Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
Եվրասիական տնտեսական միության քաղաքացիները վարկերի համար դիմելու դեպքում հավասար հնարավորություններ կստանան միավորման ամբողջ տարածքում։ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան վարկ վերցնել Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից: Արդյունքում՝ միության երկրներից մեկի քաղաքացիները կամ տնտեսվարողները կարող են վարկի համար դիմել մյուս չորս երկրի բանկեր, որոնք կկարողանան ստուգել նրանց վարկային պատմությունները և վարկավորման որոշումներ կայացնել:
Հիշեցնենք, որ համաձայնագրի նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից։ ԵԱՏՄ նիստի ժամանակ հայտարարվեց նաև, որ հեռավար վարկավորման համար պետք է զարգացնել ինտերնետ-բանքինգի մեխանիզմները:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։