Տարվա ամենամեծ ՏՏ միջոցառումներից մեկը՝ Tech week Gyumri-ն Հայաստանի երկրորդ ու մշակութային մայրաքաղաքում էր հավաքել ավելի քան 3300 հոգու: Քաղաքի դրամատիկական թատրոնի հարկի տակ հավաքված մասնագետները կարևորում էին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և նպատակ ունեն ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք՝ հավաքական ուժերով նպաստելով մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։
Տեխնոդպրոց Արցախում
Tech Week Gyumri 2022-ի ընթացքում, Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը հայտարարեց, որ Արցախում տեխնոդպրոց կբացվի: Դա Սոնա Մնացականյանի անկատար երազանք էր, ով այս տարվա ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվեց:
Սպարտակ Կյուրեղյանը տեղեկացնելով, որ այդ նպատակի համար «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության (www.supportourheroes.am) հետ համատեղ իրականացվում է «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Սոնա Մնացականյանի կիսատ թողնված երազանքը։
«Սոնան ուներ ծրագրեր, որոնց մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք, ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկը Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը:
«Թևեր»-ի գաղափարը գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելն է, որը Սոնայի մշակած ծրագիրն էր: Անդրանիկ կենտրոնը նախատեսվում է բացել Արցախի Ասկերանի Նախիջևանիկ գյուղում և ի հիշատակ Սոնա Մնացականյանի կկրի իր անունը։ Կենտրոնի ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ընդհանուր $107,000-ին համարժեք ՀՀ դրամ, որի մի մասն արդեն տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքվել է։
Աշխատանքի տոնավաճառ և այլ իվենթներ
Միջոցառման ժամանակ թվային աշխարհի 12 ոլորտներից մոտիվացիոն ելույթներ հնչեցին, աշխատանքի տոնավաճառներ կազմակերպվեցին, տեղի ունեցավ «Կորիզ» գաղափարների մրցույթը, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթը և hackathon, որի ընթացքում ստեղծվեց տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:
Աշխատանքի տոնավաճառին ներկայացել էին հատկապես ռուսական ընկերությունները, որոնք Հայաստանում ընդլայնվելու ու նոր գրասենյակներ բացելու տեսլական ունեն:
Կարդացեք նաև՝ Gyumri Tech week՝ 1700 մասնակից, աշխատաշուկաներ, քննարկումներ ու մրցույթ. Ինչ է սպասվում:
«Մեր 12 գրասենյակներից մեկը նախորդ շաբաթ է բացվել Երևանում ու արդեն 200 աշխատակից ունենք: Սա մեր առաջին փորձն է Հայաստանում, մասնակցել աշխատանքային տոնավաճառի: Հույս ունենք խելացի երիտասարդներով համալրել մեր թիմը»,- ասաց MIRO ընկերության ներկայացուցիչ Իրինա Դենիսովան:
Մեծ խնդիրների լուծումներ և համաչափ զարգացում. Tech week-ի ուղերձները
Միջոցառման կազմակերպչներից՝ TCF (The Crowdfunding Formula) ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանի կարծիքով, Հայաստանի կարևորությունը տեխնոլոգիական աշխարհում բարձրացնելու համար անհրաժեշտ է մեծ նպատակներ ունենալ: Իսկ TechWeek-ի տեսլականն այն է, մոտիվացնել մարդկանց, ցույց տալ, որ մարդիկ կարող են ոչ միայն տեղական խնդիրներ լուծել, այլև շատ մեծ ու համաշխարհային նպատակներ դնել իրենց առջև և ամենակարևորը՝ փորձեն լուծել դրանք:
«Նման խնդիրներ լուծելով կարևոր ես դառնում աշխարհի համար, ու արդեն կարևոր չի, թե որքան փոքր պետություն ես, քանի որ, բոլորն ուշադրություն են դարձնում քեզ»,- ասաց Նարեկ Վարդանյանը:
YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի կարծիքով էլ, միջոցառումը թույլ է տալիս երևանաբնակներին, ծանոթանալ, թե ինչ է կատարվում մարզերում, իսկ մարզաբնակներին՝ ինչ է կատարվում աշխարհի այլ մասերում։ Խաչատրյանի խոսքով՝ առայժմ համայնքն ավելի շատ ներդրում է անում մարզային զարգացման մեջ, քան դրա պտուղները քաղում, սակայն հետագայում չի բացառում նաև նման սցենարի զարգացումը․
Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյանն էլ ասաց, որ իրենք շատ կարևորում Հայաստանի համաչափ զարգացումը:
«Ուզում ենք, որ բոլոր մարզերն ունենան այն հնարավորություններն, ինչ ունի Երևանը: Լինելով փոքր ու քիչ ռեսուրսներով երկիր՝ մենք չենք կարող չզարգացնել մարզերը: Տեսել ենք, որ կա բաց և որոշել ենք միավորելով ջանքերն ու միավորվելով տեխնոլոգիական համայնքի հետ, կյանքի կոչել այդ ամենը: Գյումրին մինչ այս մշակութային մայրաքաղաք էր, հիմա դարձավ տեխնոհայրաքաղաք»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:
Հաջորդը՝ Tech week Vanadzor 2023
Վերջին օրվա ընթացքում էլ քվեարկությամբ որոշվեց հաջորդ տարվա Tech week-ի ընդունող քաղաքը. Վանաձորը հաղթեց Գորիսի հետ մրցակցությունը և կընդունի միջոցառումը մեկ տարի անց:
Նախորդ տարի տեխնոշաբաթն անցկացվել էր Ստեփանակերտում՝ պանելային քննարկումներով, Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված հեքեթոնով, «Կորիզ» գաղափարների մրցույթով: Միջոցառման ժամանակ Կարմիր Շուկայում բացվել էր «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և ստորագրվել «Հայքն աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:
Tech Week-2022 միջոցառման կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և The Crowdfunding Formula ընկերությունները։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։