Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը

Վարկ վերցնելու թեման միշտ արդիական է Հայաստանում։ Նույնքան արդիական է վարկ ստանալ չկարողանալը, ինչի հիմնական պատճառը թերի վարկային պատմությունն է։

Բայց ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը․ կարդացեք ստորև։

- Advertisement -

Սկզբի համար՝ ի՞նչ է վարկային պատմությունը

Բանկը կամ վարկային կազմակերպությունը, Ձեզ վարկ տրամադրելիս, ընդամենը պարտքով գումար է տալիս և ուզում է իմանալ՝ ի վիճակի՞ եք այն հետ վերադարձնել, թե՝ ոչ։ Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս՝ ինչպես եք  նախկինում ու ներկայում մարել պարտավորությունները։

Դրա մեջ ներառվում են հարցման պահից միայն վերջին հինգ տարվա տվյալները` անգամ եթե 20 տարվա վարկային պատմություն ունեք։ Այն ներառում է այդ ընթացքում ստացված վարկերի քանակը, գումարը, տեսակներն ու ժամկետները։ Առավել կարևոր տեղեկություն է դրանց մարումների կատարման կարգապահությունը, այսինքն՝ ժամանակին մարված տոկոսներն ու մայր գումարը կամ ուշացումները, ինչպես նաև՝ տրված երաշխավորությունները, դրանց գումարն ու պայմանները։ 

Ձեր վարկային պատմության մեջ արտացոլվում են ժամկետանց պարտավորությունները և դրանց տույժերը, չվճարված կամ ուշացված կոմունալ ու դեբիտորական պարտավորությունները ու վերջին վեց ամսվա միջին աշխատավարձի չափը (որպեսզի բանկը կամ վարկային կազմակերպությունն իմանա՝ որքան վճարունակ եք)։ Կարևոր է նշել, որ վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպիսիք են առողջական վիճակը, կրոնական կամ քաղաքական հայացքները, էթնիկ պատկանելությունը կամ նախասիրությունները։

Լավ վարկային պատմությունը հնարավորություն է տալիս վարկ ստանալ ավելի արագ և բարենպաստ պայմաններով, մինչդեռ վատ պատմությունը կարող է դառնալ մերժման կամ առավել խիստ պայմաններով վարկ ստանալու պատճառ։

Ինչպե՞ս ձևավորել լավ վարկային պատմություն

Լավ վարկային պատմություն ձևավորելու համար քայլ առ քայլ արեք հետևյալը․

  • ամենասկզբից միշտ ժամանակին կատարեք վարկի տոկոսների և մայր գումարի մարումները, 
  • լիովին մարեք գոյացած ժամկետանց պարտավորությունները,
  • խուսափեք վատ վարկային պատմություն ունեցող անձանց համար երաշխավոր լինելուց, 
  • ժամանակին վճարեք նաև կոմունալ պարտավորությունները,
  • պատասխանատու կերպով կառավարեք բանկային հաշիվները։

Բայց ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, փչացրել եք վարկային պատմությունը։

Ելքը մեկն է․ սպասեք, մինչև հին տվյալները մնան ստուգվող հինգ տարիներից դուրս և այդ ընթացքում խստորեն հետևեք վերևում նշված քայլերին։

Եթե Ձեզ հետաքրքիր է Ձեր վարկային պատմությունը՝ այն ինքներդ էլ կարող եք ստանալ, անգամ այն ժամանակ, երբ վարկ ստանալու հայտ չեք ներկայացրել։ Կարող եք ստանալ Դուք անձամբ՝ ԱՔՌԱ վարկային բյուրո ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կամ Ձեր կողմից լիազորված անձը։ 

Բանկերն ու վարկային կազմակերպությունները նույնպես կարող են դիմել Ձեր գրավոր համաձայնությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ դա անել կարող են նաև Կենտրոնական բանկը և դատարանը։ Կարևոր է հիշել, որ տարին մեկ անգամ Ձեր վարկային զեկույցը կարող եք ստանալ անվճար, դրանից ավել դեպքերում՝ վճարովի։

Եթե վարկային պատմության մեջ հայտնաբերում եք սխալ, անհրաժեշտ է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո գրավոր կամ առցանց «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակ։ Մեկ այյլ տարբերակ է անմիջապես դիմել տվյալը տրամադրած բանկին։

Իսկ ի՞նչ է վարկային սքորը

Սքորը վարկային պատմության համար շա՜տ կարևոր ցուցանիշ է։

Սա Ձեզ տրվող «գնահատական է»։ Վարկային բյուրոն այն հաշվարկում է հիմնվելով Ձեր վարկային պատմության ու էլի մի քանի գործոնների վրա։ Սքորի բարձր լինելը կարևոր է, քանի որ որքան լավն է Ձեր գնահատականը, այնքան ավելի վստահելի եք Դուք՝ որպես վարկառու։ 

Սքորի վրա ազդում են մի քանի կարևոր գործոններ՝ 

  • վարկերի սպասարկման որակը,
  • պատմության տևողությունը, 
  • գործող վարկերի քանակն ու մնացորդը, 
  • նոր վարկային դիմումների հաճախականությունը, 
  • աշխատանքային փորձի տևողությունը 
  • և եկամուտների չափը։ 

Ժամանակին կատարած մարումները, վարկային երկար պատմությունը և կայուն եկամուտները բարձրացնում են սքորը, իսկ ուշացումները, ծանրաբեռնվածությունը և հաճախակի դիմումները` նվազեցնում։

Սա այն հարցը չէ, որը կարելի է անտեսել։ Հետևողական վճարումները և պատասխանատու վարքը կարող են ապահովել ոչ միայն վստահություն բանկերի կողմից, այլև ավելի մեծ ազատություն Ձեր ապագա ծրագրերում։

Կարդացեք նաև՝

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: