Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ՝ Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Մարտի 19-ին ընկերությունների միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Team-ն այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը՝ բաժանորդներին տրամադրելով կայուն և բարձրորակ կապ:
Եսայանի խոսքով՝ 4 տարի առաջ գյուղական և քաղաքային վայրերի ընդամենը 4%-ն էր ծածկված Team Telecom Armenia-ի 4G տեխնոլոգիայով։ Այսօր այս ցուցանիշը 24% է, իսկ Ericsson-ի հետ այս համագործակցության շնորհիվ այն հասնելու է 80%-ի, և որոշ վայրերում խոսքը նաև 5G ծածկույթի մասին է։
Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մի շարք ռազմավարական ուղղություններով։ 2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 մլրդ․ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման նպատակով: Նշենք, որ ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է բջջային ցանցի համար:
Եվրասիա տարածաշրջանում Ericsson ընկերության ղեկավար Անդրեա Միսսորին շատ ոգևորիչ է համարում Team Telecom Armenia-ի հետ ռազմավարական համագործակցությունը և համոզված է, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները՝ ցանցի անվտանգության, արդյունավետության և կատարողականի բարելավման միջոցով, կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար և կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք։
Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում՝