Nvidia ընկերությունը 2 միլիարդ դոլար է ներդրել չիպերի նախագծման համար ծրագրային ապահովում մշակող Synopsys-ի բաժնետոմսերում՝ ձեռք բերելով դրանք մեկ բաժնետոմսի դիմաց 414.79 դոլար արժեքով։ Ընկերությունները հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որը նպատակ ունի արագացնել և առավել ճշգրիտ դարձնել նոր պրոդուկտների նախագծման, մոդելավորման և փորձարկման գործընթացները՝ միաժամանակ նվազեցնելով ծախսերը։
Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը գործարքը որակել է որպես նշանակալի իրադարձություն, որը կոչված է հեղափոխելու նախագծման և ինժեներական աշխատանքների ոլորտը։ Synopsys-ի գլխավոր տնօրեն Սասին Ղազին իր հերթին նշել է, որ Nvidia-ի հետ համագործակցության շնորհիվ աշխատանքները, որոնք նախկինում պահանջում էին շաբաթներ, այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը մի քանի ժամում։
Nvidia-ն շարունակում է մնալ արհեստական բանականության ոլորտի զարգացման հիմնական շահառուներից մեկը, քանի որ ընկերության գրաֆիկական պրոցեսորները (GPU) առանցքային դեր են խաղում ԱԲ մոդելների ստեղծման և ուսուցման գործում։ Հատկանշական է, որ վերջերս ընկերությունը դարձել է պատմության մեջ առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հատել է 5 տրիլիոն դոլարի սահմանագիծը, իսկ եռամսյակային հասույթը գրանցել է ռեկորդային աճ՝ հասնելով 57 միլիարդ դոլարի։











