Հունիսի 12-13-ը Հնդկաստանում անցկացվող «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովի» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կումար Շարման:
Ստորագրված փաստաթղթով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման գնահատման և թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:
«Ես տպավորված եմ, թե ինչպես են Հնդկաստանում, կիրառելով տեխնոլոգիաները, պայքարում աղքատության դեմ և ապահովում որակյալ ենթակառուցվածքների հասանելիությունը: Սա լավ օրինակ է, թե ինչպես պետք է աշխատենք և ինչի վրա կենտրոնանանք: Լիահույս եմ, որ միավորելով մեր ուժերը՝ կկարողանանք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել մարդկության կենսակերպի բարելավմանը»,- նշել է Գևորդ Մանթաշյանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: