Ինչո՞ւ է նվազել բանկերի շահույթի աճի տեմպը

Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականն ամփոփել է 230 մլրդ դրամ շահույթով։ Շահույթի ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 9%-ով, սակայն այն շարունակում է շուրջ 2,7 անգամ գերազանցել 2021-ի արդյունքներին։ 

Ինչո՞ւ է նվազել բանկերի շահույթի աճի տեմպը

2023-ին Արդշինբանկը իր շահույթով շարունակում է գերազանցել մյուս բանկերին, սակայն ցուցանիշը նախորդ տարվա համեմատ զգալի աճ չի ունեցել՝ կազմելով շուրջ 62,7 մլրդ դրամ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 0,8%)։ Բանկերի տարեկան հաշվետվություններից տեղեկանում ենք, որ Արդշինբանկը 2022-ից սկսած շահույթի մասով առաջատար դիրքում է՝ առաջ անցնելով Ամերիաբանկից և գրանցելով արտարժույթի առք ու վաճառքից ստացվող եկամուտների աճ մինչև 52,2 մլրդ դրամ 2021-ի 5 մլրդ-ի փոխարեն՝ գերազանցելով նախկին ցուցանիշը շուրջ 10,3 անգամ: 

- Advertisement -

Շահույթի մեծությամբ երկրորդը Ամերիաբանկն է,  նախորդ տարվա ցուցանիշի համեմատ  4% աճով (46 մլրդ դրամ)։ Հաջորդում են Ակբա Բանկը, շահույթի 27% կտրուկ աճով (28,5 մլրդ դրամ), և Ինեկո Բանկը՝ 11,8% աճով ( 26,4 մլրդ դրամ)։

Ամերիաբանկը շահույթի տեսանկյունից զիջել է առաջատարի դիրքերը՝ չնայած  վարկային պորտֆելի մեծությամբ բանկային համակարգում բացարձակ առաջատարը լինելու հանգամանքին։ Ամերիաբանկը իր շուրջ 1 տրիլիոն դրամ կազմող վարկային պորտֆելով հանդերձ, տոկոսային եկամուտների առումով, որոնք կազմել են ավելի քան 97 մլրդ դրամ, 2023-ին Արդշինբանկին (տոկոսային եկամուտները՝ 89 մլրդ դրամ) գերազանցել է ընդամենը 8,2%-ով: Արդշինբանկի վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածի համար կազմել է 840,6 մլրդ դրամ։ 

Ինչո՞ւ է նվազել բանկերի շահույթի աճի տեմպը

Միևնույն ժամանակ Արդշինբանկը շարունակում է շուկայում առաջատար դիրք գրավել արտարժութային գործարքների գծով ստացված եկամուտներով (33.9 մլրդ ՀՀ դրամ)՝ գերազանցելով Ամերիաբանկի ցուցանիշը (24,2 մլրդ ՀՀ դրամ) շուրջ 28,6%-ով: 2023-ի երրորդ եռամսյակից սկսած այս ցուցանիշը գրեթե բոլոր բանկերում կտրուկ անկում է գրանցել՝  նվազեցնելով բանկերի ակնկալվող շահույթը: Արդշինբանկի պարագայում միայն չորրորդ եռամսյակում արտարժութային գործարքներից եկամուտը նախորդ տարվա 4-րդ եռամսյակի համեմատ նվազել է 56%-ով:

Ինչո՞ւ է նվազել բանկերի շահույթի աճի տեմպը

Միջնորդավճարների գծով ամենաբարձր եկամուտները ևս գրանցել է Արդշինբանկը (20,8 մլրդ դրամ)՝ 18%-ով գերազանցելով Ամերիաբանկի ցուցանիշը (17 մլրդ դրամ): 

Ունենալով մասնաճյուղային 2-րդ ամենամեծ ցանցը Հայաստանում (64 մասնաճյուղ)՝ Արդշինբանկի աշխատակազմի գծով ծախսերը, գրեթե կրկնակի պակաս են եղել քան Ամերիաբանկինը (24 մասնաճյուղ), տեղեկանում ենք Հայաստանի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:

2 բանկեր 2023 թվականը փակել են վնասով՝ Արմսվիսբանկը (2,2 մլրդ դրամի վնաս) և Արցախբանկը (24 մլրդ դրամի վնաս): Եթե վերջինիս պարագայում պատճառն ակնհայտ է, ապա Արմսվիսբանկի պարագայում պատճառը պայմանավորված է հաճախորդներին տրամադրված վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստին կատարված մարումներով և այլ գործառնական ծախսերի կտրուկ աճով:

Թեև 2022 թվականի համեմատ բանկերն, ընդհանուր առմամբ, շահույթի աճի տեմպի նվազում են արձանագրել, բանկային համակարգը համեմատաբար կայուն է և առավել ճկուն է արձագանքում աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններին։ Մասնավորապես, արտարժությային փոխարկումներից ստացվող շահույթի մասով, գրեթը բոլոր բանկերի, մասնավորապես Արդշինբանկի դեպքում նման բանկային ծառայություններից օգտվել են հիﬓականում ոչ ռեզիդենտները՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո կապիտալի ներհոսքի արդյունքում։ Վերջինս առաջացրել է ոչ ռեզիդենտների կողﬕց բանկային ծառայությունների պահանջարկի կտրուկ աճ։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչպես բանկային ոլորտը կարձագանքի, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը մեր տնտեսության վրա դադարի:

Գայանե Թադևոսյան

Կարդացե՛ք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ինչո՞ւ է նվազել բանկերի շահույթի աճի տեմպը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: