Ժամանակակից աշխարհում ամենուրեք կարելի է հանդիպել տարբեր տեսակի, ոճի ու բովանդակության ինֆորմացիայի։ Տեղեկատվությունը ավելի քան երբևէ դարձել է հեշտ հասանելի, միևնույն ժամանակ տեղեկատավական հոսքը անկառավարելիորեն աճում է։ Գնալով ավելի է դժվարանում սոցիալական ցանցում նկատվելը։ Մարդիկ շտապում են, ու ժամանակի սղության պատճառով նույնիսկ որակյալ կոնտենտը հնարավոր է անտեսվի։
Եթե Ձեր մարքեթինգային ռազմավարության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում կոնտենտ մարքեթինգը, ապա Ձեզ անհանգստացնելու է մի հարց՝ «Ինչպե՞ս քիչ ժամանակում լսարանին շատ տեղեկատվություն հասցնել»: Պատասխանը կարելի է տալ «տեղեկատվություն» և «գրաֆիկա» բառերի համադրությամբ։
Օգտագործելով դիագրամներ, համեմատական աղյուսակներ, վեկտորներ՝ նպատակային ինֆորմացիան ընթերցողին կարելի է փոխանցել վիզուալ պատկերի միջոցով։
Ինֆոգրաֆիկաներում օգտագործվում են պատկերների և տեքստերի համադրություններ`ընթերցողների ուշադրությունը գրավելու և նրան արագ ու «խելացի» տեղեկատվություն փոխանցելու համար:
Կան ինֆոգրաֆիկայի 5 հիմնական տեսակներ: Եկե՛ք տեսնենք, թե որոնք են այդ տեսակները, և ինչպես է դրանցից յուրաքանչյուրը նպաստում մեր նպատակին հասնելուն։
1. Պատճառի և հետևանքի ինֆոգրաֆիկա
Սա ինֆոգրաֆիկայի մի տեսակ է, որն օգնում է ընթերցողներին պատկերացնել իրենց արածի կամ չարածի պատճառը կամ հետևանքը: Ինֆոգրաֆիկայի այս տեսակները լավագույնս ներկայացնում են երկու օբյեկտների հակադարձ կապը:
Օրինակ, երբ ինֆոգրաֆիկան ցույց է տալիս ծխելու կամ համակարգչի մոտ սխալ աշխատելու հետևանքները մարդու մարմնի վրա։
2․ Ժամանակագրական ինֆոգրաֆիկա
Այս դեպքում գործ ունենք ժամանակագրորեն համակարգված վիզուալ ներկայացելու հետ։ Այսպիսով, երբ անհրաժեշտություն կա ներկայացնելու որոշակի ժամանակահատվածում գրանցված տվյալները, երկար տեքստին կարող է փոխարինելու գալ մեկ տպավորիչ ժամանակացույց ինֆոգրաֆիկան։
3․ Քանակական ինֆոգրաֆիկա
Ինֆոգրաֆիկայի այս տեսակով ներկայացնում ենք վիճակագրություն, գծապատկերներ, որոշ համեմատություններ և որոշ փաստեր: Այսինքն վերջնարդյունքը ինֆոգրաֆիկան է՝ նկարագրական գրաֆիկներով, գծապատկերներով, համեմատական աղյուսակներով, փաստերով և թվերով:
Օրինակ՝ ScanLife-ը սպառողների վարքագծի և նախասիրությունների վերաբերյալ բոլոր տվյալները մեկ ինֆոգրաֆիկայում է տեղավորել՝ օգտագործելով բազմաթիվ գրաֆիկներ, գծապատկերներ, վիճակագրություն և նվազագույն տեքստ:
4. Ուղղորդված ինֆոգրաֆիկա
Ինֆոգրաֆիկայի այս տեսակում սովորաբար նախապատվությունը տրվում է քարտեզներ գծելուն, տեղաշարժերին կամ քայլերի հաջորդականությունը պատկերելուն: Եթե անհրաժեշտ է ցույց տալ քայլերի հաջորդականություն կամ որոշակի ուղղությամբ շարժվելու ճանապարհ, ապա այդ նպատակով հնարավորություն ունեք օգտագործելու ուղղորդված ինֆոգրաֆիկա:
5. Ապրանքի ինֆոգրաֆիկա
Ցանկանու՞մ եք, որ յուրաքանչյուր հաճախորդ իմանա ձեր արտադրանքի մասին: Արտադրանքի վրա հիմնված ինֆոգրաֆիկան հեշտացնում է տվյալների վիզուալիզացիայի ստեղծումը: Դուք կարող եք ստեղծել ինֆոգրաֆիկա՝ մանրամասն նկարագրելով արտադրանքի բովանդակությունը և ամբողջական տեղեկատվություն հաղորդել ընդամենը մեկ պատկերի միջոցով։
Ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկա մարքեթինգում
Մարդկանց մեծ մասը հիշում է կարդացածի միայն 20%-ը: Եվ մեր ուղեղ տեղափոխված այդ տվյալների 20%-ի 90%-ը վիզուալ բաղադրիչն է:
Ինֆոգրաֆիկաները հենց տեղեկատվությունը հնարավորինս հեշտ փոխանցելու եղանակներից մեկն են: Կարճ տեքստը և հեշտընկալելի ինֆոգրաֆիկան բարելավում են փոխանցվող տեղեկատվության ընկալունակությունը: Հետևաբար, բարձրացում են հաճախորդների ներգրավվածությունը։
1. Կոնտենտ մարքեթինգ
Ինֆոգրաֆիկաները շատ բազմակողմանի են: Ձեր ստեղծագործականությունն ու բովանդակության տեսակը կարող են գրավել հաճախորդների ուշադրությունը: Ինֆոգրաֆիկան խելացի միջոց է նոր հաճախորդներ ներգրավելու և առկա հաճախորդներին նպատակային գործողության դրդելու համար։
Ստեղծելով ինտերակտիվ բովանդակություն՝ ապահովում եք հաճախորդների ներգրավվածության բարձր մակարդակ, իրազեկման համար արժեքավոր բովանդակություն։
Բովանդակությունը մարքեթինգի առանցքն է: Ինֆոգրաֆիկան՝ Ձեր շուկայավարման ջանքերի կատալիզատորը:
2. SEO վարկանիշ
Մտածու՞մ եք SEO-ում ինֆոգրաֆիկ մարքեթինգի դերի մասին: Անհրաժեշտ է իմանալ, որ Google-ը նկարները և ինֆոգրաֆիկան դասակարգում և ընկալում է որպես տարբեր բովանդակություն:
Այսպիսով, ինֆոգրաֆիկան նաև աջակցում է այցելուների անցկացրած ժամանակի ավելացմանը:
3. Բրենդինգ
Ինչպես բոլորս գիտենք, վիզուալները բրենդավորման համար շատ ավելի արդյունավետ են, քան տեքստը: Ինֆոգրաֆիկան յուրահատուկ կերպով փոխանցում է բովանդակությունը տեքստի, գրաֆիկայի և դիզայնի միջոցով, քանի որ տեղեկատվության 90%-ը տեսողական է: Ինֆոգրաֆիկ շուկայավարությունն ավելի է ընդգծում բրենդավորման ջանքերը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինֆոգրաֆիկաները բարելավում են տրաֆիկը 12%-ով:
Ինֆոգրաֆիկա ստեղծելու խորհուրդներ
Ինֆոգրաֆիկայի տարբեր տեսակներ տարբեր կերպ են ազդում օգտատերերի վրա: Դժվար է որոշել տարբեր օգտատերերի վրա դրանց ազդեցության չափը, բայց կան որոշակի կանոններ, որոնք պետք է հաշվի առնել, երբ ստեղծում եք ինֆոգրաֆիկա ՝ լավագույն արդյունքները ստանալու համար:
1. Ընտրե՛ք գլխավոր գաղափարը
Ի՞նչ գաղափար ունեք ինֆոգրաֆիկա ստեղծելու համար: Ինֆոգրաֆիկայում պատկերելու համար շատ կարևոր է ունենալ խելամիտ և ուժեղ հիմնական գաղափար: Ձեր ինֆոգրաֆիկ մարքեթինգի ջանքերի արդյունքը կախված է թեմայի/գաղափարի ընտրությունից:
2. Մտածե՛ք տվյալների ներկայացման վիզուալ մասի մասին
Երբ պատրաստ լինի բովանդակությունն ու գաղափարը, սկսե՛ք մտածել՝ «Ինչպե՞ս եք ուզում դա ցույց տալ» հարցի մասին: Ձեր գաղափարը իմաստ չի ունենա, եթե դրան արժանի վիզուալ լուծում չգտնեք։ Պատկերների և տառատեսակների օգտագործումը նույնպես անմիջականորեն ազդում են ինֆոգրաֆիկայի հեշտընկալելի և էսթետիկ լինելու վրա:
3. Ընտրե՛ք համապատասխան/ճշգրիտ փաստեր և վիճակագրություն:
Ձեր ինֆոգրաֆիկայում ցանկացած տեղեկատվություն՝ համապատասխան փաստերով և վիճակագրությամբ ներկայացնելը կբարձրացնի ներգրավվածությունը: Թվերը մի՛շտ գրավում են ուշադրություն և հետաքրքրություն են առաջացնում: Համոզվե՛ք, որ համապատասխան թվեր եք ավելացրել Ձեր տվյալները ներկայացնելու համար:
4. Ցույց տվեք վիզուալ համեմատություններ, ժամանակի ընթացքում փոփոխություններ
Օգտագործե՛ք գծագրեր, գծապատկերներ, համեմատական աղյուսակներ տարբերություններ ցույց տալու համար: Համեմատությունները ամենալավն են վիզուալ առումով ցույց տալիս փոփոխությունները։
5. Ավելացրե՛ք հղումներ և աղբյուրներ
Ինֆոգրաֆիկա ստեղծելուց՝ գուցե ավելի վաղ կատարել եք հետազոտություններ: Նշե՛ք այն աղբյուրները, որոնցից վերցրել եք տեղեկատվությունը: Կամ հղում տվեք այն հեղինակներին, որոնց մեջբերում եք Ձեր տեքստում:
6. SEO ստուգում արե՛ք
Երբ ավարտեք դիզայնը և ինֆոգրաֆիկան պատրաստ լինի, ընտրե՛ք «SEO վերնագիր»՝ ինֆոգրաֆիկան հրապարակելու համար: Այդ նկարագրությունը և վերնագիրը կբարձրացնեն Ձեր ինֆոգրաֆիկայի տեսանելիությունը որոնման արդյունքներում:
Ծանոթացեք նաև կայքը SEO օպտիմալացնելու այլ եղանակներին։
7. Հրապարակում և մարքեթինգ
Երբ վերջապես հրապարակեք ինֆոգրաֆիկան, ընտրե՛ք այն հարթակը, որը ամենալավը կլինի Ձեր հրապարակման համար։
Ինֆոգրաֆիկայի հրապարակումը դեռ վերջը չէ: Դուք նաև պետք է խթանեք դրա տարածումը և հասանելիությունը սոցիալական հարթակներում:
8. Ստուգե՛ք բազմակի օգտագործման հնարավորությունը
Դուք կարող եք կրկին օգտագործել Ձեր ինֆոգրաֆիկան բովանդակության այլ ձևերով:
Ստորև ներկայացված են մի քանի կայքեր, որոնցից օգտվելով կկարողանաք պատրաստել ինֆոգրաֆիկաներ և վիդեոինդոգրաֆիկաներ։
Visual Capitalist-ը աշխարհում ամենաարագ աճող առցանց հրատարակիչներից է՝ կենտրոնացած այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են շուկաները, տեխնոլոգիաները, էներգիան և համաշխարհային տնտեսությունը:
Piktochart-ը հզոր, բայց հեշտ կիրառելի առցանց գործիք է, որը թույլ է տալիս ստեղծել ինֆոգրաֆիկաներ և ավելին՝ զեկույցներից և սլայդներից մինչև պաստառներ և թռուցիկներ:
Easelly-ն պարզ ինֆոգրաֆիկ գործիք է, որը թույլ է տալիս ցանկացած տեսակի տեղեկատվություն պատկերավոր դարձնել։ Ունի 3 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում:
Infogram-ը օգնում է ստեղծել ինտերակտիվ գծապատկերներ, ինֆոգրաֆիկաներ և քարտեզներ: Օգտագործվում է մարքեթինգային թիմերի, խմբագրությունների, ուսանողների կողմից: Տվյալների արտացոլման ամենասիրված գործիքներից է:
Renderforest-ը թույլ է տալիս ստեղծել «հեռարձակման որակով» տեսանյութեր։ Օգտագործումը լիովին անվճար է, և ցանկացած ոք կարող է բարելավել կոնտենտը ինֆորմատիվ վիդեոինֆոգրաֆիկաներով։
Animoto-ն թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել վիդեոգրաֆիկաներ և այլ տեսանյութեր, և դրանցով կիսվել համացանցում։ Տեսանյութեր կարելիէ ստեղծել ոչ միայն վիդեո բովանդակությունից, այլև լուսանկարներից: