Paramount Skydance-ը Warner Bros. Discovery-ն ամբողջությամբ գնելու համար ներկայացրել է $108 մլրդ արժողությամբ առաջարկ՝ մեկ բաժնետոմսի դիմաց առաջարկելով $30։ Այս առաջարկը գերազանցում է Netflix-ի ավելի վաղ արված գործարքի արժեքը մոտ $18 միլիարդով։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Paramount-ի մամուլի ծառայությունը, նոր առաջարկը արվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Warner Bros.-ը համաձայնեց վաճառել իր ստուդիաներն ու HBO Max հարթակը Netflix-ին՝ $82,7 միլիարդով։
Netflix-ի գործարքը ներառում է միայն կինոստուդիաներն ու հոսքային ծառայությունը՝ $27,75 մեկ բաժնետոմսի դիմաց, մինչդեռ Paramount-ի առաջարկը վերաբերում է ամբողջ Warner Bros. Discovery ընկերությանը, ներառյալ հանրահայտ հեռուստաալիքները՝ CNN, TNT Sports և Discovery։
«Մենք գտնվում ենք Ուոլ Սթրիթում, որտեղ կանխիկ գումարն է որոշում ամեն ինչ։ Վստահ ենք, որ մեր առաջարկը տեսնելուց հետո բաժնետերերը այն կընդունեն»,-նշել է Paramount-ի գլխավոր գործադիր տնօրեն Դևիդ Էլիսոնը։
Ընկերությունը նաև ընդգծում է, որ իրենց գործարքն ավելի մեծ շանսեր ունի ստանալու կարգավորող մարմինների հավանությունը։
Warner Bros. Discovery-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ կքննարկի Paramount-ի առաջարկը, սակայն դեռևս չի պատրաստվում փոխել իր հանձնարարականը՝ կապված Netflix-ի հետ գործարքի հետ։
Paramount-ն այս գործարքի իրականացման համար ֆինանսավորում է ապահովել Մերձավոր Արևելքի սուվերեն ներդրումային ֆոնդերից և Affinity Partners ընկերությունից, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին։
Reuters-ի տվյալներով՝ Դևիդ Էլիսոնի հայրը՝ միլիարդատեր Լարի Էլիսոնը, ով նաև Oracle-ի խորհրդի նախագահն է, սերտ կապեր ունի Սպիտակ տան հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Netflix-ի գործարքը կարող է խնդիրներ առաջացնել՝ հաշվի առնելով հոսքային հարթակի շուկայում ունեցած խոշոր բաժինը։
Նոր առաջարկի հրապարակման ֆոնին Paramount-ի և Warner Bros. Discovery-ի բաժնետոմսերը աճել են համապատասխանաբար 7% և 5%-ով, մինչդեռ Netflix-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 4%-ով։
Հնարավոր զարգացումների դեպքում՝
- Եթե Warner Bros.-ը չեղարկի Netflix-ի հետ գործարքը, ստիպված կլինի վճարել $2,8 միլիարդ փոխհատուցում։
- Եթե գործարքը չստանա կարգավորող հաստատությունների համաձայնությունը, ապա հենց Netflix-ը կվճարի Warner Bros.-ին մինչև $5,8 միլիարդ։











