Բժշկի ընտրություն՝ ո՞ւմ վստահել, ո՞ւր գնալ, ինչպե՞ս պայմանավորվել: Խնդիրն ակտուալ է բոլորի համար ու գրեթե միշտ: Բժշկին գտնելուց հետո առաջանում է դժվարությունների երկրորդ փուլը, գտնել ազատ ժամ մասնագետի մոտ և այցելել նրան առանց հերթերի:
Մասնագիտությամբ ճարտարապետ Իրինա Ղազարյանը, երկար տարիներ զբաղվելով UI/UX դիզայնով և մեծանալով բժիշկների ընտանիքում, ինչ-որ պահից որոշում է գործածել մասնագիտական հմտությունները և ստեղծել նոր պրոդուկտ:
Doctor Yan-ը ստեղծված է բժիշկների ու պացիենտների կյանքն էլ ավելի հեշտ դարձնելու համար: Գաղափարն առաջացել է COVID 19-ից առաջ, իսկ համավարակի ընթացքում թիմն աշխատել է գաղափարի իրագործման վրա՝ հեռավար:
Իրինան հենց Covid-ի ժամանակ գտավ մյուս համահիմնադրին՝ Զավեն Նաղաշյանին, ով պատասխանատու է ծրագրի տեխնիկական մասի համար, իսկ ինքը ստանձն առավ բիզնես պատասխանատվությունը:
Doctor Yan-ը կապում է պացիենտներին բժիշկների հետ: Հարթակը բաղկացած է երկու մասից. պացիենտների համար և բժիշկների համար:
Պացիենտները
Պացիենտներն իրենց հավելվածով փնտրում են մասնագետին, հիմնվելով բժշկի ներկայացրած տեղեկատվության և այլ պացիենտի կարծիքների հիման վրա: Կարծիք կարող են թողնել այն պացիենտները, ովքեր հենց Doctor Yan-ի միջոցով են գտել բժշկին և ստացել բուժօգնություն:
«Դրսից կարծիքներ կամ ֆեյք գրառումները բացառվում են, քանի որ կոճակը պարզապես չի աշխատի: Այն ակտիվ է միայն հավելվածի պացիենտների համար և միայն բժշկի մոտ այցն ավարտելուց հետո: Ձեր նախընտրած մասնագետին ընտրելուց հետո տեսնում եք նրան հարմար ժամերը և ամրագրում եք»,- պատմեց Իրինա Ղազարյանը:
«Հայաստանում ես գտա թիմ՝ լավագույն հնարավորություններով». Benivo-ի տնօրեն
Ինչպե՞ս է աշխատում հավելվածը բժշկի մոտ
Մասնագետները մուտք գործելով հավելված գրանցվում են, թե ինչ ծառայություններ են մատուցում, լրացնում են իրենց կրթության և աշխատավայրի մասին տվյալներ ու կարգավորում են օրացույցը մեկ անգամ ու հետևում են թե որ ժամերին կարող են պացիենտ ընդունել:
«Հաճախ լինում է, որ պացիենտները շփոթվում են և մասնագետների համար նախատեսված հավելվածն են ներբեռնում: Մենք այդ ամենը կարգավորում ենք: Աջակցման կենտրոնի աշխատակիցները գրանցման պահից սկսած հետևում են, որպեսզի ծրագիրն աշխատի կանոնակարգված: Եթե օրինակ պացիենտը բժշկին հայտ է ուղարկել և մեկ ժամվա ընթացքում հայտը չի հաստատվել, այդ դեպքում ինքներս ենք կապ հաստատում բժշկի հետ»,- ասաց Իրինա Ղազարյանը:
Թիմում աշխատում է ութ հոգի, հինգ ծրագրավորող, երկու հոգի աջակցման կենտրոնում և ևս մեկը համահիմնադիրներին օգնում է կոնտենտի հարցում:
«Մեր մոտ սկզբում աշխատեց բժիշկների հավելվածը, հետո փորձարկվեց նաև պացիենտների հավելվածը: Այժմ այնպես ենք անում, որ հավելվածը լինի բժիշկների անձնական օգնականը: Իրենց հավելվածում բացի գրանցումներից և պացիենտներից նաև հասանելի են միջոցառումները, որոնց պետք է մասնակցեն: Սա դառնալու է մի համակարգ, որը կծառայի որպես օգնական: Պացիենտների դեպքում, փորձում ենք այնպես անել, որ ավելի շատ հետևեն իրենց առողջությանը: Օրինակ հիշեցումներ տարեկան ստուգումների մասին»,-նշեց համահիմնադիրներից Իրինան:
Ավելի լայն հեռանկարում, համահիմնադիրները նախատեսում են դուրս գալ միջազգային ասպարեզ, այն երկրներ, որտեղ իրավիճակը մոտ կամ նման է Հայաստանին:
«Մենք մշակույթ ենք փոխում. համոզել մի ամբողջ սերնդի, որ բժշկի մոտ գրանցվի նախապես, իրոք բարդ է, մյուս կողմից համոզել բժիշկներին, որ նոթատետրում չանի նշումներ, կրկին դժվարություններ է առաջացնում: Դա տևական պրոցես է, մենք անընդհատ աշխատում ենք ու շարունակելու ենք»,- ասաց Իրինան:
Որոշ ներդրողներ, հավատացել են ծրագրի հեղինակներին, որպեսզի այն աշխատի նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այս պահին ստարտափն արդեն ներգրավել է միջոցներ 7 տարբեր ներդրողներից:
Հավելվածում գրանցվել է 600 բժիշկ և 10 հազար պացիենտ՝ ամբողջ հանրապետությունից:
Ծառայութունը պացիենտների համար անվճար է, իսկ բժիշկների համար տարեկան կամ ամսական բաժանորդագրությամբ, սակայն այս պահին հիմնական աճով պայմանավորված հավելվածն անվճար է, եթե բժիշկն ունի ամսական մինչև երեք գրանցում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։