Freedom House-ի վերջին հետազոտության համաձայն համացանցի ազատությունը շարունակում է նվազել աշխարհում՝ արդեն 14-րդ տարին անընդմեջ։
«Freedom on the Net 2024» զեկույցը, որն ուսումնասիրել է 72 երկիր, բացահայտել է, որ 27 երկրում համացանցի ազատությունը նվազել է, մինչդեռ միայն 18-ում է գրանցվել բարելավում: Ամենամեծ անկումը գրանցվել է Ղրղզստանում, իսկ Չինաստանն ու Մյանման համարվել են համացանցի ազատության առումով աշխարհի ամենավատ երկրները:
Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքերը որպես ազատ համացանց ունեցող երկիր: Համացանցի սահմանափակման հնարավոր եղանակներից վերջին մեկ տարում այստեղ գրանցվել են հետևյալ դեպքերը․ իշխանամետ մեկնաբանների կողմից առցանց քննարկումների մանիպուլացում և բլոգերների ձերբակալում՝ քաղաքական կամ սոցիալական բովանդակության պատճառով։ Freedom House-ի զեկույցում Հայաստանը հավաքել է 74 պայմանական միավոր։
Հարևան Վրաստանը ևս ստացել է 74 միավոր՝ նույնպես համարվելով «ազատ համացանցի» երկիր։ Արդբեջանը ստացել է միայն 34 միավոր՝ այդպիսով համարվելով համացանցային ազատությունը խստորեն սահմանափակող երկիր։ Այստեղ արձանագրվել են դեպքեր հետևյալ ուղղություններով․ ֆիզիկական հարձակումներ, բանտարկություններ, քաղաքական, սոցիալական և կրոնական բովանդակությամբ կայքերի արգելափակում, ինտերնետի միտումնավոր խափանումներ, իշխանամետ մամուլի կողմից տեղեկատվության խեղաթյուրում։
Համացանցը սահմանափակող ոչ ազատ երկրներ են Թուրքիան (31 միավոր), Ռուսաստանը (20 միավոր) և Իրանը (ընդամենը 12 միավոր)։
Զեկույցը նշում է, որ ուսումնասիրված երկրների ¾-ում մարդիկ ձերբակալվել են առցանց արված արտահայտությունների համար: Ավելին, առնվազն 43 երկրում մարդիկ ենթարկվել են ֆիզիկական բռնության իրենց առցանց գործունեության պատճառով։
Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ գրաքննությունն ու տեղեկատվության մանիպուլյացիան օգտագործվել են ընտրությունները խեղաթյուրելու համար առնվազն 25 երկրում: Սա լուրջ սպառնալիք է ժողովրդավարական գործընթացների համար: