Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է նոյեմբերը. պետական պարտատոմսերի շուկայում գրանցվել է 109% աճ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հրապարակել է 2025 թվականի նոյեմբեր ամսվա շուկայական տվյալները: Պարտատոմսերի շուկայում նկատելի ակտիվություն է գրանցվել: Մասնավորապես՝ պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43.4 մլրդ դրամի պարտատոմս: Երկրորդային շուկայում իրականացվել է 86 գործարք՝ ավելի քան 28.2 մլրդ դրամ ծավալով, ինչը 109%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ևս արձանագրվել է աճ: Առևտրի ծավալը կազմել է ավելի քան 11.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճելով 26%-ով: Հաշվետու ամսում կնքվել է 1,159 գործարք, իսկ շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը ամսվա վերջի դրությամբ կազմել է 165: Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 60 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 463.4 մլրդ դրամ, ինչը 10.6%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է շուրջ 4.2 մլրդ դրամ (37 գործարք): Զամբյուղային ռեպո հարթակում, որի տվյալները հասանելի են 2025թ. ապրիլից, կնքվել է 9 գործարք՝ ավելի քան 15.6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում ավելի քան 3.3 մլրդ դրամ ծավալով, իսկ կնքված գործարքների միջին գինը կազմել է 382.03 դրամ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները