Մարքեթինգի գրեթե բոլոր մասնագետները աշխատանքային հարցազրույցի ընթացքում գոնե մեկ անգամ լսել են «Ինձ վաճառի՛ր այս գրիչը» արտահայտությունը։ Արհեստական բանականության դարաշրջանում լավագույն պատասխանը կլինի՝ «Այս գրիչը արհեստական բանականության վրա է հիմնված»։
Այսօր արհեստական բանականության (AI) վրա հիմնված տեխնոլոգիաները գերակա դիրք են գրավում բազմաթիվ ոլորտներում․ արհեստական բանականության տարրերն առկա են գրեթե բոլոր ծրագրային արտադրանքներում և ծառայություններում։ AI (artificial intelligence)-ը դարձել է ներդրումային առաջնահերթություն աշխարհի ընկերությունների գրեթե մեկ երրորդի համար։ Եվ AI-ի արագ աճող տեմպերին զուգընթաց, գրեթե բոլոր մարքեթինգային հարթակները և գործիքները ևս շտապում են ավելացնել AI իրենց գործիքակազմում։
Առաջադրանքները, որոնց վրա մարդիկ սովորաբար ծախսում են ժամեր, օրեր, երբեմն նույնիսկ ամիսներ, արհեստական բանականությունը կարող է կատարել հաշված վայրկյաններում։ Ուստի ավելի ու ավելի շատ ընկերություններ են ներդրումներ կատարում արհեստական բանականության վրա հիմնված մարքեթինգում։
AI-ի և Մարքեթինգի Կապը
Ի՞նչ է Արհեստական բանականությունը
Արհեստական բանականությունը բարդ հարթակ կամ ծրագրաշար է, որը կարող է մշակել մեծ քանակությամբ տվյալներ: Տվյալները, որոնք AI-ն մշակում է, պատմական և փորձարարական տեղեկատվության խառնուրդ են: Համակարգն այնուհետև կարող է բացահայտել օրինաչափություններն ու շեղումները և նույնիսկ կանխատեսումներ անել:
Եթե AI-ն իր ձևավորման սկզբնական փուլում հիմնված էր պարզապես ավտոմատացված առաջադրանքների վրա (weak AI), ապա այսօր այն կարողանում է մտածել (Strong AI), ընդօրինակում է մարդու ինտելեկտը, խնդիրներին անհատական լուծումներ է առաջարկում և աստիճանաբար նոր հմտություններ ձեռք բերում։
Ըստ վիճակագրության, AI տեխնոլոգիաների կիրառումը կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը մինչև 40%-ով: Պատահական չէ, որ դեռևս 2018 թվականին McKinsey-ի ավելի քան 400 վերլուծությունների արդյունքները ցույց են տվել, որ մարքեթինգն այն տիրույթն է, որտեղ AI-ն մեծագույն արժեք կարող է դառնալ։
Եվ իրոք դա այդպես է․․․
AI-ի ազդեցությունը մարքեթինգում կարող է հսկայական լինել։
Հաճախորդների 76%-ն ակնկալում է, որ ընկերությունները կկանխատեսեն իրենց նախասիրությունները, կարիքները, ակնկալիքները և մտահոգությունները:
Ինչը գալիս է ապացուցելու վերջին ժամանակներում ChatGPT-ի սահուն մուտքը մեր կյանք և համատարած կիրառումը հատկապես մարքեթոլոգների, ծրագրավորողների և թարգմանիչների շրջանում։
Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը
AI-ի Կիրառումը Մարքեթինգում. Առավելությունները
AI-ի որոշակի առավելություններից օգտվելը կարող է դրականորեն ազդել մարքեթինգային գործընթացների և արդյունքների վրա: Մարքեթինգային ռազմավարություն մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել AI-ի ընձեռած լայն հնարավորությունները, առավելություններն ու թերությունները։
Ընդ որում, AI Մարքեթինգի ամենաառանցքային առավելությունն ամենօրյա կրկնվող գործընթացների ավտոմատացման հնարավորությունն է, ինչպիսիք են՝ ամենօրյա թասքերը, վերլուծությունները, արշավները։ Նման աշխատանքների ավտոմատացման շնորհիվ հնարավոր է դառնում կենտրոնանալ առավել ռազմավարական որոշումների և ստեղծագործական աշխատանքների վրա։
Առավելություն #1 . Գործընթացների ավտոմատացում
Մարքեթինգում առավել հաճախ ավտոմատացման են ենթարկվում են հետևյալ ուղղությունները՝
- Քոնթենթի ստեղծում և օպտիմիզացիա
- Ուղղագրական, շարահյուսական և քերականական սխալների վերհանում և ուղղում
- Մեկնաբանությունների և էլ․նամակների վերլուծություն, դասակարգում և պատասխանում
- Մարքեթինգային արշավների ավտոմատացում (լենդինգ էջերի ստեղծում և հաճախորդների սեգմենտավորում)
- Մարքեթինգային տարատեսակ վերլուծությունների իրականացում և զեկույցների կազմում
- Ապրանքների և ծառայությունների խիստ անհատականացված և թիրախավորված առաջարկներ
- Սոցիալական մեդիայի պլանավորում, իրականացում և արդյունքների վերլուծություն
- Կայքի գործարկում, օպտիմիզացում և նույնիսկ թեստավորում
Առավելություն #2․ Վարքային կանխատեսումներ
Տվյալների վերլուծությունների վրա հիմնված կանխատեսումները թույլ են տալիս ընկերություններին հասկանալ/կանխատեսել օգտատերերի նախասիրությունները, խնդիրները և կարիքները, այնուհետև այդ տվյալների հիման վրա կատարել համապատասխան առաջարկներ:
Այսպես, օրինակ Netflix-ը արդյունավետ կերպով օգտագործում է այս մոտեցումը ֆիլմերի առաջարկներ կատարելիս, իսկ Amazon-ը՝ ապրանքների:
Այս մոտեցումը որդեգրելու շնորհիվ՝ կարելի է մշակել տվյալների մի շարք դրույթներ, որոնք կօգնեն օգտվողներին ուղղորդել դեպի որոշակի ապրանք կամ ծառայություն:
Առավելություն #3․Ծախսերի խնայողություն
Թեև AI-ը մարքեթինգում ինտեգրելը պահանջում է որոշակի ներդրումներ, սակայն դա բերում է մեծ ծախսերի խնայողության հետագայում։
Առաջադրանքների ավտոմատացման և արդյունավետության բարելավման միջոցով AI կարող է օգնել ընկերություններին խնայել մարքեթինգային այնպիսի ծախսեր, ինչպիսիք են հավելյալ մասնագետների ներգրավվումը և գովազդային ծախսերը:
Առավելություն #4․ Արագություն և ճշգրտություն
AI֊ի շնորհիվ անհամեմատ կարճ ժամանակում կարելի է ունենալ հսկայական քանակությամբ տվյալների վերլուծություն՝ վերցված տարբեր աղբյուրներից՝ սոցիալական մեդիայից, Email Marketing-ից, վեբկայքերից, գովազդային արշավների արդյունքներից և այլն:
Ի հավելումն, AI ալգորիթմները կարող են վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ և բացահայտել օրինաչափություններ, որոնք կարող են բաց թողնվել մարդկանց կողմից: Սրա շնորհիվ կարելի է կայացնել տվյալների վրա հիմնված արագ և ճշգրիտ որոշումներ: Ահա թե ինչու AI մարքեթինգը նախապայման է յուրաքանչյուր բիզնեսի համար:
Առավելություն #5․ Արդյունավետ թիրախավորում
AI-ն կարող է օգնել առավել արդյունավետ կերպով բացահայտել և թիրախավորել հաճախորդներին՝ մեծացնելով կոնվերսիայի հավանականությունը և բարելավելով ROI-ն (ներդրումների վերադարձը): Արհեստական ինտելեկտի միջոցով հնարավոր է նաև կանխատեսել, թե հաճախորդների որ սեգմենտն առավել արագ կփոխակերպվի գնորդի: Նման կանխատեսումները թույլ կտան մարքեթոլոգներին նպատակաուղղել թիրախավորման ջանքերը և շոշափելի արդյունքներ արդյունավետ։
AI-ը աշխատում է 24/7
Եվ իհարկե AI-ի ամենամեծ առավելությունը նրա հասանելիությունն է՝ այն հանգստի կարիք չունի, չի հոգնում, արձակուրդ չի գնում։
AI-ի Կիրառումը Մարքեթինգում. Թերությունները
Թեև AI-ն մարքեթինգում ինտեգրելու բազմաթիվ առավելություններ կան, այն ունի նաև իր բացասական կողմերը, որոնք ևս մասնագետները պետք է հաշվի առնեն:
Թերություն #1․ Զգացմունքների բացակայություն
Թեև AI-ը կարող է անհատականացնել մարքեթինգային արշավները՝ օգտագործելով արդի տվյալներ, դա բնավ չի նվազեցնում մարդկային կապերի անհրաժեշտությունը: Օրինակ, չաթ-բոտերը արհեստական ինտելեկտի կիրառման ամենատարածված ձևերից են, որոնք կիրառվում են հիմնականում հաճախորդների հետ հաղորդակցությունն ավտոմատացնելու նպատակով:
Այնուամենայնիվ, ի տարբերություն մարդկանց, չաթ-բոտերը չեն կարող զգացմունքներ դրսևորել և դժվար թե հաճախորդի հարցմանը վերաբերվեն կարեկցանքով:
Բացի այդ, չաթ-բոթերն ունեն սահմանափակ պատասխաններ և երբեմն չեն տիրապետում տվյալների, որոնք անհրաժեշտ են հաճախորդի հարցին բավարար պատասխան տալու համար:
Արդյունքում հաճախորդները զգում են, որ իրենց մտահոգությունները լուրջ չեն ընդունվում, որը կարող է բացասական հետևանքներ թողնել բրենդի հետ հարաբերությունների վրա։
Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ սպառողների 53%-ը կրճատել է ծախսերը անհաջող փորձառության արդյունքում:
Որակյալ սպասարկումը կարևոր նախապայման է հաճախորդների պահպանման համար, ուստի չպետք է հաճախորդների հետ հաղորդակցությունը չափից ավելի վստահել AI-ին։
Թերություն #2․ Սխալվելու հավանականություն
Գրեթե անհնար է ամբողջությամբ ապավինել AI գործիքների անսխալականությանը: Ինչպես ցանկացած տեխնոլոգիա, AI գործիքները ևս ունենում են խնդիրներ, որի արդյունքում ունենում ենք օրինակ ոչ ճշգրիտ վերլուծություններ:
Թերություն #3․ AI-ին անհրաժեշտ է հսկայածավալ թարմ դատա և մարդկային միջամտություն
Արհեստական բանականության խելացի և ընդունակ լինելը անմիջական կապ ունի տրամադրված դատայի որակի և արդիականության հետ: Սահմանափակ կամ հին դատան հանգեցնում է AI-ի թերի կամ սխալ կատարման։ Աշխարհն անընդհատ շարժման մեջ է և սահմանափակ տվյալներով «կերակրված» AI-ը անսովոր և անկանխատեսելի իրավիճակի հանդիպելիս պարզապես ձախողում է։
Օրինակ, բոլորին քաջածանոթ ChatGPT գործիքում առկա տվյալները մինչև 2021 թվականի են։ Այս ժամանակային սահմանափակումը հաճախ նվազեցնում է նրա հնարավորությունները՝ ընդհուպ մինչև ժամանակավրեպ տեղեկություններ տրամադրելը։
Թերություն #4․ AI-ի Հնարավորությունների գերագնահատում
Շատ անգամ մարդիկ՝ ունենալով բավական բարձր կարծիք AI-ի վերաբերյալ և գերագնահատելով են նրա ունակությունները, ունենում են խիստ անիրատեսական ակնկալիքներ AI-ից։
AI-ն ունի բազմաթիվ ապացուցված օգտագործման դեպքեր մարքեթինգի համար, բայց կարևոր է, որ հաճախորդները, վաճառողները, մատակարարները, խորհրդատուները հստակ սահմանեն իրականության և ակնկալիքների սահմանները։
Թերություն #5․ AI-ն զուրկ է ստեղծագործական մտքից
Մարքեթոլոգի կարևորագույն հատկություններից է ստեղծարար միտքը՝ նորարարական և տարբերվող լուծումներ առաջ քաշելու, ռազմավարություններ մշակելու, բրենդի առանձնահատկություններին համապատասխան բովանդակություն ստեղծելու համար, որոնք ավելի հասու կլինեն թիրախային լսարանին և կխթանեն մարդային կապերի հաստատմանը և ամրապնդմանը։
Օրինակ, AI-ի կողմից ստեղծված բովանդակությունը երբեմն կտրված է լինում ընդհանուր համատեքստից, ուստի կարող է ձանձրալի կամ անհետաքրքիր լինել:
Ի վերջո, AI-ն կարող է հիանալի գործիք լինել մարքեթինգային որոշակի գործընթացներ ավտոմատացնելու և պարզեցնելու համար, սակայն AI-ն չի կարող փոխարինել մարդուն և կայացնել որոշումներին։
Նախագիծն է թելադրում իր ռազմավարությունը և AI գործիքակազմը
Արհեստական բանականությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս բարելավել իրենց ընդհանուր մարքեթինգային գործունեությունը՝ ավտոմատացնելով ամենօրյա մարքեթինգային առաջադրանքները, ինչպես օրինակ էլեկտրոնային նամակների պլանավորումն ու ուղարկումը, նպաստում է կանխատեսումների ճշգրտության բարձրացմանը, տրամադրում է տվյալների վերլուծություն և այլն:
Մարքեթինգային ռազմավարություններ մշակելիս պետք է հաշվի առնել մի շարք կարևոր գործոններ, ինչպիսիք են՝
- բիզնեսի առանձնահատկությունները
- թիրախային շուկայի խորը վերլուծությունը
- մրցակցային առավելությունների ճշգրիտ սահմանումը
- լսարանի հստակ թիրախավորումը
- սեգմենտավորումը և վերաթիրախավորումը
- առկա ռիսկերը
- առաջարկվող լուծումները և այլն կախված բիզնեսի ոլորտից և շուկայից։
Նաև շատ կարևոր է ընդգծել, որ հաջողված մարքեթինգային ռազմավարության հիմքում ընկած է համապատասխան մարքեթինգի ուղղությունների, հարթակների, գործիքների համադրումը և կիրառումը, ինչպես նաև ճիշտ մարքեթինգային ավտոմատացումը ՝ AI գործիքների ներդրմամբ։
Որևէ մոտեցում կարող է լավ աշխատել տվյալ բիզնեսի դեպքում, սակայն մեկ այլ բիզնեսի համար ձախողել՝ անկախ նրանից, թե որքանով նման կարող են լինել երկու տարբեր նախագծերը։ Ուստի յուրաքանչյուր բիզնեսի մարքեթինգային ռազմավարություն կազմելիս պետք է ունենալ անհատական մոտեցում՝ հիմնվելով վերլուծությունների, հետազոտությունների և կանխատեսումների վրա։
Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ ես ակտիվորեն ներգրավված էի AI-ի վրա հիմնված կողմնակի աղմուկը խլացնող Krisp ընկերության մարքեթինգային արշավների ստեղծման և իրականացման աշխատանքներում, AI մարքեթինգային գործիքները դեռևս լայն տարածում չունեին։
Իսկ այսօր, երբ որպես CMO պատասխանատու եմ Manot ընկերության (որը ևս հիմնված է AI տեխնոլոգիաների վրա) մարքեթինգը որպես առանձին ուղղություն հիմնելու և զարգացնելու համար, ապա պետք է նշեմ, որ այն յուրահատուկ մոտեցում է պահանջում։ Շատ կարևոր է, նախ ամենայն խորությամբ հասկանալ տեխնոլոգիայի առանձնահատկությունները և մարտահրավերները։ Այն, ինչ հաջողվել է նախորդ նախագծի դեպքում, հաջորդի դեպքում կարող է սխալ ընտրություն լինել և հակառակը։
Տեսականից անցում կատարելով գործնականին, ստորև AI-ի մի քանի գործիք կառանձնացնեմ, որոնք կարելի է կիրառել մարքեթինգային արշավներում։
Ինչպե՞ս չափել մարքեթինգը․ ոչ միայն փողով, այլ նաև KPI-ներով
AI գործիքակազմ (Վճարովի և Անվճար)
Մարքեթինգային արշավի յուրաքանչյուր կետում AI-ն առաջարկում է պատրաստի լուծումներ։ Օրինակ, արհեստական բանականությունը կարող է տարատեսակ քոնթենթ գեներացնել, մուտքագրված տեքստի հիման վրա նկարներ, վիդեոներ և այլ վիզուալներ ստեղծել, առաջարկել կայքերի դիզայնի և կառուցվածքի տարբերակներ, օպտիմիզացնել գովազդային արշավները և այլն։
Բազմագործառույթ AI գործիք
Հեղափոխական ChatGPT-ն կարող է օգտակար լինել մարքեթինգային գրեթե յուրաքանչյուր աշխատանք կատարելիս, պարզապես անհրաժեշտ է ճիշտ ձևակերպել պահանջները և վայրկյանների ընթացքում ստանալ ՝ էլ. նամակներ, բլոգային գրառումներ, պրոդուկտի նկարագրություններ, գովազդային տեքստեր, վերնագրեր, կայքի կառուցվածքային ձևանմուշներ, սոցիալական լրատվամիջոցների ենթագրեր և այլն:
Հնարավոր է նրան խնդրել, օրինակ որպեսզի փոփոխի քոնթենթի հնչերանգը՝ դարձնելով ավելի պաշտոնական կամ ըստ կիրառության համապատասխանեցնի որևէ նպատակի, օրինակ՝
«Բարելավել առկա բովանդակությունը SEO նպատակի համար»:
Նույնիսկ կարելի է մուտքագրել որևէ բիզնեսի մասին մանրամասներ և խնդրել, որպեսզի այն համապատասխան մարքեթինգային ռազմավարություն մշակի։
Իհարկե այս ամենը չափազանց գայթակղիչ է, բայց, ի վերջո, բիզնեսի լավագույն մարքեթինգային ռազմավարությունները կախված են յուրահատուկ նպատակներից և մարտահրավերներից, ինչպես նաև առկա ռեսուրսներից։
Միշտ պետք է հիշել, որ ChatGPT-ն չի տրամադրում real-time տվյալներ և ունի սահմանափակ տեղեկություններ։
Նկարների գեներացում
Այսպիսի հնարավորություն է առաջարկում DALL-E ծրագիրը․ անսխալ համադրում է հասկացությունները, վերարտադրում է տեքստը և փոխակերպում գոյություն ունեցող պատկերները։
Որպես AI պատկերների գեներատոր գործիք՝ կարելի է դիտարկել նաև Midjourney մշակումը։
Քոնթենթի գեներացում
Տեքստեր գեներացնելու համար օգտակար կլինի Copy.AI-ը։ Այն օգնում է որակյալ քոնթենթ ստեղծել, բլոգի հոդվածներ, լենդինգ էջերի և սոցիալական ցանցերի համար նախատեսված տեքստեր, ինչպես նաև պրոդուկտի նկարագրություններ։ Պարզապես անհրաժեշտ է մուտք գործեք Copy.Ai և փնտրել անհրաժեշտ ձևանմուշը։
Նաև կան մի շարք AI գործիքներ, որոնք նախատեսված են ոչ միայն քոնթենթի ստեղծման, այլ նաև օպտիմիզացիայի համար։ Այդ գործիքներից է նաև Article forge ծրագիրը։ Այն կպահանջի միայն բանալի բառը և հաշված րոպեների ընթացքում կունենաք ամբողջական հոդված։
Տեքստերի խմբագրում
Պատրաստի տեքստերը կարելի է կատարյալ տեսքի բերել Grammarly կամ Hemingway APP ծրագրերի օգնությամբ, ստուգելով շարահյուսական, ուղղագրական և քերականական սխալները, ինչպես նաև առաջարկում է ճիշտ տարբերակներ։
AI հիմքով SEO գործիքներ
SE օպտիմիզացիայի գործիքակազմում կարելի է ավելացնել Surfer SEO-ն կայքի բովանդակության, բանալի բառերի վերլուծության, կայքի աուդիտ իրականացնելու նպատակով։
Frase AI կօգնի ուսումնասիրել, գրել և օպտիմալացնել բարձրորակ SEO բովանդակություն րոպեների ընթացքում:
Վիդեոների գեներացում
Հնարավորությունները բազմաթիվ են նաև տեսանյութերերի դեպքում. Synthesia-ն կստեղծի AI տեսանյութեր, պարզապես անհրաժեշտ է մուտքագրել տեքստը։ Արդյունքում՝ բարձրորակ տեսանյութ՝ պարզ և ինտուիտիվ ինտերֆեյսով։
AI-ի առաջարկած գործիքակազմը բազմազան է։ Մնում է յուրաքանչյուր իրավիճակի և աշխատանքին համապատասխան գործիք գտնել և ճիշտ համադրել այ մարքեթինգային ռեսուրսների հետ։
Ամփոփում
Այսպիսով, AI-ը կտրուկ դարձավ մեր առօրյայի անբաժան մաս և աստիճանաբար անհրաժեշտություն է առաջանում, որ յուրաքանչյուր մասնագետ տիրապետի համապատասխան AI լուծումների և ներդնի AI-ը իր գործիքակազմում։ Այնուհանդերձ, AI-ը երբևէ չի կարող փոխարինել մարդուն, եթե մարդը վերահսկում է AI-ը։ Ի վերջո, AI-ն ընդամենը գրիչ է, իսկ գրիչը չի կարող դառնալ բանաստեղծ:
Կարդացե՛ք նաև՝
- Ինչպե՞ս «լեզու գտնել» Telegram-ի հետ
- How2Blockchain #1 Ի՞նչ է բլոկչեյնը և ինչպե՞ս է այն ձևավորվում
- Մեկնարկում է How2B-ի նոր նախագիծը Hexact-ի հետ համատեղ
Տաթև Հակոբյան
Թվային մարքեթինգի փորձագետ, մարքեթինգի խորհրդատու՝ 10 + տարիների փորձով` SEO, Growth Marketing, Acquisition Marketing, Generative AI Marketing
CEO & Co-Founder at GrowthHub
CMO at Manot