Adobe-ը թողարկել է իր AI գործիքի առաջին տարբերակը՝ Firefly Video Model-ի տեսահոլովակներ ստեղծելու համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Reuters-ը նշել է, որ ծառայությունը կմրցի OpenAI-ի Sora-ի և Runway ստարտափի հետ։
Adobe-ի գործիքը ստեղծում է 5 վայրկյան տևողությամբ 1080p
հոլովակներ, որն ավելի կարճ է, քան Sora-ի 20 վայրկյան տևողությամբ հոլովակները: Օգտատերերը կկարողանան ստեղծել ամսական 20 հոլովակ՝ 9,99 դոլարով, և 70 տեսահոլովակ՝ 29,99 դոլարով։ Համեմատության համար՝ OpenAI-ն առաջարկում է 50 տեսանյութ՝ ամսական 20 դոլարով, ավելի ցածր որակով, կամ 500 ավելի բարձր որակի ու ավելի երկար տեսահոլովակներ՝ 200 դոլարով:
Թեև Adobe — ն արդեն հրապարակել է ծառայության գինը, ընկերությունը չի նախատեսում մինչև 2025 թվականի վերջ գներ սահմանել խոշոր օգտատերերի համար, ինչպիսիք են ստուդիաները, հաղորդում է Reuters-ը: Միևնույն ժամանակ, ընկերությունն աշխատում է Premium սակագնի վրա, որի մանրամասները կներկայացվեն այս տարվա վերջին:
Adobe Generative AI-ի փոխնախագահ Ալեքսանդրու Կոստինը պարզաբանել է, որ ընկերությունն աշխատում է 4K տեսահոլովակների ստեղծման վրա և կշարունակի կենտրոնանալ ոչ թե տեսահոլովակների երկարության, այլ բացառապես որակի վրա․ «Մենք կարծում ենք, որ լավ շարժումը, կառուցվածքը և հստակությունը, որը տեսահոլովակը ֆիլմի է վերածում, ավելի կարևոր են, քան երկար տեսահոլովակներ ստեղծելը», — ասել է նա:
Հիշեցնենք, որ Adobe-ն առաջին անգամ ներկայացրեց Firefly Video Model-ը հոկտեմբերին: