OpenAI-ը հայտարարել է, որ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) գաղտնի կարգով ներկայացրել է S-1 գրանցման հայտը, որը նախնական քայլ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկի (IPO) իրականացման համար։
Ընկերությունը նշել է, որ առայժմ չի որոշել բորսա դուրս գալու ժամկետները և չի բացահայտել առաջարկվող բաժնետոմսերի քանակը կամ դրանց գինը։ OpenAI-ի ղեկավարությունը հայտարարել է, որ դեռևս գնահատում է մասնավոր ընկերություն մնալու և հրապարակային դառնալու տարբերակների առավելություններն ու ռիսկերը։
Ըստ Reuters-ի և Wall Street Journal-ի՝ OpenAI-ի IPO-ն կարող է տեղի ունենալ արդեն 2026 թվականի աշնանը, իսկ որոշ աղբյուրներ նշում են սեպտեմբերը որպես հնարավոր ժամկետ։
2026 թվականի գարնանը կայացած վերջին ներդրումային փուլում OpenAI-ի գնահատականը հասել էր մոտ 852 միլիարդ դոլարի, ինչի շնորհիվ ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկ մասնավոր տեխնոլոգիական ընկերություններից մեկը։
Հետաքրքիր է, որ OpenAI-ի գլխավոր մրցակիցը՝ Anthropic-ը, նույնպես հունիսի սկզբին SEC-ին գաղտնի ներկայացրել էր IPO-ի փաստաթղթերը՝ ազդարարելով արհեստական բանականության ոլորտի խոշոր խաղացողների մուտքը հանրային շուկաներ։
Եթե OpenAI-ի տեղաբաշխումը կայանա, այն կարող է դառնալ տեխնոլոգիական ոլորտի պատմության ամենախոշոր IPO-ներից մեկը։












