Դեռևս 2000 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը Կառավարության կողմից ճանաչվել է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Հայաստանում այս ոլորտը խթանելու համար պետության հիմնական գործիքը ՏՏ հավաստագիրն է։
Ի՞նչ է ՏՏ հավաստագիրը
ՏՏ հավաստագիրը տնտեսվարող սուբյեկտներին նվիրում է մի շարք հարկային արտոնություններ: Ծրագիրը ՀՀ-ում սկսվել է բավականին վաղուց և գործելու է առնվազն մինչև 2024թ. ավարտը, բայց հաշվի առնելով ոլորտի զարգացման ներկա փուլը, սպասվում է, որ այս ծրագիրը դեռ կերկարաձգվի, ինչպես մի քանի տարի առաջ:
Որո՞նք են ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները
ՏՏ ոլորտին տրամադրվող հարկային արտոնությունները բավականին շոշափելի են, հատկապես ստարտափների համար, որոնց համար նախատեսված է աշխատողների աշխատավարձերի եկամտային հարկի սահմանում 10%-ի չափ՝ 20%-ի փոխարեն:
Նախկինում, ՏՏ հավաստագիր ունեցող ընկերությունները ազատվում էին նաև շահութահարկից, բայց 2024 թվականից այս արտոնությունն այլևս չի գործում:
Երբ գործը հասնում է հարկային արտոնություններին, ամեն ինչ պահանջում է առավելագույն համապատասխանություն օրենքին, որը տվյալ դեպքում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն է՝ ընդունված 2014թ. դեկտեմբերի 17-ին:
Ո՞ր կազմակերպություններն են օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին օրենքից
Վերոնշյալ օրենքը սահմանում է նաև, թե գործունեության որ տեսակներն են ենթակա պետական աջակցության.
ա. ծրագրային ապահովման մշակում,
բ. խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում,
գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն,
դ. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն,
ե. վեբ-պորտալների հետ կապված գործողություններ,
զ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում,
է. էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում:
Նշված գործունեության տեսակի մանրամասն նկարագրերը ևս կարելի է գտնել օրենքում՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետում:
Ո՞վ կարող է ստանալ ՏՏ հավաստագիր
Բնականաբար, հարկային արտոնությունները հենց այնպես չեն տրվում, դրա համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պահանջների: Սկսենք ամենապարզից՝ կազմակերպաիրավական ձևից: Մեծ հաշվով, արտոնությունը հասանելի է ՀՀ-ում պետական գրանցում ստացած բոլոր տեսակի առևտրային կազմակերպություններին՝ որոշ բացառություններով.
Որպեսզի պետական աջակցությունը ստանան ոչ թե ոլորտի գիգանտները, այլ հենց ստարտափները, կա պահանջ, որ հավաստագիր ստացող ընկերությունն ունենա ոչ ավել, քան 30 աշխատակից: Պահանջների ցանկն իրականում ավելի ընդարձակ է ու խառնիճաղանջ, հենց դրա համար այդ կետերը ներկայացնում ենք նույն կերպ, ինչպես օրենքի մեջ է, և դրանք պետք է կարդալ առանձնահատուկ ուշադիր՝
1) ստեղծվել են բացառապես վերոնշյալ ցանկով /ա-է/ սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.
2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.
3) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.
4) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում նույն արտոնությունից օգտվելու համար հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.
5) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.
6) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.
Ո՞վ չի կարող ստանալ ՏՏ հավաստագիր
1) Հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և (կամ) դիմելու պահին հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած(իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից.
2) հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.
3) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության, կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության 20 և ավելի տոկոս բաժնեմասը:
Վերոնշյալ պահանջների մեծ մասին անհրաժեշտ է բավարարել ոչ միայն հավաստագիրը ստանալուց առաջ, այլև դրա գործունեության ընթացքում՝ արտոնություններից չզրկվելու համար: Մասնավորապես, պետք է հաշվի առնել, որ՝
- Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:
- Մինչև 30 աշխատակից ունենալու պահանջը գործում է հավաստագրի գործողության ամբողջ ընթացքում, իսկ եթե ձեր աշխատանքը այլևս հնարավոր չէ կատարել 30 աշխատակցով, ապա շնորհավորում ենք՝ ձեր գործերը լավ են, դե ուրեմն սկսեք հարկեր վճարել առանց արտոնությունների:
- Հավաստագրված անձինք նաև պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել վերոնշյալ՝ 2-5-րդ մասերում նշված պահանջները:
- Բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի՝ չի կարելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել իրենց՝ պետական աջակցության ենթակա գործունեության արդյունքները կամ այլ կերպ ասած՝ իրենց արտադրանքը/ծառայությունները:
Ինչպե՞ս ստանալ ՏՏ հավաստագիր
Եթե վերը նշված բոլոր պայմաններին բավարարում եք՝ կարելի է դիմել: Էլեկտրոնային ստորագրությամբ դիմում-հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
1. Ներբեռնել դիմում-հայտերի ձևաթղթերը։
2. Լրացնել դիմում-հայտը։
3. Լրացված փաստաթղթերը վերափոխել PDF ձևաչափի։
4. PDF ձևաչափով դիմում-հայտերը ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ։
5. Ներկայացնել դիմում-հայտերը [email protected] էլեկտրոնային հասցեին:
6. Միաժամանակ դիմում-հայտերի ձևաթղթերը լրացնելու ժամանակ առաջնորդվել ՀՀ կառավարության թիվ 312-Ն որոշմամբ, որը փաստացի գործընթացի ընդհանուր կանոնակարգն է:
Փաստաթղթերի ցանկ և ձևանմուշներ
- Դիմում-հայտ
- Հավաստագիր ստանալու դիմում
- Գործունեության տեսակների վերաբերյալ հայտարարություն
- Հայտարարություն իրավաբանական անձի իրավական կարգավիճակի մասին
- Տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների և աշխատողների անունների, ազգանունների մասին
- Տեղեկանք կանոնադրական կապիտալում մասնակցության մասին
- Հայտարարություն հավաստագրվող անձի կանոնադրական կապիտալում օրենքով սահմանված անուղղակի մասնակցության մասին
Չնայած բավականին ծավալուն և մանրամասն պահանջների՝ հավաստագիր ստանալու համար դիմելն իրականում շատ բարդ չէ, շատ ընկերություններ իրենք են կատարում ամեն ինչ: Շատ տարածված է նաև աութսորսը, երբ այս գործառույթը վստահում են մասնագիտացված խորհրդատվական ընկերությունների: Նման ծառայություն մատուցում է նաև Team2B-ն:
Դե ինչ, հիմա արդեն Դուք ունեք ամբողջ տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է հավաստագիրը ստանալու և Ձեր ընկերության անունն այս ցանկում ավելացնելու համար։
ՏՏ արտոնագիր ստանալը մեկ խնդիր է, պահպանելը՝ մեկ այլ։ Հետևեք մեզ, հաջորդիվ կպատմենք, թե ինչպես հանկարծ անզգուշաբար չզրկվել ՏՏ հավաստագրից։