Apple-ը մշակում է տեխնոլոգիա, որը թույլ կտա չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ առանց մաշկը ծակելու։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների, արտադրողն արդեն զգալի առաջընթաց է գրանցել E5 նախագծի հետ կապված և, ի վերջո, մտադիր է օգտագործել մշակումներն Apple Watch-ի համար։ Տեխնոլոգիան սմարթ ժամացույցների հետ ինտեգրելու համար դեռ ժամանակ կպահանջվի, սակայն նման համակարգի ավելացումը ընկերության կրելի սարքերը շատ հավանական ընտրություն կդարձնի շաքարային դեաբետով տառապող միլիոնավոր մարդկանց համար:
Ավելին, այն կամրապնդի ընկերության դիրքերը առողջապահական լուծումների շուկայում։ Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում յուրաքանչյուր տասերորդ մարդը տառապում է շաքարային դիաբետով, սակայն մինչ այժմ նրանք ստիպված են եղել օգտագործել միայն մաշկը ծակող սարքեր՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար։
Նախագծի վրա աշխատում են Exploratory Design Group-ի (XDG) հարյուրավոր ծրագրավորողներ. սա ընկերության ամենագաղտնի նախաձեռնություններից մեկն է:
Վերջին 10 տարիների ընթացքում Apple-ը գլյուկոզայի մոնիտորինգի տեխնոլոգիան փորձարկել է հարյուրավոր մարդկանց վրա։ Ենթադրվում է, որ այժմ տեխնոլոգիան գտնվում է ստուգման փուլում, և մասնագետներն աշխատում են սարքի չափսերն ավելի կոմպակտ դարձնելու վրա։ Այն ամենայն հավանականությամբ կլինի iPhone-ի 1/2-ի չափ և նախատեսված կլինի օգտատիրոջ երկգլուխ մկանի (բիցեպս) վրա ամրացնելու համար։
Աղբյուրը նշում է, որ ընկերությունն այս տեխնոլոգիան փորձում է մշակել դեռ սկսած 2010-ից՝ Սթիվ Ջոբսի ղեկավարման ժամանակից և արդեն միլիոնավոր դոլարներ է ծախսել այն կյանքի կոչելու համար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։