How2b-ն շարունակում է ներկայացնել այն կանանց, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գյուտերի հեղինակներ են, սակայն քչերը գիտեն նրանց մասին:
Մեքենան կկարողանա գրել երաժշտություն, նկարներ նկարել, կփոխվի դրա էությունն ու նշանակությունը։ Այսպիսին էին համակարգչային առաջին ծրագրավորող Ադա Լավլեյսի պատկերացումները հաշվիչ մեքենաների ապագայի մասին։
1815թ դեկտեմբերի 10-ին Անգլիացի նշանավոր բանաստեղծ Ջորջ Բայրոնի ընտանիքում լույս աշխարհ եկավ Ավգուստինա Ադան, նույն ինքը՝ Ադա Լավլեյսը, ում վիճակված էր դառնալ պատմությանը հայտնի առաջին ծրագրավորողը:
Ադա Լավլեյսը անգլիացի հրաշալի մաթեմատիկոս էր, ծրագրավորող, բանաստեղծ, ճարտարագետ, գրող և թարգմանիչ: Նա՝ դառնալով համակարգչային առաջին ծրագրավողը, գիտական մի ամբողջ ճյուղի հիմքը դրեց: Լավլեյսը նաև հայտնի է իր նախագծած թռչող սարքով՝ ստանալով «կիսաշրջազգեստով Միքելանջելո» անունը։
Ադա Լավլեյսի գյուտը
Ադա Լավլեյսը դեռևս 19-րդ դարում կարողացել է կանխատեսել հաշվիչ մեքենայի յուրահատկություններն ու անսահման հնարավորությունները: Նա է ստեղծել Չարլզ Բեբիջի թվային համակարգչի նախատիպի համար առաջին ծրագիրը:
Ամեն ինչ սկսվեց 1832 թվականին, երբ 17-ամյա Ադան ծանոթացավ մաթեմատիկոս և գյուտարար Չարլզ Բեբիջի հետ, ով գրեթե ավարտել էր իր նախագծած հաշվիչ մեքենայի հաշվարկներն ու սկսել էր կառուցել աշխարհում առաջին հաշվիչ մեքենան:
Բեբիջի խնդրանքով՝ Ադան ֆրանսերենից անգլերեն պետք է թարգմաներ հաշվիչ մեքենայի մասին նրա դասախոսության տեքստը: Սակայն, Ադան դրան կցեց 54 էջանոց սեփական մեկնաբանությունները, որոնք երեք անգամ գերազանցում են բուն տեքստը:
Իր դիտարկումներում Ադան նշում է, որ սարքը կարող է ինքնուրույն հաշվարկել անհայտ գործառույթ` առանց մարդու կողմից նախնական հաշվառման: Նա նկարագրում է, թե ինչպես կարելի է սարքի կիրառման ժամանակ թվերին զուգահեռ նաև տառեր ու նշաններ կիրառել: Նա ներկայացնում է նաև աշխատանքային մի մեթոդ, երբ սարքերը կրկնում են բազմաթիվ ցուցումներ: Այդ գործընթացը նման է համակարգչային ծրագրերի կողմից կիրառվող looping-ին:
Իր նկարագրություններում Ադան կիրառում է այնպիսի տերմիններ, որոնք պիտի շրջանառության մեջ մտնեին շուրջ մեկ դար անց՝ 1950-ական թվականներին: Օրինակ՝ «ցիկլ», «աշխատանքային բջիջ», «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր» տերմինները:
«Մեքենայի էությունն ու նշանակությունը կփոխվի՝ կախված այն բանից, թե ինչ տեղեկություն կներդնենք նրա մեջ: Մեքեան կկարողանա գրել երաժշտություն, նկարներ նկարել և գիտությանը ցույց կտա այնպիսի ուղիներ, որոնց մասին չենք էլ երազել»,- գրել է նա:
Ադայի մեկնաբանություններով ու առաջարկներով հոդվածը տպագրվում է 1843-ին՝ Անգլիայի գիտական ամսագրերից մեկում: Հենց այս աշխատանքի համար էլ նա համարվում է համակարգչային առաջին ծրագրավորողը:
Մանկություն
Ավգուստինա Ադա Լավլեյսը բանաստեղծ Ջորջ Բայրոնի և նրա կնոջ՝ Աննա Իզաբելլայի միակ դուստրն էր: Հայրը առաջին ու վերջին անգամ դստերը տեսել է ծնվելուց մեկ ամիս անց՝ կնոջն ապահարզան տալու նպատակով նրան այցի եկած ժամանակ:
Ամուսնալուծությունից հետո մաթեմատիկայով հրապուրված Ավգուստայի մայրը փոխում է աղջկա անունը՝ նրան վերանվանելով Ադա: Նա տնից հանում է գրականությանն ու պոեզիային առնչվող գրքերը և աղջկան մաթեմատիկա դասավանդելու համար վարձում է ժամանակի անվանի մաթեմատիկոսներ Ավգուստ դը Մորգանին և Սոմմերվիլլիին:
Ամուսնություն
20 տարեկանում Ադային ամուսնացնում են 29-ամյա բարոն Ուիլյամ Կինգի հետ, որը շուտով ժառանգում է լորդ Լավլեյս տիտղոսը: Դա երջանիկ ամուսնություն էր: Զույգը երեք զավակ է ունենում: Լորդ Լավլեյսը սիրում էր կնոջը և ըմբռնումով մոտենում նրա նախասիրություններին, մաթեմատիկայի նկատմամբ նրա սիրուն: Նա դեմ չէր կնոջ գիտական ուսումնասիրություններին և հնարավորինս աջակցում էր նրան:
Ժամանակակիցների նկարագրությամբ՝ Ադա Լավլեյսը գեղեցիկ էր, կանացի, նրբագեղ ու սուր մտքով: Նա մաթեմատիկայի և գիտական թեմաների շուրջ քննարկումների ժամանակ գերազանցում էր նույնիսկ Քեմբրիջի եւ Օքսֆորդի ուսանողներին: Նա կարողանում էր ըստ արժանվույն ներկայանալ բարձր հասարակությանը, սակայն ավելի մեծ պատրաստակամությամբ էր շփվում գիտնականների, փիլիսոփաների ու գրողների հետ:
Մահ
Ադա Լավլեյսը մահացել է՝ 1852թ.-ի նոյեմբերի 12-ին՝ 36 տարեկան հասակում՝ երկու տարի ծանր հիվանդությունից հետո: Ճիշտ նույն տարիքում էլ մահացել էր Հայրը, Ջորջ Բայրոնի, որին այդպես էլ նա չտեսավ։ Այնուամենայնիվ, նրան հողարկավորում են տոհմական գերեզմանոցում՝ հոր կողքին։
Հետաքրքիր փաստեր
- Վաղ ծրագրավորման լեզու «Ադա»-ն անվանակոչվել է Ադա Լավլեյսի պատվին։ 1975-ին ԱՄՆ Պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը, համընդհանուր ծրագրավորման լեզու ընտրելիս, նախագծում ընդգծված աշխատակիցների առաջարկով, ծանոթանում է Ադա Լավլեյսի գիտական աշխատությանն ու առանց վարանելու ընդունում այն և անվանում՝ «Ադա»
- Աշխարհում ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը նվիրված է Ադա Լավլեյսին՝ որպես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում կանանց ներդրումի օր։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: