Ֆինանսական 10 սխալ, որոնցից պետք է խուսափել 20-30 տարեկանում

20-30 տարեկանում ֆինանսական որոշումները կարող են ձևավորել ձեր հետագա ամբողջ կյանքը: Սա աճի, ինքնաբացահայտման և ձեր ապագայի հիմքը դնելու ամենաճիշտ ժամանակն է: Կարևոր է լինել հետևողական և ուշադիր՝ հատկապես բյուջեի պլանավորման, վարկերի և խնայողությունների ճիշտ կառավարման հարցում:

Այս տարիները կատարյալ են առողջ ֆինանսական սովորությունների զարգացման համար, որոնք ձեզ կծառայեն թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում: Եթե ճիշտ որոշումներ կայացնեք, կարող եք խուսափել ֆինանսական սխալներից ու կառուցել ամուր ապագա:

- Advertisement -

Իսկ որո՞նք են ամենատարածված սխալներն ու ինչպե՞ս խուսափել․

1. Ծախսել ավելի շատ, քան վաստակում եք

Եթե ձեր աշխատավարձը ծախսում եք հենց այն վայրկյանին, երբ ստանում եք, այժմ ժամանակն է վերանայելու սովորությունները: Ֆինանսների սխալ և ոչ գրագետ կառավարումը ձեզ կարող է պարտքերի և վարկային մեծ բեռի տակ դնել։

Ծախսերը կրճատելու համար փորձեք հնարավորություններ փնտրել և ձեր վաստակած գումարը բաշխեք՝ առաջնային և երկրորդային ծախսերի սկզբունքով։ Մի մոռացեք նաև X% գումար հատկացնել խնայողություններին։

Ֆինանսական 10 սխալ, որոնցից պետք է խուսափել 20-30 տարեկանում

2․ Չհետևել քարտի/հաշվի մնացորդին

Երիտասարդների տարածված սխալներից է, երբ կորցնում են իրենց ֆինանսական միջոցները՝ չհետևելով բալանսին: Որքա՞ն հաճախ եք ստուգում ձեր բանկային հաշվի մնացորդը, որքա՞ն գումար եք ծախսում ամեն շաբաթ օրինակ՝ մթերքի գնման, կոմունալների կամ ժամանցի համար: Նման հարցերի պատասխանները կարևոր են ձեր միջոցներն արդյունավետ կառավարելու համար:

Բյուջե կազմելը և դրան հետևելը կարող է օգտակար լինել յուրաքանչյուր ամիս ձեր ֆինանսներին հետևելու համար: Կարող եք հեշտացնել այս պրոցեսն ու անվճար հավելվածներից օգտվելով կառավարել ձեր եկամուտներն ու ծախսերը։

3․ Չսահմանել ֆինանսական նպատակներ

Եթե ապագայի համար ​​հստակ կամ չափելի նպատակներ չեք սահմանում, ապա ձեզ համար կարող է ավելի դժվար լինել կառավարել գումարը և խնայել: Այս սխալը կարող է երկարաժամկետ հեռանկարում ավելի թանկ արժենալ, օրինակ՝ անտեսելով ձեր երկարաժամկետ խնայողությունները, չափից ավելի ծախսելով այն ապրանքների գնման համար, որոնք միայն ակնթարթային բավականություն են պատճառում, կամ չվճարել պարտքերը և ժամանակի ընթացքում դրանց վրա տոկոսներ կուտակել:

Ֆինանսական նպատակները կարող են տարբեր լինել՝ կախված ձեր կարիքներից և ցանկություններից: Ժամանակ հատկացրեք՝ գրի առնելու ձեր նպատակները և գործողությունների ծրագիր կազմեք դրանց իրատեսական ժամանակահատվածում հասնելու համար:

4. Ազատ ժամանակը լրացուցիչ գումար վաստակելու համար չօգտագործել

Հոբբիները կամ սիրելի զբաղմունքը կարելի է օգտագործել լրացուցիչ գումար վաստակելու համար: Կախված նրանից, թե որ ոլորտում եք տաղանդավոր, կարող եք այն դարձնել երկրորդ աշխատանք և եկամուտ ստանալ։ Մեր ժամանակներում օնլայն ռեսուրսներն այնքան հասանելի են ու բազմազան, որ հերիք է որևէ գաղափար ունենալ և հեշտությամբ այն կարող եք վերածել բիզնեսի։ Լրացուցիչ եկամուտը կարող եք ամբողջությամբ ուղղել խնայողություններին։

Ազատ ժամանակ կարող եք նաև երկրորդ մասնագիտություն ձեռք բերել ու հետագայում մեծացնել ձեր զբաղվածության շրջանակը։

5․ Չունենալ առողջական ապահովագրություն

Հիմա կմտածեք՝ առողջական ապահովագրությունը «թանկ հաճույք» է 20 տարեկան երիտասարդի համար։ Համաձայն ենք՝ այդ տարիքում ոչ բոլորն են վաստակում այնքան գումար, որ կարողանան ապահովագրություն ձեռք բերել։ Սակայն, կարելի է աշխատանք ընտրելիս առաջնահերթություն տալ այն գործատուներին, ովքեր իրենց աշխատակիցներին անվճար առողջական ապահովագրություն են տրամադրում։

Հիշեք, որ նույնիսկ սեփական միջոցներով առողջական ապահովագրություն ձեռք բերելը երկարաժամկետ հեռանկարում ներդրում է, ոչ թե գումարի վատնում։

Ֆինանսական 10 սխալ, որոնցից պետք է խուսափել 20-30 տարեկանում

6. Իմպուլսիվ գնումներ կատարել

Իմպուլսիվ գնումները կարող են սպառել ձեր խնայողական հաշիվն ավելի արագ, քան դուք պատկերացնում եք: Անկախ նրանից, թե նորաձև կոշիկի գնում է, գերժամանակակից գաջեթի ձեռքբերում կամ ինքնաբուխ հանգստյան օրերի պլանավորում, որոշումներ կայացնելիս հաշվի առեք ձեր ֆինանսական հնարավորությունները և մտածեք ապագա ծախսերի պլանավորման մասին։

7. Թերագնահատել մարդկանց հետ կապը

20-30 տարեկանում կարիերայի հնարավորություններ հաճախ բացվում են ծանոթ մարդկանց շնորհիվ: Սա նորմալ է, քանի որ բոլոր գործատուներն են ցանկանում աշխատել վստահելի և իրենց գործին գիտակ մարդկանց հետ։ Մարդկանց հետ հարաբերությունների ուժն անտեսելը կարող է սահմանափակել ձեզ գնալ դեպի նոր հնարավորություններ և կարիերայի աճ գրանցել:

8․ Փոքր չափի, բայց մեծ քանակով վարկեր

Բավականին նորաձև է բանկերի և ֆինանսական կազմակերպությունների «Գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունը, սակայն պետք է հիշել, որ վարկերը դեպի աղքատություն տանող ամենակարճ ճանապարհն են։ 20-30 տարեկանում մեծ քանակի վարկեր ունենալով դուք նվազեցնում եք խնայողություններ կտարելու ձեր հնարավորությունն ու ֆինանսների գրագետ կառավարումը։

9. Գնել բրենդային իրեր

Խուսափեք շքեղ և թանկարժեք իրեր գնելուց, եթե ձեր միակ եկամուտն աշխատավարձն է։ Այո, բոլորն են ցանկանում բրենդային հագուստ կրել, թանկարժեք ժամացույց և պայուսակ ունենալ, բայց 20-30 տարեկանում խելամիտ չէ ամբողջ աշխատավարձն ուղղել 1 ակնոցի ձեռքբերմանը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ պետք է առավելագույն ներդրում կատարել այլընտրանքային կրթության, մասնագիտական զարգացման վրա, որպեսզի 30+ տարիքում կարողանաք այնքան գումար վաստակել, որ առանց վարկի կամ մեծ դժվարության ձեռք բերեք ձեր նախընտրած մեքենան։

Ֆինանսական 10 սխալ, որոնցից պետք է խուսափել 20-30 տարեկանում

10. Կազմել ընտանիք՝ առանց ֆինանսների պլանավորման

Ընտանիք կազմելը կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է, բայց այն նաև կապված է զգալի ֆինանսական պարտավորությունների հետ: Կյանքի այս փոփոխությունն առանց հստակ և ամուր ֆինանսական ծրագրի կարող է սթրեսային լինել և պարտքերի առաջ կանգնեցնել:

Իհարկե, ծախսերը կարող են տարբեր լինել՝ կախված ձեր կենսակերպից, նախընտրություններից և եկամուտից: Այնուամենայնիվ, կարևոր է ունենալ ֆինանսական ծրագիր, կարգավորել ձեր բյուջեն՝ հաշվի առնելով նոր ծախսերը, ինչպիսիք են լրացուցիչ ապրանքների ձեռքբերումը, բնակարանի վարձակալությունը կամ հիփոթեքի ամսավճարը, երեխաների խնամքը և այլ անխուսափելի ծախսեր, որ առաջ են գալիս ընտանիք կազմելիս:

Եզրակացություն

20-30-ը կատարյալ ժամանակահատված է ապագայի համար ամուր ֆինանսական հիմքեր ստեղծելու համար: Խուսափելով վերոնշյալ ֆինանսական սխալներից և եկամուտը խելամտորեն կառավարելով՝ ինքներդ ձեզ համար երկարաժամկետ և կայուն ֆինանասական աճ կապահովեք: Հիշեք, որ ամեն ինչ կապված է առողջ ֆինանսական սովորությունների ձևավորման, կարգապահության և տեղեկացված որոշումներ կայացնելու հետ:

Ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Կարդացե՛ք նաև.

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ֆինանսական 10 սխալ, որոնցից պետք է խուսափել 20-30 տարեկանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: