Մինչև 2030 թվականը Հայաստանում նախատեսվում է ընդլայնել ԿԳՄՍ նախարարության և FAST հիմնադրամի համատեղ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որի շնորհիվ ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 85% հնարավորություն կունենա ստանալ որակյալ գիտելիքներ ԱԲ ոլորտում։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված «Արհեստական բանականությունը և կրթության ապագան» միջոցառման ընթացքում։
Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի շնորհիվ հազարավոր շրջանավարտներ կդառնան ոչ միայն ԱԲ գործիքների օգտագործողներ, այլև դրանց ստեղծողներ ու նորարարներ։ Նա ընդգծեց, որ նման նախաձեռնությունները Հայաստանում դիտարկվում են ոչ միայն որպես ընթացիկ բարեփոխումների մաս, այլև որպես կրթական համակարգի զարգացման կարևոր հիմքեր։
Փոխնախարարը որպես հաջողված օրինակներ նշել է պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ FAST հիմնադրամի, Synopsys Armenia ընկերության և TUMO կենտրոնի հետ։
Հավելել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, կարող է դառնալ յուրօրինակ «լաբորատորիա» խոշոր պետությունների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է արդյունավետ ինտեգրել ԱԲ-ն կրթական համակարգում։











