Հեռահաղորդակցության շուկայի օպերատորների ցուցանիշները նախորդ տարվա ընթացքում դինամիկ զարգացումներ են ապրել, տեղեկանում ենք օպերատորների հրապարակած հաշվետվություններից։
Բաժանորդների թիվը
Հեռահաղորդակցության շուկայի ծավալը շարունակում է մեծանալ: Մասնավորապես, ակտիվ բաժանորդների քանակը 3 կազմակերպությունների դեպքում աճել է յուրաքանչյուր եռամսյակ։ Ակտիվ բաժանորդների քանակով շուկայում բացարձակ առաջատարը Viva MTS-ն է, որի բաժանորդների քանակը 2023-ի 4-րդ եռամսյակում կազմել է 2 մլն 316 հազար 656՝ գերազանցելով Team Telecom Armenia-ի ցուցանիշը շուրջ 2,3 անգամ, իսկ Ucom-ի ցուցանիշը՝ 3,2 անգամ։ Team Telecom-ի բաժանորդների թիվը 2023-ի 3-րդ եռամսյակում հատել է 1 մլն-ի շեմը՝ վերջին եռամսյակում կազմելով 1 մլն 44 հազար 939։ Ucom-ի բաժանորդների թիվը նախորդ տարվա ընթացքում նույնպես աճել է՝ դառնալով 713 հազար 151, սակայն ակտիվ բաժանորդների քանակը զգալիորեն զիջում է մնացած 2 ընկերություններին։
Ընդhանուր բաժանորդների թիվը կազմում է 4 մլն 74 հազ 746, ինչը գերազանցում է երկրի բնակչության թվաքանակը, 26,5%-ով, ինչը նշանակում է, որ բաժանորդների մի մասն օգտվում է շարժական կապի մի քանի բաժանորդագրությունից։
Եկամուտները
Գործառնական եկամուտների առումով ևս տարին ընդհանուր առմամբ դրական դինամիկա է ունեցել։ Գործառնական եկամուտների մասով նույնպես Viva MTS-ը բացարձակ առաջատար է համարվում, գործառնական եկամուտները 2023-ի 4-րդ եռամսյակում կազմել են 14 մլրդ 232 մլն ՀՀ դրամ։ Ցուցանիշը մնացած երկու ընկերությունների ցուցանիշներին գերազանցել է շուրջ 2,8 անգամ։ Գործառնական եկամուտները նվազման միտում են ունեցել միայն Ucom-ի պարագայում՝ տարվա վերջին եռամսյակում։
Գործառնական եկամուտներում Team Telecom Armneia-ի և Viva MTS-ի պարագայում գերակշռող են եղել հեռախոսների միջոցով մատուցվող ծառայություններից եկամուտներ, Ucom-ի պարագայում գերակշռողը ձայնային ծառայություններից ստացված եկամուտներն են եղել։
Բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտների մակարդակով Viva MTS-ը բավականին զիջում է մնացած 2 կազմակերպություններին։ Ամենաշատ եկամուտները բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքից գեներացրել է Ucom-ը։
Ucom-ի շահույթը տարվա բոլոր եռամսյակներում բացասական է եղել, տարեվերջին վնասի չափը կտրուկ աճել է հասնելով՝ 1 մլրդ ՀՀ դրամի։
Team Telecom Armenia-ի պարագայում շահույթը 3-րդ եռամսյակում կտրուկ աճել է հատելով 1 մլրդ ՀՀ դրամի շեմը, շահույթի բարձր մակարդակը պահպանվել է նաև 4-րդ եռամսյակում՝ հասնելով 1 մլրդ 419 մլն ՀՀ դրամի։ Շահույթի կտրուկ աճ է գրանցվել նաև Viva MTS-ի պարագայում, որի մինչև հարկում շահույթը 3-րդ եռամսյակում հատել է 4 մլրդ դրամի շեմը՝ հասնելով 4 մլրդ 725 մլն ՀՀ դրամի։ Չնայած 4-րդ եռամսյակում շահույթի մակարդակը նվազել է նախորդ եռամսյակի համեմատ, սակայն այն շարունակում է բավականին բարձր մակարդակի մնալ։
Կարդացեք նաև՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: