Twitter սոցիալական ցանցը հայտարարել է, որ սկսել է երկար սպասված՝ թվիթների խմբագրման գործառույթի թեստավորումը: Սակայն, այն հասանելի է լինելու միայն սոցցանցի վճարովի տարբերակից օգտվողներին:
Թեստավորումը սկսվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ այն երկրներում, որտեղ հնարավոր է վճարովի տարբերակը ձեռք բերել: Ամսական բաժանորդագրության արժեքը 5 դոլար է:
Թվիթները հնարավոր կլինի խմբագրել հրապարակումից հետո կես ժամվա ընթացքում: Միաժամանակ, տվյալ հրապարակումները կներկայացվեն որպես խմբագրված, և մյուս օգտատերերը հնարավորություն կունենան տեսնելու խմբագրման պատմությունը:
Նախկինում Twitter-ի ղեկավարությունը դեմ էր նման գործառույթին, սակայն Իլոն Մասկը, ով պատրաստվում է ձեռք բերել սոցցանցը, կողմ էր դրան: Նա նույնիսկ իր էջում հարցում էր անցկացրել, որի մասնակիցների մեծ մասը կողմ էին արտահայտվել գործառույթի ներդրմանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։