Հայաստանում կկառուցվի $500 մլն արժողությամբ AI գործարան

Վերջին լուրերը
Հայաստանում կկառուցվի $500 մլն արժողությամբ AI գործարան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Firebird ամերիկյան AI ամպային հարթակը, ՀՀ կառավարությունը, NVIDIA տեխնոլոգիական ընկերությունը և Team Group-ը համատեղ հայտարարեցին Հայաստանում խոշորածավալ ներդրումային ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում կկառուցվի արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը։ Նախագիծը՝ Stargate անունով, հիմնված է պետական-մասնավոր համագործակցության մոդելի վրա և ունի $500 մլն արժողություն։

Ըստ հայտարարության՝ նախագիծը կիրականացվի մի քանի փուլով, որի ընթացքում կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell սերնդի GPU-ներ՝ նախատեսված բարձր արդյունավետությամբ AI մշակման համար, ինչի արդյունքում կձևավորվի ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածք՝ նախատեսված AI հաշվարկային ուժի կենտրոնացման համար։

Համագործակցության նպատակն է խթանել տեխնոլոգիական նորարարությունը տարածաշրջանում և Հայաստանը վերածել Կովկասի՝ AI լուծումների հիմնական կենտրոններից մեկի։ Նախագիծը կգործարկվի 2026 թվականին։

Տեղեկությունը հաստատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Սա հնարավորություն է ոչ միայն նոր տեխնոլոգիաներ ներմուծելու, այլև խթանելու տեղական գիտական և ինժեներական ներուժը։ Stargate նախագիծը նաև տնտեսական զարգացման գործիք կարող է դառնալ՝ ներգրավելով նոր գործընկերների և բարձրացնելով Հայաստանի դիրքը միջազգային տեխնոլոգիական քարտեզում», — նշել է Մխիթար Հայրապետյանը իր Linkedin-ի էջում։

Stargate ծրագիրը հանդիսանում է տեխնոլոգիական ենթակառուցվածքի զարգացման խոշորագույն նախաձեռնություններից մեկը Հայաստանում։ Նախագիծը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մասնավոր ոլորտի ընկերությունների, այնպես էլ կրթական և գիտական հաստատությունների համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային համագործակցությանը և ներդրումային հետաքրքրության աճին։

Team ընկերությունների խումբը, կառավարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Team Telecom Armenia և իռլանդական Imagine Broadband ընկերություններն ու հանդիսանալով վրացական SkyTel ընկերության բաժնետեր, կծառայեցնի իր փորձագիտական ռեսուրսներն ու տարածաշրջանում կապի եզակի ենթակառուցվածքները մեր երկրում այս հսկայածավալ նախագիծը կյանքի կոչելու նպատակով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները