Ի՞նչ է սպասվում Digitec 2025-ին․ 3 օր Երևանը կդառնա ՏՏ աշխարհի կենտրոնը

20 տարեկան Digitec-ը՝ աննախադեպ ձևաչափով

Երեք օր, երկու գիշեր՝ 24-ժամյա տեխնոլոգիական տոն։ Digitec 2025-ն այլևս միայն ցուցահանդես չէ, այլ, ինչպես կազմակերպիչներն են ասում, «երեք գլխանի բարի վիշապ», որն այս տարի դառնում է 20 տարեկան։ 40 հազարից ավելի այցելու, ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն ցուցահանդեսային հատվածում՝ Digitec 2025-ը Երևանը կդարձնի տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն։  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում ներկայացրին հոկտեմբերի 10–ից 12-ն անցկացվող ամենամեծ տեխնոլոգիական տոնի մանրամասները։

- Advertisement -

«Այս տարի Digitec-ի վրա արևը մայր չի մտնելու, ինչպես երբեք մայր չի մտնում ամբողջ աշխարհում տեղակայված, բոլոր ժամային գոտիներում գործող հայկական տեխնոլոգիական համայնքի վրա։ Տեխնոլոգիական հանրության 20-րդ հոբելյանական Ամանորը այս անգամ լինելու է 24-ժամյա միջոցառում։ Սա աննախադեպ ֆորմատ է, կարելի է ասել աշխարհի մակարդակով։ Եվ այդ ամենը համատեղում է 3 ֆորմատ, որը կրկին առաջին անգամ է»,- նշում է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը։ 

Digitec 2025-ը հագեցած է լինելու՝ տեխնոլոգիական ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, աշխատարաններ ու նեղ մասնագիտական ելույթներ՝ աշխարհի տարբեր կետերից՝ Տոկիոյից մինչև Սան Ֆրանցիսկոյի տեխնոլոգիական առաջնորդների ու տեղական համայնքի մասնակցությամբ։ 

Ի՞նչ է սպասվում Digitec 2025-ին․ 3 օր Երևանը կդառնա ՏՏ աշխարհի կենտրոնը

Digitec 2025-ն ու Էրեբունի-Երևանը մեկտեղվել են

Էրեբունի-Երևանի 2806-րդ տարեդարձն ու Դիջիթեքի 20-ամյակը այս տարի համընկել են։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը յուրահատուկ սիմվոլիզմ է տեսնում այստեղ․ «Երևանի քաղաքապետարանի համար կարևորագույն ռազմավարական ուղղություն է Երևանը դարձնել ժամանակակից, նորարար, տեխնոլոգիապես գրավիչ, և Digitec-ը դրա դրսևորումներից մեկն է։ Մեր քաղաքը ոչ միայն տեխնոլոգիաներն ընդունողն է, այլև դրանք ձևավորողն և խթանողը»։ Քաղաքապետարանը այս տարի առաջին անգամ ֆինանսապես աջակցելու է միջոցառմանը՝ 50 միլիոն դրամով։ «Երևան»  տաղավարում էլ կներկայացնեն քաղաքում իրականացվող տեխնոլոգիական և խելացի լուծումները։ «Կարծում եմ, որ մեր թվային աշխարհի գործընկերների համար բավականին հետաքրքիր կլինի, գուցե նոր գործիքներ մեզ համար կբացահայտենք՝ հետագայում ավելի արդյունավետ աշխատանքը իրականացնելու համար»,- ասում է Լևոն Հովհաննիսյանը։

Ի՞նչ է սպասվում Digitec 2025-ին․ 3 օր Երևանը կդառնա ՏՏ աշխարհի կենտրոնը

Digitec-ի ապագան ու միջազգայնացումը

Digitec-ի կազմակերպիչները նշում են՝ երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի երազանքը իրականություն է դառնում, ներքին համայնքի հետ աշխատանքը կայացել է․ ՏՏ-ն այսօր Հայաստանում կարևոր, ռազմավարական ոլորտ է, համայնքն արդեն ձևավորված է, կան 1200–ից ավելի ՏՏ ընկերություններ: «Հիմա հայտարարում ենք, թե հաջորդ 20 տարիներին ի՞նչ է լինելու Digitec-ը։ Հաջորդը միջազգայնացումն է։ Ուզում ենք Digitec-ը դարձնել Consumer Electronics Show-ի և Burning man-ի մեջտեղում մրցակից միջոցառում» ։ Digitec 2025-ին մասնակցելու են 20 երկրի ներկայացուցիչներ, 12 միջազգային լրատվամիջոց, այդ թվում նաև Forbes հեղինակավոր ամսագիրը, կլուսաբանեն տեխնոլոգիական համայքնի Ամանորը։ Դիջիկոնին՝ կոնֆերանսներին, կմասնակցեն հայտնի անուններ առաջատար տեխնոլոգիական ընկերություններից՝ Nvidia-ից Րև Լիբարիդյանը, Oculus ընկերության համահիմնադիր Ջեք Մաքքոուլին, Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը և տեղի համայնքում առաջնորդներ 3 թեմաներով` արհեստական բանականություն, ներդրումներ ու ստարտափներ, միջազգային աճ ու միջազգային վաճառքներ։ 

Ի՞նչ է նշանակում մասնակցել 24–ժամյա Դիջիթեքին․ ցույց տալ, թե ինչպիսի՞ տեսք ունի կյանքը տեխնոլոգիական մարդու համար Երևանում

  • Առավոտյան 10–ից մինչև 18-ը՝ էքսպոն է, կոնֆերանսներն ու աշխատարանները
  • Երեկոյան 18։30-ից մինչև ժամը 23-ը սկսվում է ֆեստիվալային հատվածը՝ DJ-ներ, էլեկտրոնային ու էքսպերիմենտալ երաժշտություն, Ձեն երաժշտական փառատոն, կենդանի ջազ կատարումներ ու համերգ՝ Տիգրան Համասյանի և ևս երեք աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ
  • Գիշերը՝ ժամը 23-ից մինչև առավոտյան 6–ը՝ afterparty DJ-ների մասնակցությամբ
  • Առավոտյան 7–ից 9–ը՝ Հրազդանի ձորում վազք, յոգա և մարզանք։
Ի՞նչ է սպասվում Digitec 2025-ին․ 3 օր Երևանը կդառնա ՏՏ աշխարհի կենտրոնը

Digitec-ը մեծ հնարավորություն է ստարտափերների համար ներկայացնել իրենց գաղափարները, գտնել հովանավորներ ու հիմք դնել հաջողակ ընկերությունների․ օրինակները բազմաթիվ են, և այս տարի Digitec-ի Ստարտափ ճեմուղին նույնպես «նոր համ ու հոտ»  է ստանում։ «Մեր համագործակցության շնորհիվ Եվրամիության EU4Innovation East ծրագիրը հովանավորելու է բազմաթիվ ստարտափների՝ անվճար հնարավորություն տալով ներկայանալու Դիջիթեքին» ։ 

Կազմակերպիչները նշում են՝ Դիջիթեքը միայն 3 օր չէ, կայքում կգտնեք նաև այլ միջոցառումներ ու հանդիպումներ Հայաստան ժամանած մասնակիցների հետ մինչև Digitec-ի բացումը։ Բոլոր միջոցառումներն անվճար են։ Տեխնոլոգիական տոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10-ին։ Բացմանը ելույթ կունենա նաև հայկական 1-ին Unicorn ընկերության Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը, որը Digitec-ի հիմնադիրներից է և երկար տարիներ եղել է ԱՏՁՄ նախագահը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Arpi Shahinyan
Arpi Shahinyan
Տեխնոլոգիաների աշխույժ ու արագ փոփոխվող աշխարհ, որպես լրագրող, տեղափոխվել եմ գյուղերի պատմություններից ու երաժշտական փոդքասթներից ռոմանտիկ աշխարհից։ How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։