Քնի խանգարումների ախտորոշում և բուժում՝ առցանց հարթակի օգնությամբ. Հայկական Sleep Doctor-ի պատմությունը

Բժշկական ոլորտի ստարտափները հայկական Big Story VC-ի սիրելիներից են. վերջերս How2B-ն պատմեց Docus-ի մասին, իսկ հիմա հերթը 200 000 ԱՄՆ դոլար ներգրաված Sleep Doctor-ին է, որը լուծում է շատ կարևոր՝ քնի խնդիր:


Մեթյու Ուոքերի «Ինչու ենք մենք քնում» գիրքը կարդալուց հետո Թաթուլ Աջամյանի մոտ միտք է առաջանում` օգնել քնելու խնդիր ունեցող մարդկանց: 

«Գրքում բացատրվում է քնելու կարեւորությունը առողջության համար, եւ ինչպես է այն ազդում մարմնի վրա: Աշխարհում չկա ոչ մի կենդանի օրգանիզմ, որ չի քնում, չնայած էվոլյուցիայի ընթացքում մնացել են ամենաուժեղները։

- Advertisement -

Ինձ շատ հետաքրքրեց այդ թեման, սկսեցի քննարկել ընկերներիցս Արմեն Վերդյանի հետ: Նա հայ է, բայց ծնվել ու մեծացել է Փարիզում, աշխատում է այնտեղ և իր հաճախորդներից մեկի բիզնեսը նույնպես ուղղված է քնի խանգարումները լուծելուն»,- պատմեց Թաթուլ Աջամյանը:

Ինչ խնդիր է թիրախավորել Sleep Doctor-ը

Վերդյանի փարիզյան հաճախորդը ուներ ընկերություն, որը քնելու խանգարում ունեցող մարդկանց տրամադրում էր սիփափ (c-pap) սարքավորում, որը լուծում է խնդիրը: Կազմակերպության եկամուտը գերազանցում է մի քանի հարյուր մլն եվրոն: Բայց դա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են, և այդ ոլորտում բիզնես հնարավորություններ չկան: 

Քնի խանգարումների ախտորոշում և բուժում՝ առցանց հարթակի օգնությամբ. Հայկական Sleep Doctor-ի պատմությունը
c-pap սարքավորմամբ քնած մարդ

«Մենք սկսեցինք քննարկել այդ ոլորտի խնդիրները: Պարզվեց, որ Ֆրանսիայում դիագնոստիկայի պրոբլեմ կա: Աշխարհում մոտավորապես մեկ միլիարդ մարդ տառապում է քնի հետ կապված տարատեսակ խնդիրներով, որից ամենատարածվածն անքնությունն է: Սակայն, նրանց մոտ 80 տոկոսը դիագնոստիկա չի անցել։ Այդ դիագնոստիկան տևում է 3-6 ամիս։ Իսկ մենք կարողացանք առաջարկել պրոդուկտ, որը դիագնոստիկան անում է 2-3 շաբաթվա ընթացքում, եւ կարևորը, որ դա անվճար է պացիենտի համար՝ օգտագործելով Ֆրանսիայի բժշկական ապահովագրության համակարգը»,- ասաց Թաթուլ Աջամյանը: 

Քնի խանգարումների ախտորոշում և բուժում՝ առցանց հարթակի օգնությամբ. Հայկական Sleep Doctor-ի պատմությունը
Sleep Doctor ստարտափի համահիմնադիր Թաթուլ Աջամյան

Պարզվեց, որ դիագնոստիկայի խնդիրը շատ սուր է: Թաթուլ Աջամյանին հատկապես տպավորել է մի կնոջ դեպք, որը տարիներ շարունակ տառապել է կլինիկական դեպրեսիայով և պարբերաբար հայտնվել հիվանդանոցում: Հետագայում, քնի ժամանակ նրա խռմփոցից բժիշկները պարզել են, որ նրա մոտ ընդամենը քնի ապնոէ (sleep apmea) է, որը հնարավոր է հեշտությամբ կարգավորել C-pap սարքով:

Քնի խանգարումների ախտորոշում և բուժում՝ առցանց հարթակի օգնությամբ. Հայկական Sleep Doctor-ի պատմությունը

Քնի ապնոէ (Sleep Apmea) — քնի խանգարում, որը բնորոշվում է քնի ընթացքում շնչառական դադարներով կամ անբավարար շնչառական էպիզոդներով։ Յուրաքանչյուր կանգ տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե և մեկ գիշերվա ընթացքում այդպիսի դրվագները կարող են կրկնվել բազմիցս։ Առավել տարածված է շնչականգերի զուգակցումը բարձրաձայն խռմփոցով։ Շնչառության վերականգնումը ուղեկցվում է խեղդոցի կամ փնչոցի նման ձայներով։ Քանի որ խանգարումը նպաստում է քնի ընդհատումներին, այս խնդրով հիվանդները սովորաբար քնկոտ են լինում կամ ամբողջ օրը ունենում են հոգնածության զգացում։ Երեխաների մոտ քնի ապնոէի առկայությունը կարող է բերել ուսուցողական պրոցեսի ընթացքում խնդիրների առաջացման կամ հիպերակտիվ վարքի դրսևորման։

Հենց դիագնոստիկայի խնդրի լուծումն էլ դարձավ ստարտափի մեխերից մեկը: Դիագնոստիկային պետք է հաջորդի բժշկի խորհրդատվությունը և անհրաժեշտության դեպքում c-pap սարքի մատակարարումը, և խնդիրը լուծված է: Անհրաժեշտ է ուղղակի այս շղթան ամբողջացնել և ավելի հեշտ, հասանելի դարձնել, ինչն էլ լուծում է Sleep doctor-ը:

«Մենք ստեղծեցինք համակարգ, որով մարդը կկարողանա այս ամենը կապել իրար մոտավորապես 30 անգամ արագ, քան նախկինում էր, ու նաեւ հեշտանա պրոցեսը տանը կազմակերպելը»,-պատմում է Աջամյանը:

Եզակի գործիք product management-ի համար. Leanbe-ն շուտով թողարկելու է ծրագրի 2-րդ տարբերակը

Ինչպես է աշխատում Sleep Doctor-ը

«Sleep doctor-ը կայք է, որտեղ կարդում եք քնելու պրոբլեմների մասին, հասկանում եք՝ արդյո՞ք դուք ունեք խնդիր թե ոչ, թեստ եք հանձնում, որը տեւում է մոտավորապես 2,5 րոպե: Թեստը միջինում 15 հարցից է բաղկացած։ Արդյունքում մենք կարողանում ենք բավական ճիշտ գնահատել՝ դուք քնի ապնոէի ռիսկ կամ հակվածություն ունե՞ք, թե՞ ոչ»,-ներկայացնում է ստարտափի համահիմնադիրը: 

Եթե հետազոտվողն ունի հիվանդության ռիսկ, ապա կայքում առաջարկում են կոնսուլտացիա անել բժշկի հետ՝ տեսակապով: Մասնագետի հետ խոսելուց հետո, նա որոշում է, սիփափ սարքավորումն առաքել պացիենտի բնակարան, որով անձը քնում է մեկ գիշեր, ինչին հաջորդում է ևս մեկ կոնսուլտացիա, որից հետո անցնում են լիարժեք բուժման: 

Sleep Doctor-ի շղթան

  • 3 րոպեանոց առցանց հարցաշարի լրացում
  • տեսակապով խորհրդատվություն բժշկի հետ
  • մեկ գիշեր հետազոտություն c-pap սարքով
  • բուժում

Քնի ապնոէ ունեցող մարդը քնելուց առաջ պարտադիր պետք է կրի այդ սարքավորումը: Թաթուլ Աջեմյանը բացատրում է, որ հիվանդության բուժման երկրորդ տարբերակը վիրահատական միջամտությունն է, բայց ոչ բոլորին է դա ցուցված: Ու այժմ հիվանդությունն ունեցողների մեծ մասը՝ 90 տոկոսից ավելին բուժվում է հենց այդ թերապիայով՝ դիմակով են քնում։  Sleep Doctor-ն էլ գործընթացը դարձրել է հեշտ և հասանելի:

Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն

Ֆրանսիա, Հայաստան, ԱՄՆ. Sleep doctor-ի ներկան ու ապագան

Ստարտափն աշխատում է Ֆրանսիայի չորս քաղաքներում՝ Փարիզ, Բորդո, Ստրասբուրգ եւ Լիոն, որտեղ մոտ 30 հազար մարդ անցել է  Sleep doctor-ի թեստով և մոտ 1000 հոգի էլ արդեն բժշկի հետ կոնսուլտացիա է իրականացրել:

Թիրախային մյուս շուկան Միացյալ Նահանգներն են: Քանի որ հիվանդությունը մեծ մասամբ գիրության հետ է կապված, ԱՄՆ-ում բնակչության 25%-ն, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդ մարդն ունի այդ խնդիրը: 

Հարթակի մոդելի հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ հիմնադիրները բժշկական որևէ գիտելիք չունեն, և այդ ոլորտում որևէ նոր բան չեն բացահայտել: Թեստը վերցրել են մասնագետներից և ադապտացրել, բուժման համար անհրաժեշտ սարքավորումները ևս նախկինում էլ կային: Ուղղակի, նրանք նկատել են այդ գործընթացի բաց ու խնդրահարույց հատվածները, որը և դարձել է բիզնես մոդելի հիմքը:

Հարթակի համար մեծ առավելություն է ստեղծում այն, որ Ֆրանսիայում առողջապահական ապահովագրության հաշվին հնարավոր է դարձել ծառայությունները մարդկանց մատուցել անվճար: Թաթուլ Աջամյանն ասում է, որ այլ երկրում այս հարթակը ներդնելու պարագայում պայմանների փոփոխություններ կլինեն: 

Հարթակը գործում է արդեն մեկ տարի: Թիմի մի մասը Ֆրանսիայում է, մյուս մասը՝ 6 աշխատակից, Հայաստանում: Հարթակի գլխավոր նպատակն է դառնալ առաջին թվային քնելու կլինիկան, այսինքն՝ պացիենտը սկսում է կայքից կամ հավելվածից, բայց հետագայում իրեն կարող է մատուցվել ամբողջական բուժում՝ սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի առաքման միջոցով: Հիմնական  ու վերջնական նպատակն է՝ լուծել քնելու հետ կապված բոլոր խնդիրները: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում: