Ներդրումային աշխարհում երկար ժամանակ տղամարդիկ են առաջատար եղել, սակայն վերջին տարիներին կանայք ակտիվություն են դրսևորում ոլորտում՝ կոտրելով կարծրատիպերը և ցույց տալով, որ սեռն այստեղ գլխավոր չափորոշիչը չէ։ Վենչուրային կապիտալիստներից մինչև CEO-ներ՝ այս կանայք ոչ միայն լավագույնն են իրենց ոլորտներում, այլ նաև նորովի են ձևավորել գլոբալ ֆինանսների ապագան։
Հոդվածում ներկայացնում ենք 5 կին ներդրողների, ովքեր մեծ ազդեցություն են թողել ֆինանսական աշխարհում։
Աբիգեյլ Ջոնսոն
Fidelity Investments ընկերության գործադիր տնօրեն

Աբիգեյլ Ջոնսոնը համաշխարհային ներդրումային ոլորտի ամենահայտնի «խաղացողներից» մեկն է։ Fidelity Investments ընկերության նախագահ դառնալուց հետո նա առանցքային դեր է ունեցել ընկերության վերափոխման գործում և նորարարական փոփոխություններ բերել մի ժամանակաշրջանում, երբ պասիվ ներդրումները վերածվում էին նորագույն տենդենցի։ 2014թ.-ին CEO նշանակվելուց հետո և 2016թ.-ին նախագահ դառնալուց ի վեր, նա Fidelity-ին առաջնորդել է դեպի նոր սահմաններ՝ ներառելով բորսայական ֆոնդեր (ETFs) և այլ պասիվ ներդրումային գործիքներ, որոնք հնարավորություն են տվել Fidelity-ին արդյունավետ մրցակցել ոլորտում։
Նրա ղեկավարման արդյունքում Fidelity-ի ակտիվները հասել են 13.7 տրիլիոն դոլարի․ անհավատալի աճ, որն ընդգծում է նրա մասնագիտական հմտությունները և ռազմավարական տեսլականը։ 2023թ.-ին Ջոնսոնն ընդգրկվել է American Banker-ի կողմից կազմված «Ֆինանսների ամենաուժեղ կանայք» ցուցակում։ Ջոնսոնի՝ նորամուծություններն առաջ տանելու և միաժամանակ ընկերության հաճախորդների առաջին մոտեցումը պահպանելու հմտությունն ընդգծում է նրա բացառիկ դերը ներդրումային աշխարհում:
Լիզ Անն Սոնդերս
Charles Schwab ընկերության գործադիր տնօրեն և ներդրումային գլխավոր ստրատեգ

Լիզ Անն Սոնդերսը ֆինանսական ոլորտի լավագույն կին ներդրողներից և ստրատեգներից մեկն է։ Charles Schwab ընկերությունում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելով՝ նա եղել է առաջատար վերլուծաբան ինչպես մանրածախ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրումների ոլորտում։ Սոնդերսը հայտնի է իր երկարաժամկետ ռազմավարությամբ և հաճախ խորհուրդ է տալիս ներդրողներին չհետևել շուկայի կարճաժամկետ կանխատեսումներին, այլ կենտրոնանալ սեփական նպատակների վրա և ռիսկային հանդուրժողականությանը համապատասխանող կայուն ռազմավարություն մշակել։
Սոնդերսն իր ֆինանսական կարիերան սկսել է 1986 թվականին, և այդ ժամանակից ի վեր ռազմավարական քայլերի և շուկայի վերլուծությունների շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել խոշոր ֆինանսական հրատարակություններում։ Նա ընդգրկվել է Barron’s-ի «Ֆինանսների 100 ամենաազդեցիկ կին» ցուցակում և նաև հայտնվել SmartMoney ամսագրի «Power 30»-ում։ Երկարատև ու հարուստ կարիերան, ինչպես նաև ներդրողների կրթության նկատմամբ ունեցած նվիրվածությունը Սոնդերսին դարձրել են ոլորտում կարևոր գործիչ:
Մելոդի Հոբսոն
Ariel Investments ընկերության գործադիր տնօրեն և նախագահ

Ariel Investments ընկերության գործադիր տնօրենն ազդեցիկ դեմք է ինչպես ֆինանսնական, այնպես էլ ընդհանրապես կորպորատիվ աշխարհում: Նա մեծ ներդրում է ունեցել ընկերության ռազմավարության ձևավորման գործում։ Ariel Investments-ը հայտնի է նաև բազմազանության հանդեպ իր նվիրվածությամբ, որը Հոբսոնը պաշտպանել է իր ամբողջ կարիերայի ընթացքում:
Սակայն Հոբսոնի գործունեությունը չի սահմանափակվում միայն Ariel-ում։ Նա հանդիսանում է նաև Starbucks-ի և JPMorgan Chase-ի խորհրդի անդամ, ինչպես նաև աչքի է ընկնում ֆինանսական ոլորտում իր նախաձեռնություններով։
Քեթի Վուդ
ARK Investment Management-ի գործադիր տնօրեն և գլխավոր ներդրումային ստրատեգ

Քեթի Վուդը ճանաչում է ձեռք բերել ETF ոլորտում՝ որպես ARK Investment Management-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Նա հայտնի է իր համարձակ ու երկարաժամկետ ներդրումային ռազմավարություններով, որոնք կենտրոնանում են բեկումնային տեխնոլոգիաների վրա։ ARK-ն առանձնանում է իր նորարարական մոտեցմամբ ETF ներդրումներին, և Վուդը հատկապես հավատացած է, որ արհեստական բանականությամբ, գենետիկ ուսումնասիրություններով և էլեկտրական մեքենաներով զբաղվող ընկերությունները կփոխեն համաշխարհային տնտեսությունը։
Ունենալով տնտեսագետի կրթություն և միլիարդների կառավարման փորձ AllianceBernstein-ում, Վուդը, հավատարիմ մնալով իր ներդրումային փիլիսոփայությանը, թե՛ հիացմունքի է արժանացել, և թե՛ քննադատության: Այնուամենայնիվ, ARK-ի տպավորիչ առաջընթացը և խորքային հետազոտություններով իր տեսլականը ամրապնդելու Վուդի կարողությունը նրան դարձրել են իր սերնդի ամենաքննարկվող ներդրողներից մեկը:
Դեբորա Ա. Ֆարինգտոն
StarVest Partners ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն

Դեբորա Ֆարինգթոնը ներդրումային կապիտալի ոլորտի հիմնադիրներից է։ 1998 թվականին հիմնադրել է StarVest Partners ընկերությունը, որը իգական սեռի ներկայացուցչին պատկանող ամենախոշոր վենչուրային կապիտալի ընկերություններից մեկն է ԱՄՆ-ում։ Ֆինանսական ոլորտում Ֆարինգթոնի կարիերան տասնամյակներ շարունակ դարձրել է օրինակ այն կանանց համար, ովքեր ձգտում են ինքնադրսևորվել ու կայանալ ֆինանսների ոլորտում։ StarVest-ը, ներդրումներ է կատարում տարբեր ոլորտների արագ զարգացող ընկերություններում, և բազմիցս հայտնվել Է Forbes-ի Midas ցուցակում:
Ֆարինգթոնը ֆինանսական ոլորտին ծանոթացել է իր հոր՝ Lehman Brothers-ում աշխատանքի շնորհիվ: Հետագայում նա դարձել է հաջողակ վենչուրային կապիտալիստ: 2018 թվականին արժանացել է Foreign Policy Association Centennial Medal-ին՝ ոլորտում ունեցած ձեռքբերումների համար։ Նրա նվիրվածությունը վենչուրային կապիտալին և առաջնորդությանը տղամարդկանց կողմից «նվաճված» ոլորտում նրան դարձրել են ներդրումների ոլորտում ամենաազդեցիկ կանանցից մեկը մեր օրերում:
Եզրակացություն
Այս հինգ կանայք համաշխարհային ֆինանսների առաջատարներն են և վերափոխում են ներդրումային աշխարհը: Նրանց հաջողությունն ապացուցում է, որ հաջողությունը պայմանավորված է ոչ թե սեռով, այլ հմտություններով, ռազմավարությամբ և փոփոխություններին հարմարվելու կարողությամբ:
Ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Կարդացե՛ք նաև.