մեխանիզմ, համաձայն որի բիզնեսի սեփականատերերը, երբ բիզնեսից դիվիդենտ են ստանում, այլ կերպ ասած` բիզնեսից գումար են հանում, պետք է վճարեն այդ գումարի 5%-ի չափ հարկ: Սակայն եթե նույն տարում իրենց բիզնեսում ներդրում են կատարում, ապա այդ ներդրման չափ, բայց ոչ ավել քան իրենց վճարած հարկն է, հետ են ստանում պետությունից:
Սա շատ լավ հնարավորություն է, և բնականաբար բոլորը, կամ մեծամասնությունը օգտագործում են այս մեխանիզմը, որ իրենց փաստացի հարկային բեռը մի փոքր թեթևացնեն: Հիշենք, որ մեր մոտ հարկերը բավականին բարձր են, և այս գործիքը որոշակի առավելություն էր տալիս Հայաստանում գործող բիզնեսներին:
Հիմա ՊԵԿ-ը հանդես է գալիս այս վերադարձի մեխանիզմը վերացնելու նախաձեռնությամբ՝ համարելով, որ սա չարաշահում է և հարկային բեռի նվազեցման ոչ այդքան օրինական մեխանիզմ:
Նախ, ի սկզբանե ակնհայտ էր, որ շատերն են օգտվելու այս հնարավորությունից, և ոչ մեկի համար սա պետք է անակնկալ չլիներ: Զարմանալի է, որ պետությունը զարմանում է, որ բիզնեսները օգտվում են այս հնարավորությունից:
Կարդացե՛ք նաև՝
- Ֆինթեքը ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները
- 4 խորհուրդ գրագետ CV կազմելու համար
Իսկ ինչ թվերի մասին է խոսքը
ՊԵԿ-ը նախագծի հիմնավորման մեջ նշում է , որ վերադարձված հարկի գումարները կազմել են 28.7 մլրդ դրամ, որից
2019թ.-ին՝ 4,1 մլրդ դրամ,
2020թ.-ին՝ 4,4 մլրդ դրամ,
2021թ.-ին՝ 9,6 մլրդ դրամ
2022թ.-ին՝ 10,6 մլրդ դրամ:
Փաստացի փոփոխության միակ նպատակը պետական եկամուտների ավելացումն է՝ ի հաշիվ բիզնեսների սեփականատերերի:
Ինչ հետևանքներ կարող է ունենալ
Հարված ՓՄՁ-ներին
Շատերը հարցը նայում են ՓՄՁ-ների աչքերով և ասում են, որ այդ գումարները նրանց համար էական են: Համաձայն եմ , որ ՓՄՁ-ների համար իրոք այս մեխանիզմի վերացման արդյունքում հարկային բեռը մեծանում է, և բիզնեսի սեփականատերերի տնօրինվող եկամուտը քչանում է: Հիշենք, որ շատերը ունեն վարկային և այլ պարտավորություններ և պլանավորում են իրենց ծախսերը, իսկ հիմա կարիք է առաջանալու խնայողությունների նոր ռեզերվներ գտնել:
Հայաստանի ներդրումային գրավչությունը կնվազի
Արտասահմանցի ներդրողներ, ովքեր վերլուծում են, թե որտեղ կարող են իրենց գումարները ներդնել, կատարում են մանրակրկիտ հաշվարկներ, ուշադրություն դարձնում յուրաքանչյուր դրամին և միայն դրանից հետո որոշում այս կամ այն երկրում ներդրում անել: Հիմա նմանատիպ վերլուծություն արած և Հայաստանը նախընտրած բիզնեսները կանգնում են փաստի առաջ, քանի որ կատարել են մի քանի տարիների հաշվարկ և հիմա փաստացի հինգ տոկոսով ավելի քիչ են վաստակելու: Վերջին մեկ տարվա մեջ բավականին շատ եմ շփվել արտասահմանցի գործարարների հետ, և կարող եմ վստահաբար պնդել, որ նման փոփոխությունները նրանք շատ ցավոտ են տանելու:
Պետություն–բիզնես համագործակցության խնդիր
Նման փոփոխությունները, որոնք սովորաբար կատարվում են շուտափույթ, առանց բիզնեսին ժամանակ տալու վերանայել սեփական քայլերը, վերահաշվարկել բիզնես պլանը, կանգնեցնում է փաստի առաջ: Ցավալին այն է, որ նմանատիպ փոփոխությունները կրում են պարբերական բնույթ, ինչը ստիպում է բիզնեսներին գործել ավելի զգուշավոր, քանի որ հասկանում են՝ կամայական պահի իրենց պարտավորությունները կարող են շատանալ, իսկ առձեռն ստացած դիվիդենտները կրճատվել: Նման միջավայրում բիզնես խուսափում է մեծ և լուրջ ծրագրերից, սկսում է խուսափել նման երկրում ներդրումներ անելուց, ինչն էլ բացասական է ազդում ինչպես երկրի տնտեսական աճի, այնպես էլ հանրագումարային հարկային մուտքերի վրա:
Վլադիմիր Շատվերովը Team2B-ի հիմնադիրն ու տնօրենն է:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: