Ծանր 2020-ից հետո անցնող տարին հագեցած էր օֆֆլայն իրադարձություններով, նոր կրթական ծրագրերով, ակտիվ ներդրումներով և ոչ միայն: Հայկական ՏՏ-ում 2021-ը կարելի է համարել ներդրումների տարի: How2B-ն ներկայացնում է տարվա ամենակարևորն ու հետաքրքիրը ամիս առ ամիս:
Հունվար
Մեկնարկեց «Արմաթն Օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագիրը, որը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Ըստ ծրագրի՝ Հայաստանի ու Արցախի բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնք բաց կլինեն համայնքների երիտասարդների համար:
Այն իրականացվում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:
Փետրվար
Հայկական Krisp-ը ներգրավեց 9 մլն դոլար ներդրում, ի հավելում 2020-ի ամռանը ներգրաված 5 մլն դոլարի: Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը TechCrunch-ին հայտնել էր, որ 2021թ. դրությամբ ընկերությունը գնահատվում է 120 մլն դոլարից ավել։ Krisp-ն այժմ ունի ավելի քան 1200 կորպորատիվ բաժանորդ, որոնց թվում աշխարհի խոշորագույն զանգերի կենտրոններ և այլ հայտնի ընկերություններ։
Ձեռքբերումները, սակայն, սրանով չսահմանափակվեցին. Krisp-ը գործարկեց բացառիկ տեխնոլոգիա՝ մարդկանց ձայների հեռացումը, ինչը 5 տարվա կուտակած գիտելիքի, տաղանդի և մեծ ներդրումների արդյունքն է։
Մայիսին էլ ընկերությունն արժանացավ «ինտերնետի Օսկարին». Webby Awards՝ Productivity & Collaboration կատեգորիայում:
Մարտ
Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի հիմնած ServiceTitan-ը ներդրումային Series F շրջափուլում ներգրավեց 500 մլն դոլար Tiger Global և Sequoia Capital Global Equities ֆոնդերի գլխավորությամբ: Forbes պարբերականը հայ հիմնադիրներով առաջին միաեղջյուր (Unicorn) ServiceTitan-ը ներդրումների վերջին շրջափուլի արդյունքում գնահատեց 8.3 մլրդ դոլար։
Ընկերությունը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում, որն ունի ավելի քան 150 աշխատակից։
Ապրիլ
«ՔայլՏեքը» մեկնարկեց հատուկ վերականգնողական սարքեր ու սարքավորումներ պատրաստելու նախագիծը։ Սա հատկապես հատկանշական է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, թեև թիմն իր աշխատանքները սկսել էր 2016թ. «Քառօրյա պատերազմ»-ից հետո: Գերխնդիրը հաշմանդամություն ստացած տղաների հետ աշխատանքն է, նրանց քայլքի կորցրած ֆունկցիաների վերականգնումը և կանխարգելումը, նաև հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունների մեղմելը:
Արդյունքում ստեղծվել են հայկական արտադրության կանգնակներ, կանգնակ-մահճակալներ, կանգնակ-սայլակներ, քայլաբեր, ֆունկցիոնալ զուգափայտեր, անվասայլակի էլեկտրական կցորդիչներ։
Մայիս
«DigiCode 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվեց միջազգային մրցույթի ձևաչափով: Այն ընդգրկեց մասնակիցներ Ջավախքի և Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիաներից։
2021-ին մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 69 թիմ իրենց աշխատանքներով ներկայացավ եզրափակչին։
Նշենք, որ մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին:
Հունիս
Այս տարի հունիսին ակնկալվում էր, որ կկայանա ամենամյա Սևան Ստարտափ Սամմիթը, նույնիսկ նախապես հայտարարվել էին սամիթի օրերը, սակայն, կարելի է ասել, տարվա սկանդալը դարձավ դրա չկայանալը: Կազմակերպիչները հայտարարություն տարածեցին, որի համաձայն տարածքը, որտեղ նախորդ տարիներին անցկացվել է միջոցառումը, այս տարի չի հաջողվել ստանալ:
Սա քննարկումների մեծ առիթ դարձավ և պարզաբանումներ տարածեցին թե ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, թե կազմակերպիչները:
Հուլիս
Հուլիսը, ի տարբերություն նախորդ ամիսների, տարվա տեխնոեռուզեռի մեկնարկի ամիսն էր՝ հարուստ միջոցառումներով ու ներդրումներով:
Ամենամեծ ու սպասված միջոցառումը Ստեփանակերտում անցկացված Tech Week Artsakh 2021-ն էր: Տեխնոշաբաթը Ստեփանակերտում մեկ հարկի տակ հավաքեց Հայաստանի ու Արցախի հայտնի ու ազդեցիկ ՏՏ դեմքերին, առավել քան 1500 մասնակցի, 70-ից ավելի գործընկերների ու աջակիցների, 60-ից ավելի բանախոսների։ Սա սպասված էր նաև 2020թ.-ին Գորիսում չկայացած տեխնոշաբաթից հետո:
Տեխնոլոգիական շաբաթի շրջանակում իրականացվեց նաև հաքաթոն, Կորիզ գաղափարների մրցույթը՝ 3000 դոլար մրցանակային ֆոնդով, և, ՈՄԱ գումարտակի տղաների նախաձեռնությամբ Կարմիր Շուկայում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա։
2022-ին նույնպես պլանավորվում է կազմակերպել մեծածավալ տեխնոշաբաթ, այս անգամ արդեն Գյումրիում:
Ինչպես նշեցինք ներդրումային ամիս էր, պատմում ենք հերթով:
- Sololearn-ը ներգրավեց 24 մլն դոլար՝ բիզնեսի ընդլայնման նպատակով: Sololearn-ը ծրագրավորում սովորելու առցանց հարթակ է, որի միջոցով հնարավոր է սովորել Python, JavaScript, Java, C++, HTML, SQL և այլ ծրագրավորման լեզուներ:
- SuperAnnotate-ը 14.5 մլն դոլար ներգրավեց համակարգչային տեսողության ավտոմատիզացիայի նպատակով: Եղբայրներ Տիգրան և Վահան Պետրոսյանների հիմնադրված SuperAnnotate ստարտափը նաև մեծ շուքով նշեց նոր գրասենյակի տեղափոխվելը:
- Հայկական 10Web ընկերությունը ներգրավեց 2 մլն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի վենչուրային ֆոնդերից: 10Web-ը արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոստինգի և արագության օպտիմիզացիայի աշխատանքը։
Օգոստոս
PicsArt-ը դարձավ միաեղջյուր (Unicorn): Սա Հայաստանում հիմնադրված առաջին ընկերությունն է, որի արժեքը հատում է 1 մլրդ դոլարի շեմը:
Նկարների խմբագրման առաջատար հարթակը 130 մլն դոլար է ներգրավել Series C փուլում, որն իրականացվել է SoftBank Vision Fund 2 հիմնադրամի կողմից՝ G Squared, Tribe Capital, ինչպես նաև արդեն իսկ ներդրող հանդիսացած Sequoia, DCM, Graph Ventures, և Siguler Guf & Company ընկերությունների մասնակցությամբ։
Հիմնադրման պահից Picsart-ն ներգրավել է 195 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության տարեկան 100 մլն դոլար եկամուտի շնորհիվ այն արդեն իսկ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավելի։
Օգոստոսին հայ հիմնադիրներ ունեցող DISQO-ն հայտարարեց Series B փուլով 85 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին։
DISQO-ն ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման ու շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններով է ապահովում ավելի քան 175 աշխարհահռչակ բրենդերի, 125 խոշորագույն հետազոտական ընկերությունների և 35 առաջատար գովազդային գործակալությունների։
Ներդրումը գլխավորում է Sageview Capital ֆոնդը՝ March Capital, Valuestream Ventures, Alpha Edison ու Bonfire Ventures-ի մասնակցությամբ։
Ընկերությունը տարվա ընթացքում նաև հայտարարեց ֆինլանդական Verto Analytics (Verto) ընկերությունը ձեռք բերելու մասին:
Ընթացիկ տարվա հաջողություններից է նաև Հյուսիսային Ամերիկայի ամենաարագ աճող 500 տեխնոլոգիական ընկերությունների ցանկում ընդգրկվելը:
Նշենք, որ DISQO-ն հիմնադրվել է 2015 թվականին ԱՄՆ-ում՝ ամերիկահայ գործարարներ Արմեն Աճեմյանի, Դրո Քոչարյանի և Արմեն Պետրոսյանի կողմից։ Հայաստանում ընկերության գրասենյակը բացվել է 2018-ին, որն ունի մոտ 100 աշխատակից, գլոբալ հատում է 300-ը:
Սեպտեմբեր
Հայ համահիմնադիրների Hexact-ը գործարկեց Hexomatic հարթակը: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ հարթակը «ընդամենը մեկ ամսում գրանցել է վեցանիշ թվով դոլարային եկամուտ»:
Hexact-ը հիմնադրվել է 2019 թվականին: Ընկերությունը 3 պրոդուկտ է ներկայացնում. Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը, Hexowatch-ը առցանց փոփոխությունների մոնիտորինգի և ծանուցման գործիք է, Hexomatic-ը ավտոմատացնում է կրկնվող և ժամանակատար աշխատանքները:
Google-ի գործընկեր հայկական թիմի տարեկան հասույթն աճել է 400 տոկոսով:
Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրված CodeSignal տեխնիկական գնահատման հարթակը Series C շրջափուլում նեգրավեց 50 մլն ԱՄՆ դոլար: Մինչ այդ ընկերությունը 25 մլն դոլար էր ներգրավվել գրեթե մեկ տարի առաջ:
Ներդրումը ինժեներների, այլ տեխնոլոգիական մասնագետների գնահատման և կադրերի որոնման հարթակի կատարելագործման նպատակով է՝ Menlo Ventures և Index Ventures-ի գլխավորությամբ:
Հոկտեմբեր
Այս տարի իր հաղթարշավը շարունակեց նաև Podcastle-ը, որը ներգրավեց 7 մլն դոլար RTP Global-ի և Point Nine Capital-ի գլխավորությամբ, ինչպես նաև S16 VC-ի և ընկերության նախորդ ներդրողների՝ Sierra Ventures-ի և AI Fund-ի մասնակցությամբ:
Podcastle-ը հիմնադրել է PicsArt-ի հիմնադիր և տնօրեն Արտավազդ Երիցյանը։ Նա ստեղծել է առցանց գործիք, որը AI տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս իրականացնել պրոֆեսիոնալ մակարդակի փոդքասթներ կամ այլ ձայնային նախագծեր։ Մեկ տարուց քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի այն ունենա 200 հազարից ավել օգտատեր և երկու շրջափուլով ներգրավի մոտ 9 մլն դոլար։
Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի և սննդի ինտերակտիվ մեդիա պլատֆորմը ներգրավեց 400.000 ԱՄՆ դոլար ներդրում ամերիկյան 2420 Ventures ընկերությունից: Ուշագրավ է, որ ներդրումը կատարվել է հենց ՀՀ-ում, այսինքն ընկերությունը մնացել է ՀՀ-ի իրավական և հարկային դաշտում և չի տեղափոխվել ԱՄՆ:
Ներդրումը ուղղվելու է պլատֆորմի գիտական բժշկական բովանդակության ընդլայմանը և զարգացմանը: Ներդրումը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև բժշկական և կենսաբանական ոլորտում գտնվող մասնագետների համար:
Առաջին անգամ Հայաստանում իրականացվեց DigiWeek 2021 միջոցառումը: Մեկ շաբաթվա ընթացքում Երևանում, Վանաձորում և Գյումրիում հագեցած օրակարգով տեղի ունեցավ տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք, որի ընթացքում հոկտեմբերի 29-30-ին կայացավ DigiTec 2021-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որն այս տարի առաջին անգամ անցկացվում էր առանց Կարեն Վարդանյանի։
DigiWeek-ը համախմբեց ամբողջ աշխարհից ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներին և քաղաքականություն մշակողներին՝ տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները քննարկելու նպատակով։
Նոյեմբեր
Ստեղծվեց BigStory VC վենչուրային հիմնադրամը: BigStory VC-ի հիմնադիրներն են Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանը, Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանը:
Դավիթ Բաղդասարայի խոսքով՝ նորաստեղծ վենչուրային հիմնադրամը նախատեսում է 2 տարվա ընթացքում $10 մլն ներդնել մոտ 24 հայկական ստարտափներում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տվեց «Հայաստանում տիեզերական սարքաշինության եւ ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։ Տիեզերական ոլորտի առաջխաղացման համար կհատկացվի մինչեւ 200 մլն դրամ դրամաշնորհ:
Կրկին ներդրումներ:
- Հայկական Cognaize ընկերությունը սաղմնային փուլում 2 միլիոն դոլար ներգրավեց: Cognaize-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում է արագ և որակով մշակել հիմնական տեղեկատվությունը: Ընկերության հիմնական՝ 240 հոգանոց թիմն աշխատում է Հայաստանից:
- Y Combinator-ի 2018թ. ամառային շրջափուլի մասնակից Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ActiveԼoop ստարտափը 5 միլիոն դոլար ներգրավեց 468 Capital և CM Ventures ֆոնդերի գլխավորությամբ, որին մասնակցել են նաև Tribe Capital, Shasta Ventures ֆոնդերը: Activeloop-ը մեդիա ուղղվածության արհեստական բանականության հավելվածների համար ստեղծում է տվյալների բազա։ Այժմ բաց կոդով նախագիծն ունի 55 աջակից և ընդհանուր առմամբ համայնքի 700 անդամ: Ծրագիրը մինչ այժմ ներբեռնվել է 300,000 անգամ։
Չմոռանանք նաև՝ գործարկվեց How2B մեդիա հարթակը, որն իր ուշադրության կենտրոնում է պահելու հայաստանյան ՏՏ ոլորտը, ստարտափներին և դերակատարներին:
Դեկտեմբեր
Հայկական շուրջ 20 ստարտափ թիմ և 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-ից 12-ը մասնակցեցին SSSholidays միջոցառմանը:
Ստարտափ Արմենիա հիմնադրամ 2016 թվականից ի վեր կազմակերպում է Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա նախագիծը։ 2018 թվականին նախագիծը ստացավ միջազգային համբավ և առաջին անգամ անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և այնուհետև Հնդկաստանում՝ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվան ներքո։ Այս տարիների ընթացքում SSS-ը հյուրընկալել է ավելի քան 25 000 մասնակից աշխարհի 90 երկրից: Նախագծի մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 350 000 ԱՄՆ դոլար, իսկ միջոցառումների ընթացքում կատարված ներդրումները գերազանցել են 4 միլիոն ԱՄՆ դոլարը:
Հ.Գ. Տարին ավարտվեց ոգևորող լուրով. 2022թ. պետական բյուջեյի մասին օրենքի նախագծով հաջորդ տարի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրերի համար նախատեսված է հատկացնել մոտ 25.15 մլրդ. դրամ, ինչը նախորդ տարվա փաստացի հատկացումների համեմատ կազմում է մոտ 60%-ով աճ: