Ապրիլի 3-ին տեղի կունենա SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF)։ Այն հնարավարություն կտա ոլորտի 20-ից ավելի հանրահայտ խոսնակների և փորձագետների մեկ բեմից կիսվել ֆինանսական համակարգի և բիզնեսի տարբեր ուղղությունների թվային փոխակերպման իրենց տեսլականով և փորձով:
Ֆորումի նպատակը թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերի միավորումն է՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն կունենան լայն կիրառություն։
Ի՞նչ է սպասվում
Doing Digital Forum-ի շրջանակում նախատեսվում են առաջատար խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, և իհարկե՝ շփումներ: Կշոշափվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։ Մասնակիցները հնարավորւթյուն կունենան լսելու կրիպտոարժույթների վերաբերյալ կարգավորողների և ոլորտի ներկայացուցիչների մոտեցումները, անդրադարձ կլինի նաև տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանն ու այլ մարտահրավերների դիմագրավմանը, կքննարկվեն բազմաթիվ այլ թեմաներ, որոնց արդյունքում կբացահայտեն թվային դարաշրջանի հնարավորությունները:
Այս տարի Ֆորումի գլխավոր խոսնակն աշխարհահռչակ գրող, ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի հիմնադիր Բրեթ Քինգն է, և Doing Digital Forum-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի հանդիպել նրան և մասնակցել նրա «Բանկեր առանց մասնաճյուղերի, թե՞ խելացի մասնաճյուղեր» խորագրով թեզի քննարկմանը։
Ո՞վ է Բրեթ Քինգը
Բրեթ Քինգն ավստրալացի ֆուտուրիստ և գրող է, Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Techno Socialism բեսթսելլեր գրքերի հեղինակ։ Նա Moven-ի՝ աշխարհում առաջին բջջային, ներբեռնվող բանկային հաշվի համահիմնադիրն է։ Նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման ոլորտում իր փորձառության շնորհիվ՝ Քինգը վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։
Քինգը վարում է FinTech-ում աշխարհում առաջին և թիվ 1 վարկանիշն ունեցող ռադիոհաղորդումը, որը կոչվում է «Breaking Banks» (180 երկիր, 10+ միլիոն ներբեռնումներ), իսկ նրա վերջին նախաձեռնությունը «The Futurists»-ն է՝ փոդքաստ, որտեղ ներկայացված են ոլորտի ապագան կերտողները:
Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու:
Հատուկ հյուրեր
Դիրկ Օլմայեր – փորձառու ձեռնարկատեր, ով ավելի քան մեկ տասնամյակ անց է կացրել տեխնոլոգիական առաջնորդության դինամիկ ոլորտում։
Հենրի Արսլանյան – Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր, ով վերահսկում է թվային ակտիվների մեջ մասնագիտացած ինստիտուցիոնալ կրիպտո հեջ-ֆոնդը:
Մոհամեդ Բարդաստանի – Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ և Business and Economics Insights-ի տնօրեն: Visa-ի համար CEMEA տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ հաղորդակցություններում Մոհամեդի դերն առանձնահատուկ կարևոր է։ Նա փորձառու կերպով ներկայացնում է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային ամենաթարմ տնտեսական զարգացումները, ինչպես նաև վճարումների, ճամփորդությունների ու տուրիզմի ոլորտների միտումները։ Մինչ Visa-ին միանալը` Մոհամեդն իր հմտություններն ու գիտելիքները հղկել է որպես Oxford Economics-ի Մերձավոր Արևելքի ավագ տնտեսագետ։
Այլ խոսնակներ
Դավիթ Հովհաննիսյան – Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն: Հայաստանի բանկային համակարգում տեխնոլոգիաների զարգացման և ֆինթեքի ապագայի մասին նոր բացահայտումներ անելու համար եկեք լսելու Doing Digital Forum-ի խոսնակ Դավիթ Հովհաննիսյանի ելույթը: Դավիթը միջազգային ֆինանսական և խորհրդատվական մի շարք ընկերություններում /AXA, Erste Group, Accenture և այլն/ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ` ֆինանսական ծառայությունների ոլորտում առաջնորդելով թվային փոխակերպման և զարգացման գործընթացները:
Գև Բալյան – Ucraft-ի հիմնադիր և գործադիր տնօրեն․ ավելի քան 10 տարի ակտիվորեն աշխատում է ՏՏ և SaaS ոլորտում: Նա նաև Hoory-ի համահիմնադիրն է, որն արհեստական բանականությամբ աշխատող հաճախորդների սպասարկման օգնական է:
Հարմիկ Ազարյան – ISAA-ի օգտատերերի փորձառության և ծառայությունների մատուցման բաժնի ղեկավար։ Համաշխարհային հարթակներում Հարմիկն իր ներդրումն ունեցել է GOV.UK-ի, Մեծ Բրիտանիայի բիզնեսի, նորարարության և հմտությունների նախարարության թիմերի հետ թվային փոխակերպումների շրջանակում նախագծերի իրականացման գործում։
Վաչիկ Գևորգյանը – Էփրիքոթ Կապիտալ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն։ Էփրիքոթ Կապիտալը համագործակցում է առաջատար ֆինանսական հաստատությունների հետ՝ հաճախորդներին առաջարկելով ներդրումային ծառայությունների ամբողջական փաթեթ և մուտք դեպի Հայաստանի, ԱՊՀ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի շուկաներ:
Արտյոմ Շամցյան – Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն։ Արտյոմն ինովացիաների, ստարտափների զարգացման և ֆինանսավորման, թվային փոխակերպման ոլորտներում ունի ավելի քան 15 տարվա փորձ և բազմիցս առաջնորդել է պրոդուկտի ստեղծման ամբողջական գործընթացը` գաղափարից մինչև իրագործում: Նա կիսվելու է իր փորձով «Ֆինանսների ապագան» թեմայով պանելային քննարկման մասնակիցների հետ:
Դավիթ Ամարյան – Balchug Capital ընկերության հիմնադիր։ Կառավարելով ավելի քան 2 միլիարդ դոլարի ակտիվներ՝ Balchug Capital-ն այժմ մասնագիտացած է երկարաժամկետ և կարճաժամկետ գլոբալ իրադարձությունների վրա հիմնված (event-driven) և իրական արժեքի հայտնաբերմանն ուղղված (value) ներդրումներում, ինչպես նաև Ռուսաստանում, նախկին ԽՍՀՄ երկրներում և Միացյալ Արաբական Էմիրություններում մասնավոր կապիտալի ներդրումներում։
Ամերիաբանկը՝ Ֆորումի ֆինթեք գործընկեր
Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին աջակցում է ֆորումին, այս տարի ֆորումի ֆինթեք գործընկերն է: Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝ իրենց համար տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` Ամերիաբանկը նպատակ ունի միասին նախանշել ֆինթեքի ապագան Հայաստանում և կիսվել ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված իրենց փորձով։
Ովքե՞ր կարող են մասնակցել միջոցառմանը
- C-level ղեկավարներ – CEO-ներ, CTO-ներ, CIO-ներ և այլ ավագ ղեկավարներ, ովքեր պատասխանատու են իրենց կազմակերպություններում թվային վերափոխման նախաձեռնություններ իրականացնելու համար:
- ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալներ – ՏՏ մենեջերներ, ծրագրավորողներ, ճարտարապետներ և այլ տեխնոլոգիական փորձագետներ, որոնք անմիջականորեն ներգրավված են թվային վերափոխման նախագծերի իրականացման մեջ:
- Բիզնես առաջնորդներ – մարքեթինգի, վաճառքի և բիզնեսի այլ ղեկավարներ, ովքեր ձգտում են օգտագործել թվային տեխնոլոգիաները՝ խթանելու բիզնեսի աճը և բարելավելու հաճախորդների փորձառությունը:
- Պաշտոնատար անձինք – պետական կառույցների պաշտոնյաներ, ովքեր ձգտում են խթանել թվային փոխակերպումը և աջակցել թվային տնտեսության զարգացմանը:
- Ձեռնարկատերներ և ստարտափերներ – ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, ովքեր ձգտում են օգտագործել թվային տեխնոլոգիաները՝ ավանդական բիզնես մոդելները վերափոխելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար։
Այլ մանրամասներ
Երբ՝ ապրիլի 3-ին, ժամը 09։00-18։00
Որտեղ՝ Dvin Hall
Տոմսերը՝ այստեղ:
Թե ինչպես անցավ Doing Digital Forum նախորդ տարի՝
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։