Ներդրումային առաջին քայլերը կարող են դժվար ու շփոթեցնող թվալ, բայց գործողությունների հստակ հաջորդականությամբ և բյուջեի խելացի պլանավորմամբ հնարավոր է փոքր քայլերով՝ տարիների ընթացքում հարուստ ներդրումային պորտֆել ձևավորել։ Անկախ նրանից՝ ուսանող եք, թե կայացած մասնագետ, ցանկանում եք պարզապես ավելացնել ձեր եկամուտը, թե ուզում եք պրոֆեսիոնալ ներդրող դառնալ, այս հոդվածում ներառված պարզ քայլերը կօգնեն ձեզ կատարելու ներդրումային ձեր առաջին քայլերը։
1. Սահմանեք ֆինանսական հստակ նպատակներ
Գումար խնայելուց կամ ներդրումներ կատարելուց առաջ հստակ նպատակ սահմանեք։ Այս քայլը կմոտիվացնի ձեզ և կստիպի հետևողական լինել առօրյա ծախսերում:
Նպատակը որքան հնարավոր է հստակ ձևակերպեք։ Օրինակ․ «Ուզում եմ գումար խնայել» ասելու փոխարեն փորձեք ասել՝ «Ուզում եմ հաջորդ տարի X մակնիշի Y մոդելի մեքենան գնել»: Թվերով և ժամանակացույցով հստակ նպատակ ձևավորելը այն ցանկությունից վերածում է ծրագրի: Այդպես ավելի հեշտ է զերծ մնալ իմպուլսիվ և ավելորդ ծախսերից։
2. Ստեղծեք բյուջե
Բյուջե սահմանելը կարևոր է․ այն օգնում է ձեզ հասկանալ՝ ուր է գնում ձեր գումարն ամեն ամիս: Երբ կարողանաք կառավարել ձեր եկամուտներն ու ծախսերը, կհասկանաք, թե որքան գումար խնայել և ներդրումներ կատարել:
Բյուջեի սահմանման պարզ կանոն, որին կարող եք հետևել, եթե չունեք ձեզ հարմար ավելի լավ տարբերակ.

• 50% կենսական կարիքների համար (անշարժ գույք վարձակալման գումար, կոմունալ ծառայություններ, մթերք և այլն)
• 30% առօրյա ցանկությունների համար (ժամանց, հոբբի)
• 20% խնայողությունների և ներդրումների համար
Հետևելով այս մեթոդին կարող եք վստահ լինել, որ առաջնահերթ ծախսերը բաժանում եք երկրորդականներից, ինչպես նաև սահմանված չափով գումար եք առանձնացնում ներդրումների համար։
3. Սկսեք խնայել
Ներդրումներ կատարելուց առաջ կարևոր է ունենալ բավարար խնայողություններ անսպասելի և չնախատեսված ծախսերի համար: Փորձեք ստեղծել 3-6 ամսվա պահուստային ֆոնդ, որը կբավարարի կենսապահովման ծախսերի համար: Այդ գումարը կծառայի որպես անվտանգության բարձիկ՝ աշխատանքի կորստի, առողջական անհետաձգելի ծախսերի կամ այլ չնախատեսված հանգամանքների դեպքում:
Դուք կարող եք բացել բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվ՝ ձեր խնայողությունները անձեռնմխելի պահելու և լրացուցիչ եկամուտ ստանալու համար:
4. Սկսեք պարզ ներդրումներից
Եթե ձեր առաջին ներդրումն եք կատարելու, ապա ավելի լավ է սկսել բաժնետոմսերից և պարտատոմսերից: Դա անելու ամենահեշտ ձևն ինդեքսային հիմնադրամներում, բանկերում կամ ETF-ներում ներդրումներ կատարելն է:

5. Համբերատար եղեք
Ամեն օր ներդրումային պորտֆելը ստուգելը, թեև գայթակղիչ է, բայց փորձեք խուսափել էմոցիոնալ որոշումներ կայացնելուց։ Շուկան ունի վերելքներ և անկումներ, բայց գլխավորը նպատակների վրա կենտրոնացած մնալն է։
Ներդրումային աշխարհում տարածված արտահայտություն կա․ «Շուկայում ժամանակն ավելի կարևոր է, քան շուկայի ժամանակացույցը»։ Ներդումներ կատարելիս՝ մտապահեք այդ միտքը։
Եզրակացություն
Ներդրումներ կատարելու առաջին քայլերը պարտադիր չէ, որ բարդ լինեն կամ մեծ գումար պահանջեն: Ամեն ինչ սկսվում է փոքր, հետևողական քայլերից: Սկսեք կանոնավոր խնայողությունից, ստեղծեք «շտապ օգնության» սեփական հիմնադրամ, ապա ներդրումներ կատարեք մատչելի բաժնետոմսերում: Ժամանակի ընթացքում ձեր գումարը կաճի և կօգնի հասնել ձեր ֆինանսական նպատակներին:

Հիշեք, որ սկսելու լավագույն ժամանակը երեկ էր, բայց այսօր էլ դեռ ուշ չէ:
Իսկ սկսելու համար կարող եք նախ բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և կատարել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Կարդացե՛ք նաև.