OpenAI ընկերությունը ներկայացրել է պատկերների ստեղծման իր թարմացված մոդելը՝ GPT Image 1.5-ը։ Նորույթն արդեն հասանելի է ChatGPT-ի բոլոր օգտատերերին, այդ թվում՝ անվճար տարբերակից օգտվողներին։ Մոդելը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Image Arena վարկանիշային աղյուսակում՝ զգալիորեն առաջ անցնելով Flux.2 և Gemini 3 Pro Image (Nano Banana Pro) մոդելներից։
GPT Image 1.5-ի գլխավոր առավելություններից մեկը պատկերների ստեղծման արագությունն է, որն աճել է մինչև չորս անգամ։ GPT-5.2 ճարտարապետության կիրառման շնորհիվ մոդելը սկսել է առավել ճշգրիտ հետևել օգտատիրոջ հրահանգներին։ Բացի այդ, մոդելն այժմ անսխալ վերարտադրում է նույնիսկ մանր և խիտ գրված տեքստերը։
Լուսանկարների խմբագրման գործիքակազմում տեղի է ունեցել կարևոր փոփոխություն. GPT Image 1.5-ը փոփոխում է միայն օգտատիրոջ նշած կոնկրետ հատվածը՝ ամբողջությամբ պահպանելով լուսավորությունը, կոմպոզիցիան և մարդկանց արտաքինը։ Սա հնարավորություն է տալիս կատարել ռեալիստիկ փոփոխություններ, օրինակ՝ «փորձել» նոր սանրվածք կամ հագուստ՝ առանց դեմքն ու դիմագծերն աղավաղելու։ Մոդելը նաև ավելի որակյալ է պատկերում մարդկանց մեծ խմբերով տեսարանները՝ վերացնելով դեմքերի հնարավոր թերությունները։
ChatGPT-ի կողային պանելում հայտնվել է առանձին Images բաժինը՝ պատրաստի ոճերով և թրենդային հրահանգներով։ Օգտատերերը կարող են նաև մեկ անգամ վերբեռնել սեփական լուսանկարը և օգտագործել այն հետագա բոլոր պատկերների ստեղծման համար։ Մոդելի հետ աշխատելու պաշտոնական ուղեցույցը հասանելի է այստեղ։











