Հայաստանի բանկային համակարգը 2026-ի առաջին եռամսյակում

Վերջին լուրերը
Մերի Խաչատրյան
Մերի Խաչատրյան
Ինչո՞վ պետք է զբաղվի ֆինանսիստը, ում մոտ նաև գրելն է ստացվում։ Բարդ մաթեմատիկական հաշվարկից հետո հասկացա, որ պատասխանը ֆինանսական լրագրությունն է ու այժմ երջանիկ եմ։

2026 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի բանկային համակարգի համար շուկայական դիրքերի էական վերաբաշխման ժամանակահատված է եղել։ Համակարգը կայուն է. ընդհանուր ակտիվները հասել են 12.14 տրիլիոն դրամի՝ արձանագրելով 2.7% աճ։ Վարկային ընդհանուր պորտֆելը 2.2%-ով (7.4 տրիլիոն դրամ) նվազել է` պայմանավորված առանձին բանկերի կտրուկ տրանսֆորմացիայով, բայց սեկտորի մնացած մասում դիտվում է վարկավորման տեմպերի արագացում։ Համակարգի ընդհանուր զուտ շահույթը բարձրացել է մինչև 103.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 100.8 մլրդ-ի համեմատ ապահովելով 2.6% աճ։

Շուկայի շահութաբերության կառուցվածքն աչքի է ընկնում ծայրահեղ բարձր կենտրոնացվածությամբ. Արդշինբանկն ու Ամերիաբանկը միասին գեներացնում են համակարգի ամբողջ շահույթի ավելի քան 50%-ը։ Զուտ շահույթի առաջատար եռյակում են Արդշինբանկը (33.1 մլրդ), Ամերիաբանկը (19.2 մլրդ) և Ակբա բանկը (7.5 մլրդ)։ 

Հետաքրքիր է, որ եռյակից երկուսը՝ Արդշինբանկն ու Ակբան, արձանագրել են շահույթի որոշակի անկում (համապատասխանաբար -7.3% և -2.4%), մինչդեռ շուկայի ամենաարագ աճող խաղացողը դարձել է Ամիօ բանկը՝ ապահովելով զուտ շահույթի 550% աննախադեպ թռիչք։ Տպավորիչ ցուցանիշներ է գրանցել Արարատբանկը՝ կայուն ակտիվների պայմաններում շահույթն ավելացնելով 64%-ով։ Էվոկաբանկն ու Այդի բանկը շահույթի լուրջ անկում են գրանցել։

Հայաստանի բանկային համակարգը 2026-ի առաջին եռամսյակում

Ակտիվների և շուկայական ազդեցության տեսանկյունից ևս համակարգը խիստ կենտրոնացված է։ Առաջատար եռյակը՝ Արդշինբանկ (2.8 տրիլիոն), Ամերիաբանկ (2.41 տրիլիոն) և Ակբա բանկ (1.09 տրիլիոն), վերահսկում է համակարգի ընդհանուր ակտիվների ավելի քան 52%-ը՝ շուրջ 6.3 տրիլիոն դրամ։ 

Վարկային պորտֆելի առաջատարների շարքում ևս փոփոխություն չկա. Ամերիաբանկը առաջինն է 1.76 տրիլիոն դրամով, որին հաջորդում են Արդշինբանկը՝ 1.55 տրիլիոն, և Ակբա բանկը՝ 651 մլրդ դրամով։ Խոշորների ագրեսիվ քաղաքականությունն արտահայտվում է նաև պորտֆելների աճով. Ամերիաբանկն այն ավելացրել է 90 միլիարդով, իսկ Արդշինբանկը՝ 86 միլիարդով։ 

Առանձնահատուկ դեպք է Ինեկոբանկը, որի վարկային պորտֆելը նվազել է շուրջ 89.5%-ով, սակայն տոկոսային եկամտի աճից կարող ենք ենթադրել, որ միջոցները վերաբաշխվել են այլ տոկոսակիր գործիքներում։

Տոկոսային եկամուտների գծով առաջատար են Արդշինբանկը (35.7 մլրդ), Ամերիաբանկը (32.7 մլրդ) և Ակբա բանկը (17.7 մլրդ)։ Ամերիաբանկն այստեղ դրսևորել է կայուն արդյունավետություն՝ ապահովելով 19% աճ։ 

Պարտավորությունների դաշտում ևս առաջատարները պահպանում են նույն հիերարխիան. Արդշինբանկ՝ 2.34 տրիլիոն, Ամերիաբանկ՝ 2.05 տրիլիոն, և Ակբա բանկ՝ 888 մլրդ դրամ։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները