Կրկին տարվա այն ժամանակն է, երբ վրաններում, լճի ափին հազարավոր մասնակիցներ ստեղծում են իրենց նոր ստարտափները։ Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ը՝ ստարտափների համար ամենակարևոր հայաստայան իրադարձությունը, այս տարի վերադարձել է աննախադեպ մեծ թվով մասնակիցներով ու նորարարություններով։ Վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումին այս տարի մասնակցում է 1500-ից ավելի մասնակից։ 15 հազարից ավելի այցելուներ, 8 առանձին միջոցառում, 3 կրթական ծրագիր՝ Սևան Ստարտափ Սամմիթը փոխում է ձևաչափը և դառնում միջոցառումների պլատֆորմ։
Տարբեր փուլերում գտնվող ստարտափներն իրենց գաղափարները ներկայացնում են ներդրողներին և մենթորներին` մասնակցելով պանելային քննարկումների, սեմինարների, բանակցությունների, ժամանցային միջոցառումների: Մենթորները նաև արտասահմանից են։ Բարիս Էֆեին շատ են տպավորել երիտասարդների համարձակ գաղափարները՝ բժշկությունից մինչև կլիմայական խնդիրներ։
Այս տարվանից Սևան Ստարտափ Սամմիթի մի մասն է կազմելու է Fintech Innovation Summit-ը՝ ֆինանսներում նորարարությունները զարգացնելու և Հայաստանի ֆինտեք ոլորտում երկխոսությունը նոր մակարդակների հասցնելու համար։
Քննարկումներ կրիպտոկարգավորումներից մինչև փողի հոգեբանության մասին՝ Fintech Innovation Summit-ի ընթացքում։ Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը կարծում է՝ այսպիսի քննարկումներն ու նախաձեռնությունները կնպաստեն ոլորտի զարգացմանը։ «Կարծում եմ՝ դեռ մեղմ ասած աճելու տեղ շատ կա, և այդ իմաստով, շատ լավ է, որ տեղի են ունենում այս քննարկումները»։
Սևան Ստարտափ Սամմիթի գլխավոր նպատակը Հայաստանում ստարտափների զարգացումն է։ 2016 թվականից ի վեր բազմաթիվ ստարտափներ սկսել են հենց այստեղից, հիմա ունեն մեծ ճանաչում ու սամմիթ են վերադառնում որպես գործընկերներ։ Նրանց ճանապարհով կարող են անցնել նաև այս տարվա թիմերը։ Հաղթող գաղափարներին կտրվի 3-ից 10 հազար դոլար դրամաշնորհ՝ իրենց գաղափարները իրականություն դարձնելու համար։
Մանրամասները՝ մեր ռեպորտաժում։