«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Մասնավորապես, թողարկվում է  1,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով ընդհանուր 15,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն «Ալֆա-ֆարմ»-ն ուղղելու է կապիտալ ծախսերի իրականացմանը:  

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ  է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 11․3% (12 ամիս վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 5 հատ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։  Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է  2025թ. դեկտեմբերի 10-ին  և  ավարտվելու է 2026թ. փետրվարի 11-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։

Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնում են, որ «Ալֆա-ֆարմ»-ի գործունեության առաջնահերթություններից է առողջության պահպանման նախաձեռնությունների ուղղությամբ շարունակական ներդրումների իրականացումը`  բնակչությանն առաջարկելով նորարարական լուծումներ ու ապահովելով մատուցվող ծառայությունների բարձր որակ:  Դեղատնային ցանցերն առողջապահական համակարգի առանցքային օղակներից են, որոնք ոչ միայն ապահովում են անհրաժեշտ դեղորայքն ու այլ պարագաները, այլ նաև սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեն ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից։

«Ալֆա-ֆարմ»-ի պարտատոմսերի հրապարակային առաջարկը նշանավորում է մեր ընկերության զարգացման նոր փուլի մեկնարկը և հիմնված է ընկերության շահութաբերության, կանխիկի կայուն հոսքերի, արդյունավետ բիզնես մոդելի, տեխնոլոգիական նորարարությունների և շուկայում առաջատար դիրքի վրա։ Մեր մրցակցային առավելությունները թույլ են տալիս վստահությամբ մուտք գործել Հայաստանի կապիտալի շուկա՝ ներդրողներին առաջարկելով մասնակցել ընկերության ռազմավարական ծրագրերի ֆինանսավորմանը` գրավիչ պայմաններով։ Վստահ ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը կնպաստի ընկերության աճին և մեր առաքելության իրագործմանը՝ աջակցելու Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը»,- նշել է «Ալֆա-ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը։

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Առաջնային տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։


«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի թիվ 1/429 Ա որոշմամբ: 

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում:

Կարդացեք նաև՝

Ու՞ր ներդնել․ պարտատոմսերի առաջարկներ հայկական շուկայում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները