Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10,4%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի հունիսին աճը կազմել է 7,1%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (առաջին կիսամյակ) համեմատ աճել է 2 անգամ: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 2,3 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 86,5%-ով։ Ներմուծման և արտահանման տարբերությունը դրական է եղել ի հաշիվ ներմուծման։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի առաջին կիսամյակում 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 18,2 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 22,9 տոկոսով, շինարարությունը՝ 15,7 տոկոսով: Նախորդ տարվա նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 4,4%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4%-ով։
Սպառողական գների ինդեքսը 2024-ի առաջին կիսամյակում նվազել է 0,6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը և էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել են համապատասխանաբար 2,7 և 5 տոկոսով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: