Սովորաբար հաշվապահները տարբեր ստուգումների ժամանակ և առօրյայում պաշտպանում են բիզնեսի շահերը, ինչը տրամաբանական է, հենց այդպես էլ պետք է լինի: Սակայն, թերի օրենսդրական կարգավորումները կարող են և հակառակ իրավիճակը ստեղծել: Այդպիսի վիճակում վերջին շրջանում հայտնվել էին նաև Հայաստանում գործող բիզնեսները, և հիմա ՊԵԿ-ը փորձում է լուծել խնդիրը: e-draft.am կայքում տեղադրվել է կառավարության որոշման նախագիծ, որը, ըստ էության, միտված է բարձրացնել բիզնեսների վճարած հարկերի ապահովությունը:
Ինչպե՞ս էր բիզնեսը նախկինում վճարում հարկերը
Նախկինում յուրաքանչյուր հարկատեսակի համար գործում էր առանձին գանձապետական հաշիվ, և բիզնեսը ամեն հարկատեսակի մասով կատարում էր առանձին վճարում: Այս մեխանիզմը ուներ մեկ կարևոր թերություն՝ լինում էին դեպքեր, երբ բիզնեսը սխալմամբ ամբողջ գումարը մուծում էր մեկ հաշվեհամարին կամ շփոթելով հաշվեհամարները՝ մեկին ավել էր մուծում, մյուսին՝ պակաս: Սա նման է մեր կոմունալների վճարմանը: Պատկերացրեք, որ գազի պարտքի չափով վճարեք ՀԷՑ-ին և հակառակը: Արդյունքում, ամսվա վերջում ձեր բնակարանը կհոսանքազրկեն կամ կանջատեն գազի մատակարարումը: Նույն կերպ, անկախ նրանից, որ արդյունքում անհրաժեշտ չափով հարկ էիք վճարել, գործում էին հարկային տույժեր՝ պակաս վճարած կոնկրետ հարկատեսակի մասով:
Ինչպե՞ս է բիզնեսը հիմա մուծում հարկերը
2018թ-ից ներդրվեց միասնական հաշիվ հասկացությունը, որի արդյունքում վերացան տարբեր տեսակի հաշվեհամարները, և բոլոր հարկերը սկսեցինք վճարել մեկ միասնական հաշվին, որտեղից հարկային մարմինը գանձում է տարբեր հարկատեսակների գծով առաջացած պարտավորությունները:
Լուծվեց մեկ խնդիր, բայց առաջացան բազմաթիվ նոր խնդիրներ: Այս խնդիրների մասին շատ է խոսվել, սակայն, շատ քիչ է խոսվել ամենավտանգավոր խնդրի մասին:
Կարդացե՛ք նաև՝
- Ընդամենը 1 նախադասությամբ բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել
- 2022թ. խոշոր հարկատուները
Հնարավորություն գողանալ բիզնեսի վճարած հարկերը
Միասնական հաշիվը, ըստ էության, բիզնեսի հաշվեհամարն է ՊԵԿ-ում: Այսինքն, եթե բիզնեսը գումար ունի միասնական հաշվին և ցանկանում է այն հետ ստանալ, ապա լրացնում է դիմում հարկայինի կայքում, և հաջորդ օրը հարկայինը վերադարձնում է այդ գումարը դիմումում նշված հաշվեհամարին:
Այս գործիքը իրականում շատ հարմար է և հեշտացնում է բիզնեսի միջոցների կառավարումը: Բայց կա մի խնդիր՝ հարկայինի կայքում գործող անձնական գրասենյակի մուտքանունը ու գաղտնաբառը սովորաբար տիրապետում են նաև, շատ դեպքերում հենց միայն հաշվապահները: Արդյունքում, ցանկացած հաշվապահ կարող է դիմում ներկայացնել հարկայինին, նշել կամայական հաշվեհամար և այդ հաշվեհամարին ստանալ բիզնեսի վճարած հարկերի գերավճարը, կամ, այլ կերպ ասած, միասնական հաշվին առկա գումարները:
Մասնագիտական հանրության մեջ նման դեպքերի մասին սկսեցին խոսել անցած տարվա կեսերին, երբ պարզվեց, որ մի խումբ հնարամիտ հաշվապահներ մի շարք ռելոկացված ռուս գործարաների և մի խումբ տեղական բիզնեսների հարկային գերավճարները կանխիկացրել էին իրենց հաշվեհամարներով: Խոսքը գնում էր միլիոնների մասին: Այնուհետև հարկայինը որոշակի մեխանիզմներ սահմանեց, երբ անձնական գրասենյակ մուտք գործելու լիազորագիր տալուց, զանգահարում էին բիզնեսի սեփականատիրոջը և համոզվում, որ իրոք իրենք են տվել նման լիազորություններ: Բացի այդ, փորձ արվեց այլ սահմանափակումներ էլ կիրառել:
Այնուամենայնիվ պարզ էր, որ այստեղ կա մեծ ռիսկ, քանի որ հաշվապահությունից և հարկային համակարգի աշխատանքից գլուխ հանող կամայական մեկը կարող էր կարճ ժամանակում յուրացնել բազմաթիվ բիզնեսների վճարած հարկերը:
Ինչ լուծում է առաջարկում ՊԵԿ-ը
Հաշվի առնելով առկա ռիսկը՝ ՊԵԿ-ը նախաձեռնել է ընդունել կառավարության որոշում, որով սահմանափակում է բիզնեսի վճարած կամ ունեցած հարկային գերավճարները այլ անձանց փոխանցել: Մասնավորապես, կառավարությունը սահմանում է հատուկ դեպքեր, երբ բիզնեսի ունեցած գերավճարը կարող է փոխանցվել այլ անձի, իսկ մնացած դեպքերում դա այլևս հնարավոր չի լինելու անել:
Անշուշտ, առաջնայինն այստեղ միջոցների կառավարման անվտանգությունն է, թեև այդ անվտանգությունը ձեռք է բերվում ի հաշիվ հարմարավետության ու ճկունության որոշակի կորստի:
Կառավարության որոշման նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ:
Վլադիմիր Շատվերովը Team2B-ի տնօրենն է: