Տեխնոլոգիաներն ամենուր են. կկայանա DigiTec 2023-ը

Բիզնեսների կարևորագույն գործառույթներից մեկը երկրի տնտեսությանը զարկ տալն է: Իսկ եթե մեկ տեղում են միավորվում տեխնոբիզնեսները, այդ զարգացումը բազմատիկ անգամներ է՛լ ավելի է բարելավում:

Նպատակ ունենալով միավորել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի բոլոր խաղացողներին՝ մեծ ընկերություններին ու նոր ստեղծվող ստարտափներին, տարբեր մասնագիտությունների տեր անձանց ու ներդրողներին, արդեն 18-րդ անգամ կանցկացվի DigiTec ցուցահանդեսը: Ինչպես նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը, «արդեն չափահաս դարձած» միջոցառումը իր շուրջն է համախմբելու բոլորին երկրի համար այս բարդ օրերին՝ ներկայացնելու տեխնոոլորտի ձեռքբերումներն ու պաշտպանելու, կրթելու և ճանապարհ հարթելու դեպի նոր մասնագիտական ու պետական հաջողություններ:

Տեխնոլոգիաներն ամենուր են. կկայանա DigiTec 2023-ը

Ու՞ր գնալ ու ե՞րբ

Սկսենք ամենակարևորից. միջոցառումը կայանալու է հոկտեմբերի 13-ից 15-ը Մերիդիան էքսպո կենտրոնում, որ գտնվում է Ոսկերիչների 1 հասցեում:

- Advertisement -

Այս տարի միջոցառմանն այցելելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով:

Սարգիս Կարապետյանի խոսքով՝ հայկական տեխնոլոգիական ընկերությունները բազմաթիվ գործընկերներ ունեն արտասահմանում, և թե՛ միջոցառումը, թե՛ ԱՏՁՄ գործունեությունը միտված է՝ ցույց տալու, որ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից ու զանազան խնդիրներից՝ Հայաստանը ու Հայաստանը ներկայացնող տեխնոլոգիական ընկերությունները վստահելի գործընկերներ են յուրաքանչյուրի համար:

Այս տարի միջոցառման մասնակից կազմակերպությունների թիվը գերազանցում է 120-ը: Տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ Հայաստանից, Արցախից ու Ռուսաստանից, գիտահետազոտական կենտրոններ ու կրթական կազմակերպություններ հավաքվելու են մեկ վայրում՝ տոնելու տեխնոլոգիական գիտելիքի հնարավորություններն ու դրա զարգացումը: «Տեխնոլոգիաներն ամենուր են» կարգախոսն էլ ամրապնդում է միջոցառման տեսլականը և կազմակերպությունների ոլորտների բազմազանությունը՝ արհեստական բանականությունից մինչև դիզայն ու անիմացիա, ծրագրային ու ինժեներական լուծումներից՝ մինչև ֆինանսական ու խաղային տեխնոլոգիաներ և ոչ միայն:

DigiTec-ը՝ ստարտափների զարգացման խթան

Ինչպես հին հայկական ասացվածքներից մեկն է ասում՝ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»: DigiTec-ն էլ, լինելով տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն հարթակներից մեկը, որոշել է առավելագույնը տալ ստարտափներին՝ կիրառելով իր հարթակը:

Նախ, միջոցառման երեք օրերի ընթացքում ներկայացված են լինելու տասնյակ հայկական ստարտափներ՝ մի մասը ՀՀ ԲՏԱ նախարարության, մյուս մասը՝ ԱՏՁՄ աջակցությամբ ներկայացնելու են իրենց սաղմնային ու սաղմնային փուլում գտնվող ստարտափները: Իհարկե, միջոցառումից անմասն չեն մնալու նաև ընկերությունները, որոնք արդեն վաղուց փորձառու ստարտափներ են դարձել և նույնիսկ իրենք են «կլանում» այս կամ այն ստարտափը:

Տեխնոլոգիաներն ամենուր են. կկայանա DigiTec 2023-ը
Digitec Startup Elevator-ի ներդրողները BANA Angels-ից

Բայց սա էլ դեռ ամենը չէ: BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը միջոցառման ընթացքում ներկայացնելու է DigiTec Startup Elevator նեթվորքինգ-հարթակը:

Մի քանի վայրկյանի ընթացքում ներկայացնել բիզնես գաղափարը ներդրողին և հաջողության դեպքում շարունակել համագործակցությունը ոչ թե վայրկյանների, այլ ժամերի ընթացքում, ոչ թե վերելակում, այլ խաղաղ գրասենյակային միջավայրում: Elevator Pitch-ի դիջիթեքաֆիկացված տարբերակը գործելու է միջոցառման երեք օրերին ժամը 15:00-ից 17:00-ն:

24 փորձառու հրեշտակ ներդրող հնարավորություն կունենա լսել 15 ստարտափի՝ դիտարկելով հետագա համագործակցությունը:

Սակայն նույնիսկ սա դեռ ամբողջը չէ: Տեղի են ունենալու նաև “Open Mic” ձևաչափով ելույթներ, որտեղ ևս ստարտափերներին հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել սեփական գաղափարները՝ սպասելով ներդրողների հետ համագործակցության հնարավորություններին:

Ռազմահայրենասիրությունը՝ միջոցառման նոր տարր

Փոխվում են ժամանակներն ու աշխարհաքաղաքական իրադրությունը, ըստ այդմ էլ փոփոխվում է DigiTec-ի աշխատանքը: ԱՏՁՄ վարչության անդամ, Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նշեց երեք պայման, որոնք դանդաղեցնում են ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ համաշխարհային տեխնոլոգիական շուկան՝ իր ընթացիկ վայրիվերումներով, ՀՀ աշխարհաքաղաքական վիճակն ու դոլարի փոխարժեքի տատանումները: Սակայն մեր տեխնո ընկերությունները փորձում են պատվով դուրս գալ ստեղծված ոչ դյուրին իրավիճակից: DigiTec-ի ընթացքում էլ ներկայացնելու են ինչպես իրենց ձեռքբերումները, այնպես էլ լայն հնարավորություններ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար:

Այս տարի միջոցառմանը տեխնոլոգիական ոլորտի հետ միասին կներկայանան նաև «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ն, Laser War Armenia-ի ռազմա-տակտիկական խաղ-սպորտաձևի թիմը, ինչպես նաև տարածքում կտեղադրվի «ՈՄԱ Գմբեթ»։ Եվ ինչպես նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը. «Մենք պետք է ապացուցենք, որ կարող ենք մի ձեռքով հումանիտար աղետ հաղթահարել, մի ձեռքով՝ «ՈՄԱ Գմբեթ»-ի կրակակետ տեղադրել, մյուս ձեռքով էլ՝ խրամատ փորել, իսկ դրան զուգահեռ նաև կոդ գրել կամ տեխնոլոգիական պրոդուկտ ստեղծել»:

How2B-ի թիմը ևս ներկա է լինելու միջոցառմանը՝ լուսաբանելու ամենահետաքրքիր, կարևոր իրադարձությունները, ընկերություններին ու մարդկանց:

Չենք մոռանում. հոկտեմբերի 13-ից 15, Մերիդիան էքսպո կենտրոն: Վերցնում ենք ամենասիրելի գաղափարներն ու գնում ներկայացնելու կամ էլ նորերը ստանալու հետևից՝ հիշելով նաև ինքնակենսագրականները թարմացնելու մասին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Տեխնոլոգիաներն ամենուր են. կկայանա DigiTec 2023-ը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։