Թվային անցում՝ բանկային կարգավորումից դեպի նորարարություն. զրույց Հրաչյա Պապիկյանի հետ

Վերջին տասնամյակում Հայաստանում տեղի է ունենում թվային տեխնոլոգիաների արագ զարգացում, հատկապես ֆինանսական ոլորտում։ Արդեն սովորական են դարձել այն լուծումները, որոնք տարիներ առաջ համարվում էին նորարարական՝ QR վճարումներ, մոբայլ դրամապանակներ, հեռավար վարկավորում։ Այս փոփոխությունները ձևավորում են նոր մշակույթ, որտեղ թվայնացումը ոչ միայն տեխնոլոգիական է, այլև մտածողության փոփոխություն։ Աճող թվային գրագիտությունը, ճկուն կարգավորումները և մասնավոր հատվածի նախաձեռնողականությունը դարձել են համատեղ շարժիչ ուժեր։

Այս համատեքստում է, որ մենք զրուցել ենք Հրաչյա Պապիկյանի հետ՝ IDBank-ի Թվային պրոդուկտների մշակման ղեկավարի, ով իր կարիերան սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում։ Նրա անցած ուղին, գիտելիքներն ու փորձը լավ օրինակ են, թե ինչպես է հնարավոր կարգավորող համակարգից անցում կատարել դեպի նորարարություն ստեղծողի դիրք։ How2b-ի լրագրող Քնարիկ Խանոյանի հետ զրույցում Պապիկյանը պատմում է այդ անցման, թվային բանկինգի և Հայաստանի վճարային մշակույթի առաջընթացի մասին։

- Advertisement -

Պատմե՛ք, խնդրում եմ, ինչպե՞ս սկսվեց Ձեր աշխատանքային գործունեությունն IDBank-ում։

2020 թվականին միացա IDBank-ին։ Դա հենց այն ժամանակն էր, երբ բանկի համար սկսվել էր նոր պատմական ժամանակաշրջան։ Տեղի էր ունեցել բաժնետերերի փոփոխություն և մեկնարկել էր վերափոխման ու վերաբրենդավորման փուլը։ Դա ոչ միայն անվանափոխություն էր՝ Անելիք բանկից IDBank (ինչպես դա հաճախ տեղի է ունենում), այլ լիովին նոր փիլիսոփայության ներդրում։

Նպատակը պարզ էր՝ դառնալ Հայաստանի առաջին ընտրության թվային բանկը։ Այս ռազմավարական նոր մոտեցումը լիովին համընկավ իմ մասնագիտական հավակնությունների հետ՝ ձևավորելով հարթակ, որտեղ կարող էի միավորել կարգավորողի փորձառությունը և տեխնոլոգիական նորարարությունը՝ ստեղծելու թվային բանկինգի նոր որակ Հայաստանում։

Վճարային մշակույթի փոփոխությունը Հայաստանում

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի վճարային համակարգերում վերջին տասնամյակում։

Վերջին տասնամյակում մենք ականատես ենք լինում վճարային մշակույթի արմատական փոփոխության։ Եթե տարիներ առաջ գերակշռում էր կանխիկը և կանխիկ գործարքները, ապա այսօր արդեն արագ զարգացող տեխնոլոգիաներն ու կարգավորումների ճկունությունը հնարավորություն են տվել զգալի աճ գրանցել անկանխիկ գործարքների, QR վճարումների և մոբայլ դրամապանակների կիրառման մեջ։ Այս փոփոխության հիմքում կանգնած են մի քանի գործոններ՝ պետության և, մասնավորապես, Կենտրոնական բանկի ռազմավարական մոտեցումը, թվային ծառայությունների հասանելիության ընդլայնումը, ինչպես նաև հանրության թվային հմտությունների աճը։ Արդյունքում՝ վճարային դաշտը դարձել է շատ ավելի ճկուն, մրցակցային և ինտեգրված՝ ինչպես բանկերի, այնպես էլ ֆինթեք էկոհամակարգերի համար։

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի թվային բանկային առաջընթացը տարածաշրջանային համատեքստում։

Հայաստանը ցույց է տալիս առաջադեմ միտում՝ հատկապես հաշվի առնելով իր շուկայի չափը։ Թվայնացումը դառնում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև մշակութային գործընթաց։ Տարածաշրջանի այլ երկրների համեմատ մենք ունենք որոշակի առավելություններ՝ այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկի համեմատաբար բաց քաղաքականությունը նորարարության հանդեպ, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնողականությունը։
IDBank-ը և մի քանի այլ ՀՀ բանկեր ցույց են տալիս, որ կարելի է համեմատաբար փոքր շուկայում իրականացնել լուծումներ, որոնք մրցունակ են նույնիսկ միջազգային ստանդարտներով։ Եթե շարունակենք այս տեմպերով, Հայաստանն ունի պոտենցիալ դառնալու տարածաշրջանում թվային բանկային լուծումների առաջատար կենտրոն։

Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի թվային վճարումների ապագան։

Մեր կարծիքով՝ ապագան գնում է դեպի «անտեսանելի վճարումների» մոդել, երբ վճարումները տեղի են ունենում ֆոնային ռեժիմով, առանց ավելորդ միջամտության։ Սմարթֆոնն արդեն դարձել է ամենօրյա ֆինանսական գործիք, սակայն ապագայում այն կհամալրվի կրելի սարքերով, ավտոմատացված գործարքներով և վճարումների ինտեգրմամբ այնպիսի համակարգերում, ինչպիսիք են տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը։

Միաժամանակ՝ թվային վճարումները ունեն հսկայական ներուժ՝ ֆինանսական ներգրավվածության (Financial inclusion) տեսանկյունից։ Եթե այսօր գյուղական համայնքներում բնակվող անձը չունի բանկային մասնաճյուղի հասանելիություն, ապա ճիշտ թվային հարթակի միջոցով նա կարող է ստանալ վարկ, կատարել փոխանցում, կատարել կոմունալ և այլ առօրյա վճարումներ՝ ընդամենը մի քանի հպումով։ Դա հենց այն փոփոխությունն է, որին մենք ձգտում ենք։ Կարծում եմ՝ սա առավելագույնս լավ նկարագրվում է «թվային հավասարություն» տերմինով։

IDBank-ը՝ նորարար լուծումների առաջատար

Ի՞նչն է IDBank-ի առանձնահատկությունը բանկային համակարգի թվայնացման գործում։

IDBank-ը խթանում է թվայնացումը ոչ թե որպես լրացուցիչ ուղղություն, այլ որպես բիզնես մոդելի հիմք։ Մենք առաջիններից էինք, որ ներկայացրեցինք ամբողջովին հեռավար բանկային հաշվի բացում, ամբողջովին թվային վարկավորում, ֆինթեք-բանկ համագործակցություն Idram-ի հետ միասին, ինչպես նաև ստեղծեցինք էկոհամակարգ, որը թույլ է տալիս մեկ հավելվածում ունենալ ամբողջ ֆինանսական գործառույթների հասանելիություն։
Բացի տեխնոլոգիական լուծումներից, մենք ներդնում ենք նոր մշակույթ՝ տվյալահեն որոշումների կայացում, հաճախորդի փորձի մոնիթորինգ և շարունակական բարելավում։ Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս մնալ ճկուն, արագ արձագանքող և սպասարկման մեջ՝ առաջատար։

Ինչպե՞ս է Կենտրոնական բանկի աշխատանքային փորձը օգնում IDBank-ում թվային նորարարության գործընթացում։

Կենտրոնական բանկում անցած տարիները ինձ սովորեցրել են մտածել համակարգային մակարդակով։ Երբ աշխատում ես կարգավորիչ կառույցում, տեսնում ես ոչ միայն մի բանկի գործունեությունը, այլև ամբողջ համակարգի փոխազդեցությունը, ռիսկերը և հնարավոր ազդեցությունները։ Այդ մտածողությունը բերեցի ինձ հետ IDBank, որտեղ փորձում եմ թվային պրոդուկտները ձևավորել ոչ միայն որպես տեխնոլոգիական լուծումներ, այլ նաև՝ որպես երկարաժամկետ, կայուն և կարգավորումներին համահունչ բիզնես գործընթացներ։ Նման փորձառությունը նաև օգնում է մեզ ավելի արդյունավետ համագործակցել ԿԲ-ի և կարգավորող այլ մարմինների հետ և, շատ դեպքերում, կանխել խնդիրները դեռևս նախքան դրանց առաջացումը։

Կարո՞ղ եք առանձնացնել մի նորարարություն IDBank-ի կողմից։

Վերջին շրջանի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն ամբողջովին ավտոմատացված վարկավորման հարթակն է։ Մենք հեռացրել ենք բյուրոկրատական ընթացակարգերը և ստեղծել ենք համակարգ, որտեղ հաճախորդը կարող է ստանալ վարկ՝ ընդամենը մի քանի րոպեում, առանց մասնաճյուղ այցելելու։

Բոլոր գործընթացները՝ տվյալների հավաքագրումից մինչև վարկային գնահատում ու փոխանցում, իրականացվում են թվայնացված եղանակով։ Արդյունքում՝ մենք այսօր սպասարկում ենք նաև այն օգտատերերին, ովքեր նախկինում համարվում էին բանկային համակարգից դուրս։ Սա իրական ֆինանսական հասանելիություն է։

Մյուս շատ հետաքրքիր գործիքը, որն առաջինը ներդրվեց IDBank-ի կողմից, Rocket Line-ն է։ Այն ստեղծվեց «գնիր հիմա, վճարիր հետո» (Buy now, pay later) մոտեցման վրա, որն արդեն կիրառվում էր որոշ երկրներում։ Մենք այն համապատասխանեցրինք հայաստանյան օգտատիրոջ պահանջմունքներին և կարծում եմ՝ հաջողեցինք։ Այն արդեն դարձել է սպառողների սիրելի գործիքներից մեկը։

Թվային անցում՝ բանկային կարգավորումից դեպի նորարարություն. զրույց Հրաչյա Պապիկյանի հետ

Որո՞նք են Հայաստանում հիմնական մարտահրավերները թվային բանկային ծառայությունների ընդլայնման գործընթացում։

Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ առաջին մարտահրավերը թվային գրագիտությունն է։ Չնայած նոր սերունդը շատ արագ է ընդունում թվային գործիքները, կան խավեր՝ հատկապես տարեց բնակչության և գյուղական համայնքների շրջանում, որոնց համար թվային բանկինգը դեռևս շփոթեցնող է։

Երկրորդը՝ վստահությունն է։ Մարդիկ հաճախ վախենում են կիբեռհարձակումներից, տվյալների արտահոսքից։ Այդ իսկ պատճառով մենք շեշտադրում ենք կրթությունը, պարզ ու հստակ ինտերֆեյսը և անվտանգությունը՝ թե՛ տեխնիկական, թե՛ իրավական առումով։ Անում ենք առավելագույնը, որպեսզի գաղտնիության և տվյալների պաշտպանության նկատմամբ ունեցած մեր մոտեցումը հաճախորդին վստահություն ներշնչի։

Ինչպե՞ս կբնորոշեք կարգավորման դաշտը բանկային թվայնացման համար։

Հայաստանի կարգավորող միջավայրը զգալիորեն զարգացել է վերջին տարիներին։ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես գործընկեր՝ խթանելով նորարարությունը, միևնույն ժամանակ ապահովելով համակարգի կայունությունը։ Մենք տեսել ենք մի շարք նախաձեռնություններ՝ էլեկտրոնային նույնականացում, 24/7 վճարումների հնարավորություն։

Միևնույն ժամանակ, դեռևս կան որոշակի սահմանափակումներ։ Օրինակ՝ բաց բանկային սկզբունքները (open banking) դեռևս չեն ներդրվել, թեև կան հստակ ազդակներ, որ այդ ուղղությամբ աշխատանք սկսվել է։ Մեծ հարց է նաև տվյալների կառավարումը և դրանց փոխանցման կանոնները։ Եթե մենք ուզում ենք ունենալ լիարժեք ինտեգրված ֆինանսական էկոհամակարգ, ապա կարգավորումները պետք է աջակցեն տվյալների շարժուն և անվտանգ փոխանակմանը։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ԿԲ-ը բաց է և փորձում է հնարավորինս ճկուն մոտեցում ցուցաբերել, ինչը, իհարկե, հույս է ներշնչում։

Նոր հնարավորություններ, նոր մարտահրավերներ

Որո՞նք են հիմնական գլոբալ և տեղական մարտահրավերները թվային փոխակերպման ճանապարհին։

Տեղական և համաշխարհային մակարդակում մարտահրավերները ինչպես ունեն նմանություններ, այնպես էլ որոշ հանգամանքներով պայմանավորված՝ առանձնահատկություններ։

Աշխարհում բանկերը փորձում են հարմարվել նոր տեխնոլոգիաներին՝ միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության ու կարգավորումների պահանջները։ Հայաստանում նույն իրավիճակն է, պարզապես առկա են ռեսուրսների և շուկայի ծավալների սահմանափակումներ։

Առավել բարդ է հին համակարգերի ինտեգրումը նոր թվային լուծումների հետ։ Նաև՝ տեխնոլոգիաների թանկությունը, մասնագիտական կադրերի պակասը, միջազգային ստանդարտներին համապատասխանելու դժվարությունները։ Սակայն սա նաև հնարավորություն է՝ փոքր շուկայի ճկունությունն օգտագործել ի շահ նորարարության։ IDBank-ում մենք փորձում ենք այդ մարտահրավերները դարձնել աճի ուղենիշ։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մասնագետներին, ովքեր ցանկանում են աշխատել այս ոլորտում։

Եղե՛ք հետաքրքրասեր։ Մի՛ կանգնեք միայն այն բանի վրա, ինչ սովորել եք համալսարանում։ Տեխնոլոգիաները, ֆինանսները, հաճախորդների վարքագիծը փոփոխվում են արագ, և հաջողությունը գալիս է նրանց, ովքեր մշտապես սովորում են։

Թվային բանկինգը միայն տեխնոլոգիա չէ, դա նաև էմպատիա է՝ հասկանալ հաճախորդին, իմանալ նրա խնդիրները։ Եթե կարողանաք միավորել տեխնոլոգիական մտածողությունը բիզնես հասկացողության և մարդկային մոտեցման հետ, ապա անպայման հաջողության կհասնեք։ Եվ վերջապես՝ մի վախեցեք սխալվելուց։ Թվային աշխարհում ամենափոքր փորձարկումն անգամ կարող է բերել մեծ բացահայտումների։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները